Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՆ ԸՆՏՐԵԼ Է 2016 ԹՎԱԿԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ՈՒ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ

13.02.2017

Փետրվարի 10-ին կայացել է ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նախագահությամբ:

Ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս ժողովի ընթացքում մրցանակներ են շնորհվել «Տարվա լավագույն դատավոր» և «Տարվա լավագույն դատարան»  անվանակարգերում:

Նշենք, որ դեռևս 2009թ. փետրվարի 19-ին Ժողովի որոշմամբ՝ դատավորների գործունեությունը խրախուսելու նպատակով սահմանվել է «Տարվա լավագույն դատավոր» և «Տարվա լավագույն դատարան» մրցանակները:

Այդ նպատակով ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը 2017 թվականի փետրվարի 2-ի թիվ 03Լ որոշմամբ ձևավորել է հանձնաժողով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի գլխավորությամբ: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահները և վերաքննիչ դատարանների նախագահները: Հանձնաժողովը, կատարելով համապատասխան ուսումնասիրություններ, ներկայացրել է իր եզրակացությունը:

Այսպիսով, 2016 թվականի «Տարվա լավագույն դատավոր» են ճանաչվել՝

Քաղաքացիական գործեր քննող դատավորներից՝

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Գոռ Թորոսյանը և Անի Մխիթարյանը, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանը և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Միշա Մարտիրոսյանը:

Քրեական գործեր քննող դատավորներից՝

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը:

Վարչական դատարանից լավագույն ցուցանիշներ են գրանցել դատավորներ Կարեն Ավետիսյանը, Լիանա Հակոբյանը, Արման Թովմասյանը, Անի Հարությունյանը, Գրիգոր Առաքելյանը, սակայն, Վարչական դատարանի նախագահի և կոլեկտիվի առաջարկությամբ, հանձնաժողովը որոշել է մրցանակը շնորհել լավագույն հնգյակին և այն հանձնել դատարանի նախագահին:

2016 թվականի «Տարվա լավագույն դատարան» են ճանաչվել Արաբկիր և Քանաքեռ -Ձեյթուն վարչական շրջանների և Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանները: