Նորություններ

RSS
image

21.06.2018

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ

Բարձրագույն դատական խորհուրդը բացառիկ կարևորություն է տալիս դատավորի թեկնածուների և դատավորների անձնական և բարոյական որակներին, որոնք զետեղված են Դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրված հետևյալ փաստաթղթերում.

Դատավորների անկախության եվրոպական չափորոշիչները
Դատավորներին և դատավորի թեկնածուների հավակնորդներին ներկայացվող պահանջների գնահատման չափորոշիչները:

 

Քաղաքացիների կողմից Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումներում հաճախ է շոշափվում առանձին դատավորների կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հանգամանքը:

Ելնելով հիշյալ փաստաթղթերում սահմանված չափորոշիչներից՝ Բարձրագույն դատական խորհուրդը հորդորում է բոլոր դատավորներին և դատավորի թեկնածուների հավակնորդներին.

1. Իրենց գործունեության մեջ և հանրային պահվածքում հետևողականություն դրսևորել վերոհիշյալ չափանիշերին համահունչ վարքագծի կանոնները պահելու հարցում, քաղաքացիների հետ շփումներում և սոցիալական ցանցերում դրսևորել դատավորի վարքագծից բխող պահվածք՝ չմոռանալով, որ դատավորն այն անձն է, ով սահմանադրորեն լիազորված է հանդես գալու Հայաստանի Հանրապետության անունից:

2. Իրենց անձին վերաբերող հանրային հնչեղություն ունեցող ցանկացած հարցադրման վերաբերյալ ունենալ համարժեք մոտեցում և արձագանք (կարող եք անհրաժեշտ տեղեկատվական խորհրդատվություն ստանալ Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից):

3. Բարձրագույն դատական խորհրդի միջամտությունը պահանջող հարցերով դիմել Խորհրդին:

Տեղեկացվում է նաև, որ Բարձրագույն դատական խորհուրդը ձևավորել է Զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատող խումբ, որը, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է շուրջօրյա մշտադիտարկում՝ դատական իշխանության վերաբերյալ ԶԼՄ-ների տարբեր հաղորդագրությունների առնչությամբ, և դրանց կարևորությունից ու հիմնավորվածությունից ելնելով՝ արձագանքում:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

20.06.2018

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԴԻՄԱԾ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ

Վերջին շրջանում առանձին քաղաքացիներ, ինչպես նաև փաստաբաններ, դիմում են Բարձրագույն դատական խորհրդին՝ առանձին դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու խնդրագրերով: Նման դիմումները վկայում են, որ օրենսդրության պահանջներին ոչ բոլորն են քաջատեղյակ: 

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը, հանդիսանալով Բարձրագույն դատական խորհրդի կարևոր լիազորություններից մեկը, իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ գլխում ամրագրված են դատավորի կարգապահական պատասխանատվության իրավակարգավորումները:

Սահմանելով դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերը, վարույթ հարուցելու ժամկետները, առիթները, վարույթի ընթացակարգը` Օրենսգրքի 145-րդ հոդվածով միաժամանակ նախատեսված է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունի բացառապես երկու մարմին՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ձևավորված կարգապահական հարցերի հանձնաժողովը, որը Բարձրագույն դատական խորհրդին ենթակա մարմին չէ, և պետական լիազոր մարմինը, որը եղել և շարունակում է հանդիսանալ Արդարադատության նախարարը: /http://hetq.am/arm/news/90190/datakan-departamentn-ardzaganqel-e-hetq-i-hraparakmany.html /

Օրենսգրքի 148-րդ հոդվածով սահմանված է իրավասու սուբյեկտների կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու կարգը:

Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան: Ակնհայտ է, որ դատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին:

Ելնելով գործող օրենսդրության պահանջներից՝ անհրաժեշտ է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցերով նախապես դիմել վերոնշյալ երկու մարմիններից մեկին:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

18.06.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Հունիսի 18-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էին նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական և քաղաքացիական մասնագիտացման դատավորների թափուր տեղերի համալրման նպատակով Բարձրագույն դատական խորհրդին դիմած դատավորների տեղափոխման, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրության վերաբերյալ հարցերը:

Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 119-րդ հոդվածի 2-րդ մասով, փակ գաղտնի քվեարկության արդյունքներով, որոշեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար Հանրապետության նախագահին առաջարկել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանի թեկնածությունը:

Նույն դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանը չստացան Խորհրդի բավարար ձայները:

Բարձրագույն դատական խորհուրդը, սահմանված ժամանակացույցի և «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի համաձայն, անցկացրեց փակ գաղտնի քվեարկություն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով պատրաստված քվեաթերթիկում ներառված էին նույն դատարանի թվով 61 դատավորների անուններ:

Քվեարկության արդյունքում առաջին փուլում ձայներ ստացան հետևյալ թեկնածուները.

  1. 1. Հարությունյան Դավիթ - 4
    2. Վարդազարյան Ռուբեն - 5
    3. Վարդապետյան Արմեն - 1

 

Առաջին փուլի արդյունքներով՝ թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չստացավ և անցկացվեց լրացուցիչ ընտրություն, որին մասնակցեցին համապատասխանաբար առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

Երկրորդ փուլում փակ գաղտնի քվեարկությամբ Խորհուրդն արձանագրեց հետևյալ արդյունքը.

  1. 1. Հարությունյան Դավիթ - 3
    2. Վարդազարյան Ռուբեն - 6
    3. Բոլորին դեմ - 1

Այդպիսով, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Ռուբեն Վարդազարյանը:  

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

16.06.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ

Հունիսի 14-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր հանդիպում-խորհրդակցություն Տավուշի և Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ, ինչպես նաև անցկացվեց տվյալ դատարանների նախագահների ընտրություն:

Խորհրդակցության սկզբում Խորհրդի նախագահն ընդգծեց, որ նման հանդիպումների նպատակն է՝ անձամբ շփվել դատավորների հետ և ծանոթացնել Խորհրդի գործունեությանն ու անելիքներին, ինչպես նաև տեղեկանալ նրանց հուզող խնդիրներին:

«Բարձրագույն դատական խորհուրդն առաջին իսկ օրվանից շատ հստակ սկզբունքներ է որդեգրել, որոնցով առաջ է շարժվում, դուք դա կարող եք տեսնել նաև մեր որոշումներում՝ մասնավորապես Խորհրդի՝ ապրիլի 12-ի որոշման մեջ, չափորոշիչներում, որոնցով դիտարկվում են դատավորի և դատարանի անկախությունը, դատավորներին ուղարկված և դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրված այն ուղեցույցի մեջ, որում նշված է, թե ինչ գործոններ ենք հաշվի առնելու և՛ դատավորների ընտրության, և՛ առաջխաղացման, և՛ գնահատման ժամանակ»,-ընդգծեց Գագիկ Հարությունյանը:

Հանդիպում-խորհրդակցությունն անցավ կառուցողական մթնոլորտում, ներկայացված հարցերի վերաբերյալ դատավորների կողմից հնչեցին առաջարկություններ, կարծիքներ, դրանցից կարևորներն ու առանցքայիններն արձանագրվեցին՝ Խորհրդի գործունեության և ծրագրերի շրջանակներում դիտարկելու նպատակով:

Նիստի ավարտին Բարձրագույն դատական խորհուրդը, սահմանված ժամանակացույցի և «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի համաձայն, անցկացրեց փակ գաղտնի քվեարկություն՝ Տավուշի, ապա Սյունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահների պաշտոնի համալրման նպատակով:

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Արման Կուրեխյանը: Խորհրդի ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

  1. 1. Զաքինյան Զոյա -1
    2. Իսկանդարյան Սիմա -0
    3. Կուրեխյան Արման -7
    4. Մարդանյան Սամվել -2
    5. Մելքոնյան Ռաֆիկ -0
    6. Օհանյան Արման -0

 

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով տեղի ունեցած փակ գաղտնի քվեարկության արդյունքներով արձանագրվեց ձայների հետևյալ բաշխվածությունը.

  1. 1. Ասատրյան Ժաննա -1
    2. Բեգլարյան Իգնատ -0
    3. Գրիգորյան Սամվել -5
    4. Թումանյան Անահիտ -1
    5. Հովակիմյան Մուրադ -0
    6. Սարգսյան Դավիթ -1
    7. Սարդարյան Արսեն -1
    8. Օհանյան Նապոլեոն -1

 

Առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չստացավ և անցկացվեց լրացուցիչ ընտրություն, որին մասնակցեցին համապատասխանաբար առավել ձայներ ստացած և դատավորի երկար փորձառություն ունեցող երկու թեկնածուները:

Երկրորդ փուլում փակ գաղտնի քվեարկությամբ Խորհուրդն արձանագրեց հետևյալ արդյունքը.

  1. 1. Գրիգորյան Սամվել -7
    2. Թումանյան Անահիտ -1

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Սամվել Գրիգորյանը:  

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

14.06.2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում տվյալ մասնագիտացման վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը: Եթե դատավորների առաջխաղացման ցուցակում առկա դատավորների թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններում չի գերազանցում հաջորդ երկու տարում վերաքննիչ դատարանների թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը հաշվարկված թվով համալրելու անհրաժեշտության մասին:

Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը հաշվարկելով հաջորդ երկու տարվա ընթացքում վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը՝ արձանագրել է ՀՀ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը 2 (երկու), իսկ քաղաքացիական մասնագիտացման բաժինը՝ 4 (չորս) թեկնածուով համալրելու անհրաժեշտությունը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել`
1) համապատասխան մասնագիտացման առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող դատավորը, որը չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.
2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն.
3) իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն ութ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը :

Հայտարարության հրապարակումից հետո երկշաբաթյա ժամկետում՝ մինչև սույն թվականի հունիսի 28-ը ներառյալ, վերը նշված պահանջներին համապատասխանող անձինք կարող են Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակ ընդգրկվելու մասին դիմում:

Հայաստանի Հանրապետության 
բարձրագույն դատական խորհուրդ

14.06.2018 թվական

 

Ծանոթություն.
Դիմումներն ընդունվում են ՀՀ դատական դեպարտամենտում՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 5 հասցեում:
Հարցեր առաջանալու դեպքում կարող եք կապվել 010/511-778, 010/511-760 հեռախոսահամարներով կամ նամակ գրել shoghervardanian@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեով:

 

 


1․ Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նախապատրաստման, ցուցակի կազմման և հաստատման գործընթացի վերաբերյալ իրավակարգավորումների մանրամասները տե´ս «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ և 124-րդ հոդվածներում: