Նորություններ

RSS
image

31.10.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽ ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՋԱՆՆԻ ԲՈՒՔԻՔԻՈՅԻՆ

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունեց «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի կողմից նոյեմբերի 1-ից 2-ը Երևանում հրավիրված միջազգային խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյին և Հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտին:

ԲԴԽ նախագահը Ջաննի Բուքիքիոյին ներկայացրեց Խորհրդի կողմից մշակված արդարադատության արդյունավետության բարձրացման հայեցակարգային մոտեցումները և կառուցակարգերը, հասցեական արդարադատության վերացման և կոռուպցիոն ռիսկերի բացառման նպատակով դատական գործերի բաշխման էլեկտրոնային համակարգի բարելավման ու էլեկտրոնային արդարադատության արմատավորման մոտեցումները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև արդարադատական գործընթացներին վերաբերող մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ կարգապահական վարույթների կառուցակարգերի բարելավման, օրենսդրական անհրաժեշտ բարեփոխումների իրականացման և այս հարցերում Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության ամրապնդման հետ կապված հարցեր:

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն ողջունեց և կարևորեց ԲԴԽ նախագահի՝ որպես Վենետիկի հանձնաժողովի անդամի գործուն մասնակցությունը դատական իշխանությանն առնչվող հրատապ խնդիրների լուծման գործում:  

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

30.10.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ

Հոկտեմբերի 29-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավորներ Լուսինե Աբգարյանին և Արշակ Վարդանյանին:

ՀՀ նախագահի` հոկտեմբերի 24-ի հրամանագրերով՝ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը նշանակվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 22-ի ԲԴԽ-42-Ո-116 և ԲԴԽ-42-Ո-117 որոշումներով ներկայացված առաջարկությունները:

Շնորհավորելով դատավորներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հույս հայտնեց, որ նրանք իրենց փորձառությունը, մասնագիտական պատրաստվածությունը և մարդկային բարձր որակները կներդնեն ի նպաստ վերաքննիչ ատյանի գլխավոր գործառույթի՝ բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայման գործընթացի պատշաճ իրականացմանը:

Միջոցառման ավարտին կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ կատարվեց գործերի բաշխման համակարգի հստակեցման, դատարանների ծանրաբեռնվածության և ծախսատարության նվազեցման, դատական տարածքների օպտիմալ բաշխվածության, ինչպես նաև արդարադատության համակարգում օրենսդրական բարեփոխումներ և կառուցակարգային լուծումներ պահանջող այլ հարցերին:  

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

23.10.2018

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ ԱՎՍՏՐԻԱՑԻ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընդունեց Հայաստան ժամանած Ավստրիայի շուրջ 50 իրավաբաններից կազմված պատվիրակությանը՝ Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալիոս Կրաուտիի գլխավորությամբ:

Երվանդ Խունդկարյանը ողջունեց հյուրերին և հակիրճ ներկայացրեց դատական համակարգի կառուցվածքը, դատարանների կազմակերպման և գործունեության սկզբունքները, ինչպես նաև պատասխանեց հյուրերին հետաքրքրող մի շարք հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի ապահովմանը, Վճռաբեկ դատարանի լիազորությունների շրջանակին և բողոքները վարույթ ընդունելու հիմքերին ու մեխանիզմներին:

Ավստրիացի իրավաբանների պատվիրակության նախագահ Մարիա Էլիզաբեթը շնորհակալություն հայտնեց արդյունավետ քննարկման համար՝ հույս հայտնելով, որ հետագայում ևս հարթակներ կստեղծվեն երկու երկրների իրավաբանների փոխգործակցության խորացման և փորձի փոխանակման նպատակով:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

22.10.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ ԱՎՍՏՐԻԱՑԻ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Ուսումնական և ճանաչողական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի շուրջ 50 իրավաբաններից կազմված պատվիրակությունը Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալիոս Կրաուտիի գլխավորությամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 22-ին, իր առաջին հանդիպումն ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի հետ: Պատվիրակության կազմում են դատավորներ, դատախազներ, իրավաբան-գիտնականներ: Այցի նպատակն է՝ տեղում ծանոթանալ հայաստանյան դատական համակարգին, տարբեր դատարաններում մասնակցել դատական լսումների:

