Նորություններ

RSS
image

27.09.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ

Սեպտեմբերի 27-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Oրակարգում ընդգրկված հարցերի քննարկումից զատ՝ Խորհուրդն անցկացրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի ընտրություն:

Առաջնորդվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածով՝ Խորհուրդն անցկացրեց փակ գաղտնի քվեարկություն, որի արդյունքում ներկայացված թեկնածուներից ոչ ոք չստացավ բավարար ձայներ:

Կազմակերպվեց լրացուցիչ քվեարկություն առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների՝ Ռուզաննա Հակոբյանի և Գոռ Հակոբյանի միջև: Խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ ընտրվեց Ռուզաննա Հակոբյանը:

 

 

Բարձրագույն դատական խորհրդի  մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

image

22.09.2018

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի՛ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններով պայմանավորված, սույն թվականի սեպտեմբերի 22-ին և 23-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն:

 

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

20.09.2018

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Սեպտեմբերի 20-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Քննարկվեցին օրակարգում ընդգրկված հարցերը, որոնց վերաբերյալ Խորհուրդը կայացրեց համապատասխան որոշումներ:

Ի թիվս այլ հարցերի՝ Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էր նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի ընտրության հարցը:

Առաջնորդվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածով՝ Խորհուրդն անցկացրեց գաղտնի քվեարկություն:

Ներկայացված թեկնածուններից ոչ ոք չստացավ անհրաժեշտ ձայներ:

Օրենքով սահմանված կարգով՝ կանցկացվի նոր ընտրություն:   

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

17.09.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐԻՆ

Սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը Վճռաբեկ դատարանի նախագահին և պալատների դատավորներին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նորանշանակ դատավոր Էդգար Սեդրակյանին:

ԲԴԽ նախագահը շնորհավորեց նորանշանակ դատավորին՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանի անդամ լինելը և՛ պատվաբեր է, և՛ պարտավորեցնող: Նախագահը, հաջողություն մաղթելով Էդգար Սեդրակյանին, նաև հույս հայտնեց, որ նա իր ներդրումը կունենա կոլեկտիվ մտածողության մթնոլորտ ստեղծելու հարցում:

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը ևս ողջունեց նորանշանակ դատավորին՝ Քաղաքացիական և վարչական պալատի նոր համալրման կապակցությամբ:

Հիմք ընդունելով Ազգային ժողովի՝ 2018 թվականի սեպտեմբերի 13-ի «Էդգար Սեդրակյանին Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-018-Ա որոշումը՝ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախագահ Արմեն Սարգսյանի՝ 2018թ. սեպտեմբերի 15-ի ՆՀ-408-Ա հրամանագրով՝ Էդգար Սեդրակյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր:

Ազգային ժողովի 105 պատգամավորի կողմից գաղտնի քվեարկությանը մասնակցած 89 պատգամավորից Էդգար Սեդրակյանի օգտին քվեարկել էր 67 պատգամավոր: Թեկնածուներ Արգիշտի Ղազարյանը ստացել էր 11 կողմ ձայն, Արծրուն Միրզոյանը`9-ը: Երկու քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր:  

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն