Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՑ

07.02.2017

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

ՀՀ դատարանների կողմից 2016 թվականի ընթացքում քրեական գործերով կայացված (լրիվ կամ մասնակի) արդարացման դատական ակտերի վերաբերյալ

 

ՀՀ դատարանների կողմից կայացվել է 160 դատական ակտ 187 անձի (187:3764*100=5%) վերաբերյալ, որից 140 անձ ձեռք է բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 47 անձ` մասնակի արդարացվածի կարգավիճակ:

 

Վերը նշված թվերի մեջ ներառված են նաև քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումները (8 դատական ակտ` 10 անձի վերաբերյալ), որոնց արդյունքում անձինք ձեռք են բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ:

Հիշյալ 160 դատական ակտերից 71 դատական ակտ (59-ը լրիվ, 12-ը մասնակի)` 76 անձի վերաբերյալ (63-ը լրիվ, 13-ը մասնակի), 2016 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ մտել է օրինական ուժի մեջ:

Համեմատության կարգով նշենք, որ 2015 թվականի ընթացքում ՀՀ դատարանների կողմից կայացվել է 136 դատական ակտ 157 անձի վերաբերյալ, որից 110 անձ ձեռք է բերել լրիվ արդարացվածի կարգավիճակ, իսկ 47 անձ` մասնակի արդարացվածի կարգավիճակ:

Այսինքն, 2015 թվականի համեմատությամբ 2016 թվականին արդարացվածների քանակն աճել է 30-ով (19.1%):

Հիշյալ 187 անձանցից 174-ը (93.1%) արադարացվել են ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից, իսկ 13-ը (6.9%) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից:

 

Բացի այդ, հարկ է նշել, որ ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների կողմից 18 անձի նկատմամբ կայացված լրիվ կամ մասնակի արդարացման դատական ակտերը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանվել են (հիշյալ 18 թիվը ներառված չէ վերը նշված լրիվ կամ մասնակի արդարացված անձանց թվի մեջ):

 

1) Արդարացված անձանց մեղսագրված հանցագործությունները՝ ըստ  ծանրության աստիճանի.

Արդարացված անձանց մեղսագրված հանցագործությունների մեջ առավել շատ տարածված են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններով առաջադրված մեղադրանքների դեպքերը, մասնավորապես` ոչ մեծ ծանրության հանցագործության մեղադրանքով արդարացվել է 41 անձ (21.9%), միջին ծանրության հանցագործության մեղադրանքով` 84 անձ (44.9%), ծանր հանցագործության մեղադրանքով` 38 անձ (20.3%), իսկ առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով` 4 անձ (2.2%):

Բացի այդ, հարկ է նշել, որ առկա են դեպքեր, երբ անձանց առաջադրված է եղել միաժամանակ երկու մեղադրանք, մասնավորապես` ոչ մեծ ծանրության և միջին ծանրության հանցագործություններով` 3 անձ, ոչ մեծ ծանրության և ծանր հանցագործություններով` 1 անձ, միջին ծանրության և ծանր հանցագործություններով` 4 անձ, ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով` 1 անձ:

Արդարացվածներին առավել հաճախ մեղսագրվել են ՀՀ քրեական օրենսգրքի ներքոնշյալ հոդվածներով սահմանված հանցագործությունների կատարում.

- ոչ մեծ ծանրության հանցագործության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (Խուլիգանությունը)` 4 անձ, 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)` 3 անձ,

- միջին ծանրության հանցագործության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական կեղծիքը)` 9 անձ, 177-րդ հոդվածի 2-րդ մասով (Գողությունը)` 8 անձ, 178-րդ հոդվածի 2-րդ մասով (Խարդախությունը)` 8 անձ,

- ծանր հանցագործության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով (Գողությունը)` 9 անձ, 266-րդ հոդվածի 1-ին մասով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը)` 8 անձ,

- առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (Պետական դավաճանությունը)` 1 անձ, 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը)` 1 անձ, 104-րդ հոդվածի 2-րդ մասով (Սպանությունը)` 1 անձ և 311-րդ հոդվածի 4-րդ մասով (Կաշառք ստանալը)` 1 անձ:

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ 11 անձ արդարացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչվելու հիմքով:

 

2) Արդարացվածների տարիքը և սեռը.

Լրիվ և մասնակի արդարացված 187 անձանցից 185-ը (98.9%) հանդիսացել են չափահասներ, իսկ 2-ը (1.1%)` անչափահաս:

Արդարացվածներից 169-ը (90.4%) հանդիսացել են արական սեռի ներկայացուցիչներ, իսկ 18-ը (9.6%)` իգական:

 

3) Արդարացվածների նկատմամբ ընտրված խափանման միջոցները.

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ լրիվ և մասնակի արդարացված 187 անձանց նկատմամբ որպես խափանման միջոց առավել հաճախ ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

 

Այսպես.

Վերը նշված 187 անձանցից 121-ի (64.7%) նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված է եղել ստորագրություն չհեռանալու մասին, 5-ի (2.7%) նկատմամբ` հրամանատարության հսկողության հանձնելը, 2-ի (1.1%) նկատմամբ` ծնողների հսկողության հանձնելը, 11-ի (5.9%) նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել, 48-ի (25.6%) նկատմամբ կալանքը, որից 6-ի (3.2%) նկատմամբ կիրառվել է գրավ:

Այսինքն, փաստացի 42 (22.4%) անձ է գտնվել կալանքի տակ և կայացված վերջնական դատական ակտով լրիվ կամ մասնակի արդարացվել:

 

Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ լրիվ արդարացված 140 անձանցից ընդամենը 14-ի (10%) նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրված եղել կալանավորումը: