Նորություններ

RSS
image

20.08.2018

ԻՆՉՈ՞Ւ Է ԼՌՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Վերջերս զանգվածային լրատվության միջոցներում և ինտերնետային կայքերում հաճախ է հարց հնչում, թե ինչո՞ւ Բարձրագույն դատական խորհուրդը դիրքորոշում չի արտահայտում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից գործով ինքնաբացարկ չհայտնելու կամ նրա կայացրած որոշման իրավաչափության կապակցությամբ:

Պատճառներն իրենց բնույթով զուտ իրավական են:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Ընդ որում, իր սահմանադրական առաքելությունը Խորհուրդը կարող է իրականացնել բացառապես իր լիազորություններն իրականացնելու միջոցով: Այդ լիազորություններից է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորների լիազորությունների դադարեցման հարցի քննարկումը և լուծումը (Սահմանադրության 175 հոդվ., մ. 1, կկ. 7-8), որը կարող է իրականացվել բացառապես Դատական օրենսգրքով սահմանված կարգով (Սահմանադրության 175 հոդվ., մ. 4), մասնավորապես՝ հիշյալ Օրենսգրքի 19-րդ գլխում ամրագրված կանոններով:

Չափազանց կարևոր է այն, որ Օրենսգիրքը Խորհրդին չի վերապահել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն, բացառել է նույնիսկ վարույթի հարուցման փուլում կամ մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Խորհրդին դիմելը վարույթ հարուցող մարմինների վրա որևէ եղանակով ներգործելու հնարավորությունը:

Համապատասխան առիթների առկայության դեպքում (խախտման մասին հաղորդումներ, ԶԼՄ-ների հրապարակումներ և այլն) վարույթ հարուցելու իրավասությամբ օժտված համապատասխան մարմինը (այդպիսիք են՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովը, որը Բարձրագույն դատական խորհրդին ենթակա մարմին չէ, և Արդարադատության նախարարը) պարտավոր են հարուցել կարգապահական վարույթ, ուսումնասիրել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության հարցը և կատարված ուսումնասիրության արդյունքում կա՛մ դիմել Բարձրագույն դատական խորհրդին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ, կա՛մ կայացնել կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում:

Քանի դեռ վարույթ հարուցող մարմինը չի դիմել Բարձրագույն դատական խորհրդին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ, Խորհուրդն իրավասու չէ կոնկրետ դեպքի (դիմումի) առնչությամբ որևէ գործողություն կատարել:

Սահմանադրության համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս Խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Ակնհայտ է, որ նման կարգավորման պայմաններում թե՛ Խորհուրդը, ընդհանուր առմամբ, և թե՛ Խորհրդի յուրաքանչյուր անդամ, առանձին վերցրած, պետք է ղեկավարվեն իրավունքի գերակայության հրամայականով և դրսևորեն այնպիսի վարքագիծ, որը ողջամիտ դիտորդի մոտ կասկած չի հարուցի նրանց անկողմնակալության հարցում: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, առավել ևս նրա լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկումը լրջագույն իրավական խնդիր է, որի ընթացքում խստագույնս պետք է ապահովվեն օրինականությունը, արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև դատավորի դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքները (Օրենսգրքի 141 հոդվ.):

Խորհրդի անդամները, որոնց համար ևս Օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն պարտադիր են դատավորի վարքագծի կանոնները, բոլոր հանգամանքներում պարտավոր են զերծ մնալ.

1. դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց,

2. մեկ այլ դատավորի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելուց,

3. դատավորի մասնագիտական և անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց,

4. դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց,

5. որևէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց,

6. այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը (Օրենսգրքի 69 հոդվ.):

Դատավորի կարգապահական պատասխանատվության, այդ թվում՝ նրա լիազորությունները դադարեցնելու հիմք հանդիսացող հանգամանքների վերաբերյալ Խորհրդի դիրքորոշումը և գնահատականները կարող են ձևակերպվել բացառապես դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքում կայացված հիմնավորված և պատճառաբանված որոշման շրջանակներում: Այլ կերպ դիրքորոշում արտահայտելու կամ գնահատականներ տալու իրավասություն չունեն ո՛չ Խորհուրդը և ո՛չ էլ Խորհրդի անդամները: Եվ քանի որ ցանկացած նախապես արտահայտված դիրքորոշում հետագայում կարող է ողջամիտ կասկած հարուցել Խորհրդում ակնկալվող գործով Խորհրդի անդամների անաչառության մեջ, Խորհրդի անդամները, պարտավոր լինելով ողջամտության սահմաններում իրենց դրսևորել այնպես, որ նվազագույնի հասցվեն ինքնաբացարկի անհրաժեշտություն առաջացնող դեպքերը (Օրենսգրքի 70 հոդվ., մ. 1, կետ 14 կետ), հետայսու ևս ձեռնպահ կմնան նախնական գնահատականներ հնչեցնելուց:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

08.08.2018

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հանրային իրազեկման համար կից ներկայացնում ենք «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 22-րդ մասի հիմքով Բարձրագույն դատական խորհրդին դիմած 19 դատավորներից գաղտնի քվեարկության արդյունքներով ընտրված բոլոր 12 թեկնածուների ցանկը, որում նշված է, թե որ դատավորը քանի տարի է դատավոր աշխատել և քանի տարի է սնանկության գործեր քննել:

Բարձրագույն դատական խորհուրդը բացառիկ կարևորություն է տվել սնանկության մասնագիտացված դատարանի կազմավորմանը, որի արդյունավետ գործունեությամբ է մեծապես պայմանավորված երկրում ներդրումների պաշտպանությունը և ապագա ներդրումային քաղաքականության հաջողությունները: Խնդիրն այնքան կարևոր է, որ առավելագույնս է արվել՝ ձևավորելու առողջ ու հանրային վստահություն վայելող դատարան:

Խորհրդի կողմից ուսումնասիրվել են դատական գործեր, դատական վիճակագրության տվյալներ, առանձին կազմակերպություններից ստացված փաստաթղթավորված տեղեկություններ, ինչպես նաև դատավոր-թեկնածուների կողմից ներկայացված, իրենց կարծիքով իրենց գործունեությունը լավագույնս բնութագրող սնանկության առնվազն 3 գործ: Բոլոր թեկնածուների հետ կազմակերպվել է անկաշկանդ զրույց-քննարկում, իսկ Խորհրդի յուրաքանչյուր անդամ քվեարկել է բացառապես իր ներքին համոզմունքներից ելնելով:

Հարցազրույցները, քննարկումները և վերլուծությունները իրականացվել են ըստ՝ դատական իշխանության պաշտոնական կայքում ապրիլի 25-ին «Ի գիտություն դատավորների և դատավորի թեկնածուների» հրապարակված «Դատավորներին և դատավորի թեկնածուների հավակնորդներին ներկայացվող պահանջների գնահատման չափորոշիչները» ուղեցույց-շրջաբերականի:

image

06.08.2018

ԸՆՏՐՎԵՑԻՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Օգոստոսի 6-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Օրակարգում էր Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը և հաստատումը:

Խորհրդում տեղի ունեցավ հանդիպում-զրույց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի պահանջներին համապատասխան ցուցակում ընդգրկված դատավորի 4 թեկնածուների՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Լիզա Գրիգորյանի, Էդգար Սեդրակյանի և ՀՀ վարչական դատարանի դատավորներ Արգիշտի Ղազարյանի, Արծրուն Միրզոյանի հետ:

Խորհուրդը դիտարկեց նաև առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների անձնական գործերը, Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 133-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման նպատակով Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրեց գաղտնի քվեարկություն, որի արդյունքում Խորհրդի կողմից բավարար ձայներ ստացան Արգիշտի Ղազարյանը, Արծրուն Միրզոյանը և Էդգար Սեդրակյանը: Օրենքով սահմանված կարգով ընտրված թեկնածությունները կներկայացվեն Ազգային ժողովին:

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

image

02.08.2018

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ՁԵՎԱՎՈՐԵՑ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրել էր արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի և Ուսումնական հարցերի հանձնաժողովների ձևավորմանը՝ հաշվի առնելով գործող հանձնաժողովների իրավասության ժամկետների ավարտը, ինչպես նաև դատարանների գործունեության բարելավման նպատակով դատական իշխանության հեղինակության ու իշխանության ամրապնդմանն առնչվող հարցերի և առաջարկների քննարկմանը:

Օրակարգի հաստատումից հետո ընտրությունը կազմակերպելու նպատակով նիստը նախագահող ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի առաջարկությամբ ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի համաձայն՝ քվերակության արդյունքներով՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին հետևյալ դատավորները.

