Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Արդյո՞ք աշխատողին աշխատանքից ազատելու մասին անհատական իրավական ակտը ենթակա է անվավեր ճանաչման, եթե այն ուժի մեջ չի մտել, և արդյո՞ք աշխատողը կարող է վերականգնվել իր նախկին աշխատանքում, եթե վեճը լուծելու պահին լրացել է գործատուի և աշխատողի միջև կնքված որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը

26.07.2017

Թիվ ԵԿԴ/3295/02/15 քաղաքացիական գործով 2017 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է հայտնել գործատուի՝ իրավաբանական ուժի մեջ չմտած անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու հնարավորության, ինչպես նաև որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրացած լինելու պայմաններում այլ հիմքով աշխատանքից ազատված աշխատողին աշխատանքում վերականգնելու հնարավորության վերաբերյալ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ օրենքին կամ այլ իրավական ակտերին չհամապատասխանող անհատական իրավական ակտի վիճարկման համար անհրաժեշտ է, որպեսզի այդ իրավական ակտն իրավաբանական ուժի մեջ մտած լինի, ուստի՝ իրավաբանական ուժ չունեցող անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու պահանջը բավարարվել չի կարող:
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գործատուի կողմից աշխատանքային հարաբերությունները չշարունակելու կամքի դրսևորման պայմաններում պայմանագրի լուծման ծանուցման պահանջը չպահպանելու դեպքում պայմանագիրը պետք է համարվի լուծված պայմանագրով սահմանված ժամկետը լրանալու հաջորդ օրը, եթե աշխատանքային հարաբերությունները չեն շարունակվել, մասնավորապես, եթե գործատուն աշխատողին թույլ չի տվել շարունակելու աշխատանքը:
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ եթե գործատուի նախաձեռնությամբ ցանկացած հիմքով աշխատանքային պայմանագրի դադարեցման կամ լուծման վերաբերյալ վեճը լուծելու պահին լրացել է գործատուի և աշխատողի միջև կնքված որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը, ապա նույնիսկ գործատուի կողմից որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը լուծելու մասին ծանուցման օրենսդրական պահանջը չկատարելու պարագայում աշխատողը չի կարող վերականգնվել իր նախկին աշխատանքում` անկախ պայմանագիրը լուծելու հիմքի և կարգի օրինականությունից: Հետևաբար նման պայմաններում, եթե աշխատողին աշխատանքից ազատելն անօրինական է, կիրառելի է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը:

 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3295/02/15