Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Պատշաճ հայցատեսակը մատնանշելու վարչական դատարանի դատավարական պարտականությունը գործի հարուցման փուլում կատարելու իրավական կառուցակարգը

20.03.2017

Թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով 2017 թվականի մարտի 14-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն անդրադարձել է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող՝ ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու (պատշաճ հայցատեսակը մատնանշելու) վերաբերյալ հայցվորին առաջարկ անելու դատարանի պարտականությունը գործի հարուցման փուլում կատարելու իրավական հնարավորության հարցին:

ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ բոլոր դեպքերում, երբ հայցադիմումի ընդունելիության փուլում առկա են բավարար իրավական հիմքեր առ այն, որ հայցվորը դատարան է դիմել ոչ ճիշտ հայցատեսակով, ապա վարչական դատարանը պարտավոր է գործի քննության հենց այդ սկզբնական փուլում կատարել պատշաճ հայցատեսակը հայցվորին մատնանշելու իր դատավարական պարտականությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ քննարկվող դատավարական գործողությունը գործի հարուցման փուլում կատարվում է հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման միջոցով. մասնավորապես՝ այն դեպքում, երբ հայցադիմումի ընդունելիության փուլում պարզվել է, որ անձի կողմից վարչական դատարան ներկայացված հայցապահանջը ձևակերպված չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հայցի առարկային համահունչ, ապա տվյալ հայցադիմումը ենթակա է վերադարձման՝ որպես բավարար չափով հստակ կամ որոշակի չձևակերպված պահանջ պարունակող հայցադիմում:

 

 

Վարչական գործ թիվ ՎԴ/3804/05/15