ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՅՑ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱՐԱՆ
12.11.2019

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում օրերս հյուրընկալել էին Գյումրու տարբեր դպրոցների դասարանների մի շարք աշակերտների, որոնց ընդունեց դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը:
Դատարան այցի նախաձեռնությունը «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնինն էր, որի նպատակը բարձր դասարանի աշակերտներին մասնագիտական դասընթացների շրջանակում ապագա մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշելն էր:
Դատարանի նախագահն աշակերտների հետ հանդիպմանը ներկայացրեց իրավաբանություն մասնագիտության առանձնահատկությունները, կարևորեց իրավաբանի՝ որպես մասնագետի օբյեկտիվությունն ու բարձր պատասխանատվությունը, խոսեց դատական համակարգի, դատարանների գործունեության, դատական նիստերի անցկացման կարգի և այլ հարցերի մասին, ինչպես նաև պատասխանեց աշակերտներին հետաքրքրող տարբեր հարցերին:
Գրասենյակի պետ Կարինե Մովսիսյանի ուղեկցությամբ աշակերտները շրջայց կատարեցին դատարանի շենքում, եղան դատարանի նախագահի աշխատասենյակում, նիստերի դահլիճում, ծանոթացան դատարանի աշխատանքի կազմակերպմանը:
Աշակերտների հետ հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Նրանք դատարանից հեռացան տպավորված ու դրական լիցքերով:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
նկարներ