Home Contacts
Armenian Version English Version


Դատարանի մասին

2010 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն 2010 թվականի դեկտեմբերի մեկից Հայաստանի Հանրապետությունում գործում է Հայաստանի Հանրապետության Վարչական վերաքննիչ դատարանը։

Վարչական վերաքննիչ դատարանը ներկայացված բողոքների հիման վրա վերանայում է Վարչական դատարանի կայացրած դատական ակտերը՝ որոշումները և վճիռները։ Վարչական դատարանի վճիռների դեմ ներկայացված բողոքները Վարչական վերաքննիչ դատարանում քննվում են կոլեգիալ կազմով, իսկ որոշումների դեմ ներկայացված բողոքները՝ միանձնյա, գրավոր ընթացակարգով` առանց դատական նիստ հրավիրելու։
Վարչական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ բողոքները կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարան։

Դատարանը գործում է դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով։ 
Դատարանի նախագահը դատավոր է և ունի հետևյալ լիազորությունները՝
1) ապահովում է Դատարանի բնականոն գործունեությունը,
2) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահության պահպանմանը,
3) հետևում է դատավորների կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը, գործի քննության ժամկետների խախտման վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացնում է դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
4) դատավորի կողմից վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս անհրաժեշտության դեպքում այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողով,
5) դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ,
6) դատավորի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, վերաբաշխում է նրա վարույթում գտնվող գործերը,
7) Դատարանի նախագահի արձակուրդի կամ ժամանակավոր այլ բացակայության դեպքում նշանակում է փոխարինող,
8) վերահսկում է Դատարանի աշխատակազմի գործունեությունը,
9) ներկայացնում է Դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում,
10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ։

Վարչական վերաքննիչ դատարանն ունի աշխատակազմ, որը հանդիսանում է Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումը և ծառայում է ապահովելու համար դատարանի բնականոն գործունեությունը։ Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով, աշխատակազմի կանոնադրությամբ, հիմնադրի որոշումներով (հրամաններով) և այլ իրավական ակտերով։

Դատարանին կարելի է դիմել՝ փաստաթղթերը դատարանի գրասենյակ հանձնելով կամ դրանք փոստի միջոցով առաքելով։
Վարչական վերաքննիչ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է։ 


Հայաստանի Հանրապետության Վարչական վերաքննիչ դատարանի նստավայրն է ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 (Երևանի լամպերի գործարանի հարևանությամբ)։

Հեռախոս՝ (010) 20-11-95

^ to_top