Ողջունելով հյուրերին՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն ամփոփ ներկայացրեց Խորհրդի գործունեության սահմանադրական հիմնական առաքելությունը, լիազորությունների շրջանակը, հայաստանյան եռաստիճան դատական համակարգի մոդելը, ինչպես նաև տարբեր ատյաններում դատավորների ընտրության և նշանակման ընթացակարգերին՝ առանձնացնելով մասնավորապես Դատական նոր օրենսգրքով սահմանաված Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության կարգը, ինչը, որպես նոր ձևաչափ, նպատակ ունի հանրությանը ևս մասնակից դարձնել այդ գործընթացին:

ԲԴԽ նախագահը մանրամասն անդրադարձավ նաև պատվիրակության դատավոր, դատախազ անդամներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես Խորհրդի ձևավորման ընթացակարգերին, այնպես էլ դատավորների գնահատման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներին, հայաստանյան դատարաններում կանանց և տղամարդկանց տեսակարար կշռի հարաբերակցությանը:

Ավստրիացի իրավաբանների պատվիրակության նախագահ Մարիա Էլիզաբեթը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, արդյունավետ քննարկան համար:

Բարձրագույն դատական խորհրդի կողմից Ավստրիայի պատվիրակության բոլոր անդամներին հանձնվեցին Գագիկ Հարությունյանի, ավստրիացի պրոֆեսոր Գերհարդ Հոլցինգերի և 19 երկրների 23 այլ սահմանադրագետների համահեղինակությամբ անգլերենով Հայաստանում հրատարակված «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. իրականության պարադիգմերը և մարտահրավերները» ժողովածուն:

Հանդիպմանը ներկա էին նաև ԲԴԽ դատավոր-անդամներ Սերգեյ Չիչոյանը, Արմեն Խաչատրյանը, Արմեն Բեկթաշյանը, գիտնական-անդամներ Սերգեյ Մեղրյանը, Հայկ Հովհաննիսյանը:

Բարձրագույն դատական խորհրդի հետ ավստրիացի իրավաբանների պատվիրակության հետ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս այս տարվա հունիսին՝ Բարձրագույն դատական խորհրդի և Ավստրիայի դեսպանի հանդիպման ժամանակ՝ վերջինիս առաջարկով:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

19.10.2018

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Բարձրագույն դատական խորհրդի հրավերով` Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունը` Կենտրոնական տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ, այցելեց Արդարադատության ակադեմիա՝ տեղում ծանոթանալու ակադեմիայում ուսուցման կազմակերպման գործընթացին:

Արդարադատության ակադեմիայի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը կարևորեց նման հանդիպումներն ու հետագա համագործակցությունը` դատական իշխանության արդյունավետության բարձրացման տեսանկյունից:

Հոլանդիայի Դատական խորհրդի անդամ Թաքվոր Ավեդիսյանը, ընդհանրություններ նկատելով ուսումնական գործընթացի կազմակերպման հայկական և հոլանդական մոդելների միջև, նկատեց, որ Հոլանդիայում ներդրված է «ուսուցում պրակտիկայի միջոցով» մոդելը, երբ ուսումնառության ժամանակի 70 %-ն ունկնդիրներն անցկացնում են գործնական պարապմունքի և պրակտիկայի տեսքով, իսկ մնացած 30 %-ը` տեսական։ Նա կարևորեց նաև «մամլո դատավորի» ինստիտուտի դերը՝ դատական գործընթացների թափանցիկության տեսանկյունից:

«Դատավորի, դատախազների թեկնածուներին և, առհասարակ, վերապատրաստվողներին տալիս ենք ոչ միայն անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, այլև ծանոթացնում ենք հաղորդակցության հմտություններին, քանզի դատարաններում շատ են տեսախցիկները, և նրանք պետք է ճիշտ կազմակերպեն նաև մամուլի, ինչպես նաև վարույթի մասնակիցների հետ հաղորդակցման գործընթացը: Դատական իշխանության արդյունավետության առումով դատարանների անկախության կողքին նույնքան կարևորում ենք նաև թափանցիկությունն ու հանրային վստահությունը, քանի որ հենց հետադարձ կապի շնորհիվ կարելի է ձեռք բերել ներքին և արտաքին անկախություն»,- նշեց Թաքվոր Ավեդիսյանը:

Անահիտ Մանասյանը նշեց, որ իրենք նկատի կունենան հոլանդական ուշագրավ փորձը` հետագա ուսումնական ծրագրեր մշակելիս:

Հանդիպման ավարտին հյուրերի համար շրջայց կազմակերպվեց Ակադեմիայում:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն