Նորություններ

RSS
image

07.10.2020

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑԵԼ Է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻՆ

Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը ևս մասնակցել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաքին:

Բարձրագույն դատական խորհրդի, Դատավորների, Դատական դեպարտամենտի կողմից հավաքագրվել է 22.340.000 ՀՀ դրամ և այսօր փոխանցվել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական հաշվեհամարին՝ ի նպաստ հայրենիքի պաշտպանության և հայոց բանակի հզորացման:

Միևնույն ժամանակ, մեր սատարումն ու անվերապահ աջակցությունն ենք հայտնում մեր պետությանը և կանգնած ենք հայ զինվորի, Հայաստան աշխարհի, Արցախի կողքին:

 

#Հաղթելուենք

image

25.09.2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով Վճռաբեկ դատարանում դատավորի թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում է հայտարարություն, որն առնվազն պետք է պարունակի դիմումներն ընդունելու ժամկետը, վայրը, համալրման ենթակա տեղերի քանակը:

Սույն հայտարարությունը հրապարակելու պահին Վճռաբեկ դատարանում առկա է դատավորի 1 (մեկ) թափուր տեղ` քաղաքացիական և վարչական մասնագիտացմամբ:

Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձինք:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նշված անձինք Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնում են միայն դիմում, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նշված անձինք դիմումին կից  ներկայացնում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով և նույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված փաստաթղթերը:

Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, մինչև սույն թվականի հոկտեմբերի 12-ը  ներառյալ վերը նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ծանոթություն.

Դիմումները ներկայացնել Դատական դեպարտամենտ՝ ք.Երևան, Կորյունի 17:

Հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել

/010/ 511-778 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկել info@court.am էլեկտրոնային փոստի հասցեով:

image

25.09.2020

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Սեպտեմբերի 17-ից 18-ը Բարձրագույն դատական խորհուրդը՝ նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ Սյունիքի մարզում էր: Աշխատանքային խմբում էին՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Անի Մխիթարյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Մեսրոպ Մակյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, Դատական կարգադրիչների ծառայության պետ Ռոբերտ Ղազարյանը:

Այցի շրջանակներում կայացավ հանդիպում Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, դատավորների և աշխատակազմի հետ։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատարանի նախագահին և դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավորներ Բորիս Բախշիյանին, Էմին Աբգարյանին, Ռոմեն Ահարոնյանին և Կարապետ Բադալյանին: Դատավորի բարդ և պատասխանատու լիազորությունները ստանձնելու կապակցությամբ նորանշանակ դատավորներին շնորհավորելով ՝ Խորհրդի նախագահը և խորհրդի անդամները հույս հայտնեցին, որ նրանք, համալրելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կազմը, իրենց ամենօրյա աշխատանքով կնպաստեն արդարադատական գործընթացների պատշաճ իրականացմանը, դատական իշխանության հեղինակության և արժանապատիվ դատավորի կերպարի հասարակական ընկալման բարձրացմանը:

Մարզային դատարանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվեցին արդյունավետ արդարադատություն ունենալու գործիքակազմերը, դատական համակարգում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները: Դատավորների կողմից ներկայացվեցին նաև ոլորտում նկատելի խնդիրների հաղթահարման առաջարկություններ:

Նշվեց, որ Խորհուրդը քաջատեղյակ է դատավորներին հուզող հարցերին, և գործուն քայլեր են ձեռնարկվում առաջնահերթ խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու ուղղությամբ: Մի շարք հարցեր տեղում ստացան լուծումներ:

Կարևորվեց նաև էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմամբ դատական իշխանության արդյունավետության և հանրային հաշվետվողականության բարձրացման ապահովումը:

Ամփոփելով խորհրդակցությունը Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կոնկրետ հանձնարարականներ և ցուցումներ տվեց դատարանի նախագահին, աշխատակազմին, Դատական դեպարտամենտի ղեկավարին և կարգադրիչների ծառայության պետին:

Այնուհետև Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրեց խորհրդի նիստ: Օրակարգում առկա հարցերի վերաբերյալ կայացվեցին համապատասխան որոշումներ:   

Աշխատանքային այցի շրջանակներում Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ու անդամները շրջայց կատարեցին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նաև Գորիսի և Կապանի նստավայրերում, տեղում ծանոթացան նստավայրերի շենքային պայմաններին, գրասենյակի, արխիվի և կարգադրիչների ծառայության աշխատանքների կազմակերպման գործընթացին:

image

22.09.2020

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՄԻ ՇԱՐՔ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԲԴԽ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով մի շարք դատավորներ, ինչպես նաեւ ԲԴԽ նախագահի խորհրդականը պարգեւատրվել են մեդալներով: Հրամանագրերում մասնավորապես ասվում է.

Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.

Անկախության տոնի առթիվ, իրավակարգի ու օրինականության ամրապնդման և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Լևոնի Բեդևյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:

Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.

Անկախության տոնի առթիվ, դատական իշխանությունում երկարամյա արդյունավետ գործունեության և իրավագիտության զարգացման ոլորտում ունեցած ակնառու հաջողությունների համար Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով:

Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.

Անկախության տոնի առթիվ, դատական իշխանությունում ունեցած մեծ վաստակի համար Բարձրագույն դատական խորհրդի նախագահի խորհրդական Ռշտունի Լևոնի Ասիկյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով:

image

21.09.2020

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ:

29 տարի առաջ, 1991թվականի սեպտեմբերի 21-ին, Հայ ժողովուրդը, միասնական և կուռ, ի լուր աշխարհի հայտարարեց, որ վերստանձնում է սեփական ճակատագիրը տնօրինելու բարձրագույն պատասխանատվությունն ու պատիվը:

Բացառիկ միասնականության այդ դրսևորումը մեզ ոչ միայն անկախություն պարգևեց, այլև գրեթե երեք տասնամյակ շարունակական պայքարի կորով ու արարելու ոգի տվեց։

Ժամանակի ընձեռած հնարավորություններին ու առաջ բերած մարտահրավերներին մեր միանշանակ պատասխանը ազգային ուժի ու հաստատակամության դրսևորումն էր, որ հաստատություններ կերտեց՝ պետություն, բանակ, շուկայական տնտեսություն, դատաիրավական կառույցներ, քաղաքացիական հասարակություն։

Եվ մեր միասնության ամենաքաղցր պտուղը, անկասկած, անկախության մերօրյա հզոր ու կենսունակ սերունդն է։

Իշխանության հակակշիռների զարգացման, իրավունքի և պատասխանատվության հավասարակշռման դժվարին ճանապարհին, վստահ եմ, հաջողությամբ ու արդյունավետորեն ենք ընդառաջ գնալու փոփոխություններին՝ անսալով ժամանակի հրամայականին ու դուրս գալով նորի զարգացման ճանապարհ։ Հանուն սերունդների։ Հանուն մեր ժողովրդի լուսավոր ապագայի։

20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ մարդկության հանդեպ մեծագույն հանցագործություններից մեկը վերապրած մեր ժողովրդի համար Սեպտեմբերի 21-ը նաև վերածննդի խորհուրդ ունի։

Նրանցից փոխանցված պատգամ ունենք նաև՝ անել ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի մեր ժողովրդի գլխին այլևս երբեք չծանրանա բնաջնջման ու կոտորածի վտանգը։ Հավատամք ունենք, որ հակասություններով ու վտանգներով լի աշխարհում հայի հարատևության միակ իրական երաշխիքը հայոց ինքնիշխան, անկախ պետականությունն է։

Մեր համոզմունքն է, որ իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է, որ արտաքին ու ներքին մարտահրավերներին արձագանքելու կարող միակ ուժը ժողովրդի միասնականությունն է բախտորոշ պահերին ու կարևորագույն խնդիրներում։

Անկախ պետականության օրը մեր հավատի և մեր համոզմունքների խորհրդանիշն է։

Շնորհավո՛ր Անկախության տոնը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։