Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՆԴԻՍԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՏԱՐԱՐՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

06.05.2017

 2017թ. մայիսի 5

Երևան, Հայաստանի Հանրապետություն

2017թ. մայիսի 5-ին Եվրոպայի խորհուրդը` համագործակցելով Հայաստանի դատական իշխանության և Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության հետ, իրականացրեց միջոցառում, որի նպատակն էր հանդիսավորել Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության  ստեղծումը և քննարկել Հայաստանում հաշտարարության կիրառման հետ կապված մարտահրավերները:

«Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագիրը 2014-2016 թվականների ընթացքում մեծապես նպաստել է Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության ստեղծմանը, որը հաշվառվել է ՀՀ Դատական դեպարտամենտում 2017թ. մարտին:

Բացման խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ Լիլիթ Դանեղյանը և նշեց, որ հաշտարարության ակտիվ կիրառումն Հայաստանում ներկայումս առավել քան կարևոր է: Դատարաններին կից հաշտարարության ակտիվ կիրառման ապագան առավելապես պայմանավորված է դատավորների և հաշտարարների կողմից հաշտարարության խթանմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանն իր խոսքում ընդգծեց, որ ցանկացած զարգացած իրավական համակարգ ունեցող պետության փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անձի իրավական պաշտպանության արդյունավետ իրականացումը հավասարապես իրականացվում է ինչպես դատական պաշտպանության իրացման ճանապարհով, այնպես էլ վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ներդրմամբ: Երվանդ Խունդկարյանը նշեց նաև, որ թե՛ արբիտրաժների կայացումը, թե՛ նոտարների գործունեության կատարելագործումը, և թե առավել ևս՝ հաշտարարների ինստիտուտի կայացումը նախևառաջ բխում է դատավորների շահերից, քանի որ այն միտված է վերջիններիս ծանրաբեռնվածության բեռնաթափմանը:

Երվանդ Խունդկարյանի խոսքով, Հայաստանում հաշտարարությունը (մեդիացիան) բավականին երիտասարդ ինստիտուտ է, (համապատասխան օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ են մտել 2015 թվականի սեպտեմբեր ամսին) և, ըստ վիճակագրական տվյալների, այս ընթացքում գրանցվել է ընդամենը երկու դեպք, երբ դատավորը նշանակել է հաշտարարի, սա խոսում է այն մասին, որ շատ հաճախ հանրությունը բավարար չափով տեղեկացված չէ հաշտարարության գործընթացի դրական հետևանքների մասին: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը կարևորեց նմանատիպ միջոցառումների կազմակերպումը և շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդի գրասենյակին՝ միջոցառման կազմակերպմանն ուղղված ջանքերի համար:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ 2017 թվականին ՀՀ արդարադատության նախարարությունը նախատեսում է շատ անելիքներ հաշտարարության ոլորտում՝ հաշտարարների մասին օրենքի  մշակումից մինչև Հայաստանի  հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության համար շենքային պայմանների ապահովումը:

Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանը նշեց կառույցի կայացման երեք կարևոր նախապայմանները՝ դատական իշխանության աջակցությունը, օրենսդրական կարգավորումները և փաստաբանական համայնքի իրազեկվածությունն ու վերապատրաստումը:  Հայկ Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ դատական իշխանությանը, ՀՀ արդարադատության նախարարությանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակին՝ հետևողական աշխատանքի ու կառույցի աջակցմանն ուղղված քայլերի համար:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց հաշտարարության ինստիտուտի մասին պատմող Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից պատրաստված անիմացիոն ֆիլմը, բաժանվեցին տեղեկատվական թերթիկներ, իսկ միջոցառման ավարտին փորձագետներն ու հաշտարարները պատասխանեցին դատավորներին հետաքրքրող հարցերին, ինչպես նաև քննարկվեցին Հայաստանում հաշտարարության կիրառությանը նպաստելուն ուղղված առաջարկությունները:

Միջոցառումն ունեցավ հետևյալ արդյունքները՝ 

· այն հնարավորություն ընձեռեց դատավորներին և հաշտարարներին միմյանց հետ տեսակետներ կիսել, և,  ի վերջո, նպաստել հաշտարարության ոլորտի բարեփոխումներին` հաշտարարության կիրառման հետ կապված առկա մարտահրավերները քննարկելու միջոցով,

· որոշվեց Հայաստանում նման միջոցառումներ իրականացնել կանոնավոր կերպով` ներգրավելով նաև հաշտարարության գործընթացի այլ դերակատարներին: