Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Արդյո՞ք սնանկ ճանաչված պարտապանի հետ պարտավորական հարաբերությունների մեջ գտնվող անձի՝ պարտապանի կողմից ի կատարումն նշված պարտավորության սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջը վճարում կատարելը կարող է համարվել առանց դատարանի որոշման սնանկ ճանաչված պարտապանի կողմից պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի իմաստով

09.01.2018

Թիվ ԵԱՔԴ/0254/02/16 քաղաքացիական գործով 2017 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է հայտնել սնանկ ճանաչված պարտապանի հետ պարտավորական հարաբերությունների մեջ գտնվող անձի՝ պարտապանի կողմից ի կատարումն նշված պարտավորության սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջը վճարում կատարելու հնարավորության վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու պահից պարտապանի պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալու արգելքը վերաբերում է ոչ միայն ուղղակիորեն սնանկ ճանաչված պարտապանի կողմից, այլ նաև վերջինիս պարտապան հանդիսացող անձանց կողմից, ի կատարումն սնանկ ճանաչված պարտապանի հանդեպ ունեցած պարտավորության, սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալուն:

ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ եթե սնանկ ճանաչված պարտապանն ունի իր օգտին կատարման ենթակա պարտավորություններ, այսինքն՝ տվյալ պարտավորություններով պարտատեր է, ապա պարտավորությունների կատարումը հնարավոր է միայն սնանկության վարույթի շրջանակներում, այլ կերպ ասած՝ պարտավորության կատարման արդյունքը պետք է կենտրոնանա սնանկության վարույթում, որպեսզի հետագայում բաշխվի պարտատերերի միջև: Նույն տրամաբանությամբ սնանկ ճանաչված պարտապանի պարտապաններն իրենց պարտավորությունները չեն կարող կատարել հօգուտ սնանկ ճանաչված պարտապանի պարտատերերի՝ շրջանցելով սնանկության վարույթը: Ուստի ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ պարտատերերի պահանջների բավարարման սառեցման (մորատորիումի) ընթացքում պարտապանի կողմից իր ցանկացած պայմանագրային կամ այլ պարտավորություններով պարտատերերին դրամական կամ այլ բավարարում տալու արգելքը վերաբերում է նաև պարտապանի հետ պարտավորական հարաբերությունների մեջ գտնվող այլ անձանց՝ սնանկ ճանաչված պարտապանի պարտապան հանդիսացող անձանց կողմից սնանկության վարույթը շրջանցելով սնանկ ճանաչված պարտապանի պարտատիրոջը դրամական կամ այլ բավարարում տալուն:

 

 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0254/02/16