ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԻՎ ՎԴ/2904/05/20 ԳՈՐԾԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.07.2020

image

Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու հետ կապված վեճը բխում է արդյո՞ք հանրային, թե մասնավոր իրավահարաբերություններից

           

 ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Ստեփանյան) որոշման հիման վրա 01.07.2020թ. որոշմամբ լուծել է թիվ ՎԴ/2904/05/20 գործի ենթակայության հարցը:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը համակարգային վերլուծության է ենթարկել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի վարձակալության հարաբերությունները կարգավորող իրավական նորմերը։ Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն արձանագրել է, որ Երևան քաղաքի սեփականությունը հանդիսացող հողերը կառավարելու և տնօրինելու իրավասությունը վերապահված է Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմիններին՝ Երևանի ավագանուն և Երևանի քաղաքապետին: Երևան քաղաքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը կարող են վաճառվել կամ տրվել քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության կամ օգտագործման իրավունքով վերը նշված մարմինների համապատասխան որոշումների հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և ՀՀ հողային օրենսգրքով սահմանված կարգով։ Ընդ որում, Երևանը՝ որպես համայնք, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով մասնակցում է քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններին, իր իրավասության սահմաններում կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, այդ թվում նաև՝ վարձակալության տրամադրել համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասը։ Դա կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա` օրենքով սահմանված կարգով և եզրափակվում է հողամասի վարձակալության մասին քաղաքացիաիրավական պայմանագրի կնքմամբ։ Վերոգրյալի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը եզրահանգել է, որ Երևան քաղաքին պատկանող հողամասի վարձակալության պայմանագրի կնքման փաստով ծագում են քաղաքացիաիրավական հարաբերություններ, որոնց համայնքը մասնակցում է քաղաքացիական շրջանառության մասնակիցների հետ հավասար հիմունքներով։

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է, որ քաղաքացիաիրավական պայմանագրի կողմերի իրավահավասարության սկզբունքը դրսևորվում է նաև պայմանագրի փոփոխման հարցում, ինչը նշանակում է, որ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության պայմանագրի փոփոխմանն առնչվող իրավահարաբերության բովանդակությունը չի կազմում հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը: Ըստ այդմ, Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության պայմանագրի փոփոխմանն կապակցությամբ ծագած վեճը բխում է մասնավոր հարաբերություններից և ենթակա է քննության ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

Կիսվել

ֆայլեր