1.Ավագյան Արթուր /ՀՀ վարչական դատարան/

2.Մակյան Մեսրոպ /Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/

3.Ստեփանյան Վարդան /Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, քրեական մասնագիտացում/

4.Թորոսյան Սլավիկ /ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան/

5.Պապոյան Մխիթար / ՀՀ վերաքննիչ քրեական դատարան/

6.Թովմասյան Արման / ՀՀ վերաքննիչ վարչական դատարան/

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավոր Նաիրա Գրիգորյանը կշարունակի պաշտոնավարել՝ նկատի ունենալով հանգամանքը, որ նրա պաշտոնավարման ժամկետը՝ 4 տարին, կլրանա 2020 թվականի փետրվարին:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի համաձայն էլ՝ քվերակության արդյունքներով՝ Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին հետևյալ դատավորները.

1.Միքայելյան Ստեփան /ՀՀ վճռաբեկ դատարան/

2.Հարթենյան Մարգարիտա /ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան/

3.Ազարյան Ալեքսանդր /ՀՀ վերաքննիչ քրեական դատարան/

4.Մկոյան Քրիստինե /ՀՀ վերաքննիչ վարչական դատարան/

5.Հարությունյան Անի /ՀՀ վարչական դատարան/

6.Վարդանյան Արշակ /Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/

7.Ստեփանյան Արթուր /Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/

Քանի որ սննանկության դատարանը ձևավորվելու է 2019 թվականի հունվարի 1-ից, ուստի հանձնաժողովների ձևավորման ցուցակներում այդ մասնագիտացմամբ թեկնածուներ չեն ներգրավվել:

Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ որոշ դատավորներ հանդես եկան նաև ելույթներով՝ ներկայացնելով դատարանների գործունեության բարելավման նպատակով դատական իշխանության հեղինակության ու դատական իշխանության ամրապնդման վերաբերյալ իրենց մտահոգություններն ու առաջարկությունները: Ժողովը որոշեց ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի բարձրացված խնդիրների և առաջարկությունների ուսումնասիրմամբ և դրանք կներկայացնի Բարձրագույն դատական խորհրդին:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

25.07.2018

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԻ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

«Փաստ» օրաթերթը հուլիսի 25-ին «տեղեկատվություն» է տարածել` նշելով. ««Փաստի» ունեցած հավաստի տեղեկություններով, այն բանից հետո, երբ դատավորները 1/5–ի պահանջով նախաձեռնել են հուլիսի 27–ին հրավիրել Դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստ, ակտիվորեն գործի է անցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով առժամանակ կասեցրել է առաջխաղացման մրցույթները և զանգահարում է դատարանների նախագահներին, որպեսզի վերջիններս հորդորեն դատավորներին՝ չմիանալ կամ հետ կանգնել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունից»:

Բերված «հավաստի տեղեկությունները» ստի հերթական չափաբաժին են: Որևէ մրցույթ, որևէ մեկի կողմից չի հետաձգվել: Բարեխիղճ լրագրողը կարող էր դրա մասին տեղեկանալ դատական իշխանության պաշտոնական կայքից: Այս փուլում օրենքով սահմանված կարգով նախատեսված է երեք մրցույթ, որոնք հայտարարված են, հայտարարությունները տեղակայված են դատական իշխանության պաշտոնական կայքում, և գործընթացը բնականոն հունով ընթանում է:

ԲԴԽ նախագահն առնվազն վերջին երեք շաբաթների ընթացքում որևէ դատարանի նախագահի հետ հեռախոսազրույց չի ունեցել, առավել ևս՝ նշված հարցով:

Իրականության հետ աղերս չունի նաև Դատական դեպարտամենտի լրատվական ծառայության հետ կապվել չկարողանալու հանգամանքը, քանի որ մամուլի ծառայությունը միշտ հասանալի է ու աշխատում է գրեթե շուրջօրյա ռեժիմով:

Լրագրողի երևակայությունը չի կարելի ներկայացնել որպես «հավաստի տեղեկություն» և հրամցնել հանրությանը:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն