Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Ո՞ր դեպքում ապահովագրական ընկերությունն <<Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին>> ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով 1-ին մասի 2-րդ կետի <<դ>> ենթակետի հիմքով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ապահովադրի) նկատմամբ ունի հետադարձ պահանջի իրավունք

09.01.2018

Թիվ ԱՎԴ/3075/02/15 քաղաքացիական գործով 2017 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է հայտնել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագրում նշված <<լիազորված տիրապետող>> եզրույթի վերաբերյալ: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ իրավահարաբերության ծագման պահին՝ 23.09.2011 թվականի խմբագրությամբ գործող թիվ RL 1-002 կանոնների բովանդակությունից հետևում է, որ ԱՊՊԱ վկայագրի <<Լիազորված տիրապետողներ>> դաշտում նշվում էր այն անձանց ցանկը, ում ապահովադիրը նախատեսում էր վարելու նպատակով տրամադրել ավտոտրանսպորտային միջոցը: Այսինքն՝ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրության իմաստով լիազորված տիրապետողներն այն անձինք են, ում ապահովադիրը նախատեսում էր վարելու նպատակով տրամադրել ավտոտրանսպորտային միջոց:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ավտոմեքենայի՝ որպես մեխանիկական տրանսպորտային միջոցի բնականոն շահագործման ապահովմանը, փաստելով, որ այն ապահովելու նպատակով կարող է առաջանալ ավտոմեքենան տեխնիկական սպասարկման և վերանորոգման ներկայացնելու օբյեկտիվ անհրաժեշտություն, ինչն իրականացվում է ավտոմեքենան որոշակի ժամանակահատվածով համապատասխան մասնագետներին հանձնելու եղանակով: Հետևաբար, նման իրավիճակում ավտոմեքենայի հանձնումը որևէ կերպ չի կարող ենթադրել վարելու լիազորության փոխանցում՝ հաշվի առնելով մատուցվող ծառայությունների բնույթը, այն է՝ վերացնել ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունները կամ մատուցել նմանատիպ այլ ծառայություններ:

Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող կարգավորմամբ նախատեսված <<լիազորված տիրապետողները>> և ավտոմեքենայի տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայություններ մատուցող մասնագետները, իրենց գործառույթների նպատակաուղղվածությունից ելնելով, որևէ կերպ չեն կարող նույնացվել, որպիսի պարագայում ավտոմեքենայի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի մոտ չի կարող ծագել նշված անձանց մասին տեղեկություններ տրամադրելու և նրանց՝ որպես <<լիազորված տիրապետողների>> ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագրերում ներառելու պարտականություն: Հետևաբար՝ դրա չիրականացումը չի կարող որակվել որպես ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին պայմանագիրը կնքելիս ակնհայտ սուտ տեղեկության տրամադրում ապահովագրության ռիսկայնության աստիճանը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքի վերաբերյալ, որպիսի պայմաններում չի կարող ծագել նաև սեփականատիրոջ դեմ հետադարձ պահանջ ներկայացնելու՝ <<Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին>> ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի <<դ>> ենթակետով սահմանված հիմքը:

 

 

 

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/3075/02/15