Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ՀՈՒՆՎԱՐԻ 20-ԻՆ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԷՐ

24.01.2017

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 20-ին Ստեփանակերտում էր: Պատվիրակության կազմում էին ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը և ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը:

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորած պատվիրակության ներկայացուցիչները մասնակցել են Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը, ԼՂՀ դատավորներ և բարձրաստիճան ու պաշտոնատար այլ անձինք:

ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, ողջունելով հյուրերին, նախ շնորհավորել է ԼՂՀ դատական համակարգի ներկայացուցիչներին՝ հոբելյանական օրվա կապակցությամբ, այնուհետև շնորհակալանքի խոսք հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին և ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին՝ ԼՂՀ դատական համակարգի զարգացման և կայացման համար ներդրած ջանքերի և ցուցաբերած հոգածության համար: ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է. «Լինելով իշխանության թևերից մեկը և իրականացնելով սահմանադրությամբ նախատեսված հատուկ լիազորություն՝ արդարադատություն, դատական իշխանությունը գլխավորապես ունի հավասարակշռող դեր, ինքնին դատական համակարգի և դատական իշխանության կայացումն ու ամրապնդումը շատ կարևոր են իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորման վրա հիմնված պետության ստեղծման, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչման ճանապարհին»:

Այնուհետև ԼՂՀ դատական համակարգի ներկայացուցիչներին շնորհավորել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ իր ելույթում ընդգծելով, որ դատական համակարգն իշխանության այն կարևոր օղակներից է, որի գործունեությունից է նաև կախված ժողովրդավարության ուղին բռնած Լեռնային Ղարաբաղի հանրապետության հեղինակությունը, նրա նորմալ կենսագործունեությունն ու քաղաքացիների բարեկեցությունը: «Այդ իսկ պատճառով մեր երկրում հատուկ տեղ է հատկացվում դատական համակարգի շարունակական զարգացմանն ու կատարելագործմանը, դատարանների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և այդ աշխատանքի հանդեպ հասարակական վստահության ամրապնդմանը, դատավորների մասնագիտական պատրաստվածությանն ու արհեստավարժությանը»,- նշել է երկրի ղեկավարը:

Միջոցառման ընթացքում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն աշխատանքում ցուցաբերած արդյունքների համար համակարգի մի շարք աշխատակիցների պարգևատրել է պետական պարգևներով ու արժեքավոր նվերներով: ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր Գայանե Գրիգորյանը պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով:

Այնուհետև ԼՂՀ դատական համակարգի ներկայացուցիչներին շնորհավորանքի խոսք է հղել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: «Բոլորիս երազանքն է ունենալ կայուն, վստահելի, արդյունավետ, կանխատեսելի դատական համակարգ, այդպիսի արդարադատությունը յուրաքանչյուր իրավական պետության կայացման և զարգացման կարևոր նախապայմանն է: Այս համատեքստում առանցքային է յուրաքանչյուր դատավորի և դատական ծառայողի դերակատարումը, ձեր ամենօրյա նվիրված, քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ երկրում հաստատվում է օրինականությունը և ամրապնդվում է մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանությունը»,- իր խոսքում ընդգծել է Արման Մկրտումյանը:

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահն իր հերթին, նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դատական համակարգերի արդյունավետ համագործակցության ամրապնդման գործում ներդրած մեծ ավանդը, ինչպես նաև ԼՂՀ դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ, ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Դատարանների նախագահների խորհրդի պատվոգրով և ՀՀ Վճռաբեկ դատարանի հիմնադրման ոսկե հուշամեդալով, իսկ ԼՂՀ դատական համակարգի մի շարք ներկայացուցիչներ արժանացել են պատվոգրերի:

Նույն օրը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դատական համակարգերի առանձնահատկություններին, 2016 թվականին ունեցած ձեռքբերումներին և հասարակության շրջանում դատական համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված աշխատանքներին, քննարկվել են դատաիրավական ոլորտում  երկու հայկական պետությունների շարունակական համագործակցության կարևորությունը:

Հանդիպման ավարտին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել: