ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ Ո Ր Ո Շ ՈՒ ՄԸ ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԹԻՎ 15 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

24.03.2020

image

Ի ապահովումն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Պարետի 24.03.2020 N 15 որոշման կատարման, ղեկավարվելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածով, Բարձրագույն դատական խորհուրդը ՈՐՈՇԵԼ Է.

մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը՝

1. Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններում տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման միջոցով դատական նիստերի մեկնարկը հայտարարվելուն պես, դատավարության մասնակիցների համաձայնությամբ, դատական նիստերն իրականացնել հեռավար/առցանց՝ բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով:

2. Հանձնարարել Դատական դեպարտամենտի ղեկավարին՝
- ապահովել ՀՀ դատարանների վարչական շենքեր մուտք գործելու դատարանների նախագահների, դատավորների, դատարանների աշխատակազմերի ղեկավարների համապատասխան ցուցումների հիման վրա այն աշխատակիցներին, որոնց աշխատանքի արդյունքում պետք է ապահովվի դատարանների բնականոն գործունեությունը՝ նվազագույնի հասցնելով նրանց թվաքանակը:
- ՀՀ դատարանների (դրանց նստավայրերի) գրասենյակներում սահմանել ամենօրյա հերթապահություն՝ ծանրաբեռնվածության հաշվառմամբ, նվազագույնի հասցնելով հերթապահ աշխատակիցների քանակը.
- Դատական կարգադրիչների ծառայության միջոցով արգելել ՀՀ դատարանների վարչական շենքեր մուտք գործել բոլոր այն անձանց, ովքեր չեն հանդիսանում տվյալ օրը կոնկրետ դատարանում նախապես նշանակված դատական նիստերով դատավարության մասնակիցներ (ներկայացուցիչներ).
- տեխնիկական հնարավորության դեպքում վերացնել իրավասու աշխատակիցների համար «Դատական համակարգ» ծրագրի հասանելիության տարածքային և ժամային սահմանափակումները:

3. Բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ դատարաններին, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին և Դատական դեպարտամենտին հասցեագրված ցանկացած փաստաթուղթ ընդունվելու են էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային փոստի հասցեները կհրապարակվեն լրացուցիչ):
3.1 Դատարանների վարույթում գտնվող գործերի նյութերին ծանոթանալու իրավունքի իրականացումն ապահովել բոլոր հասանելի էլեկտրոնային հավելվածների կիրառման միջոցով:
3.2 ՀՀ դատավորներին առաջարկել ընդունել էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերը՝ հետագայում, ըստ անհրաժեշտության, դրանց բնօրինակները պահանջելու պայմանով:

4. Առաջարկել ՀՀ դատավորներին և դատավարության մասնակիցներին, նախապես համաձայնեցնելով, հետաձգել բոլոր դատական նիստերը՝ բացառությամբ անհապաղ քննության ենթակա գործերի:

 

Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-12-Ո-25 որոշումը

Կիսվել