Նորություններ

RSS
image

24.07.2018

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի և Խորհրդի անդամ, ի.գ.թ. Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ մշակվել են արդարադատության արդյունավետության բարձրացման հայեցակարգային մոտեցումները:

Դրանք վերաբերում են արդարադատության արդյունավետության բարձրացման կառուցակարգային քաղաքականության, արդարադատության որակի բարձրացման, ինչպես նաև մշտադիտարկման և գնահատման հայեցակարգային չափորոշիչներին:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

23.07.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԻՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ԵՎ ԴԱՏԱՎՈՐԻՆ

ՀՀ նախագահի 2018 թվականի հուլիսի 17-ի հրամանագրերով՝ Արթուր Մարգարյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, Հովհաննես Ավագյանը՝ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, իսկ Արամ Մկրտչյանը՝ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Հուլիսի 23-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին ներկայացրեց դատարանի նորանշանակ նախագահ Արթուր Մարգարյանին:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն դատարանի դատավորների հետ: Խորհրդի նախագահը հատկապես կարևորեց դատական իշխանության համար առաջնային համարվող մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում են գործերի բաշխման համակարգի հստակեցմանը, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը, սնանկության դատարանի ստեղծման համար անհրաժեշտ քայլերին:

Նույն օրը Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գևորգ Դանիելյանը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին ներկայացրեց Հովհաննես Ավագյանին:

Շնորհավորելով դատարանի նորանշանակ նախագահին՝ Գևորգ Դանիելյանը նշեց, որ Հովհաննես Ավագյանի աշխատանքային փորձը, հմտություններն ու մարդկային որակները բավարար են դատարանի նախագահի պարտականությունները պատշաճ կատարելու համար:

Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Հայկ Հովհաննիսյանը ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին և դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավոր Արամ Մկրտչյանին:

Հայկ Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ արդար դատաքննություն իրականացնելու իր հիմնական գործառույթն իրականացնելիս Արամ Մկրտչյանն ըստ պատշաճի կներդնի մասնագիտական գիտելիքներն ու որակները՝ բարձր պահելով ոչ միայն տվյալ դատարանի, այլև ամբողջ դատական իշխանության հեղինակությունը:

Միջոցառումից հետո դատարանների դատավորների հետ ևս կայացավ աշխատանքային քննարկում: Անդրադարձ եղավ դատական իշխանությանը վերաբերող ընթացիկ և առաջնային հարցերին:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

20.07.2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում տվյալ մասնագիտացման վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը: Եթե դատավորների առաջխաղացման ցուցակում առկա դատավորների թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններում չի գերազանցում հաջորդ երկու տարում վերաքննիչ դատարանների թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը հաշվարկված թվով համալրելու անհրաժեշտության մասին:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը սպառվել է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինն արտահերթ համալրելու անհրաժեշտության մասին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինն սպառվել է, ուստի Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը որոշում է ընդունել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը հաշվարկելով հաջորդ երկու տարվա ընթացքում վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը՝ արձանագրել է ՀՀ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը 2 (երկու) թեկնածուով համալրելու անհրաժեշտությունը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել`
1) համապատասխան մասնագիտացման առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող դատավորը, որը չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.
2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն. 
3) իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն ութ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը:

Հայտարարության հրապարակումից հետո երկշաբաթյա ժամկետում՝ մինչև սույն թվականի օգոստոսի 3-ը ներառյալ, վերը նշված պահանջներին համապատասխանող անձինք կարող են Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակ ընդգրկվելու մասին դիմում:

Հայաստանի Հանրապետության 
բարձրագույն դատական խորհուրդ

image

19.07.2018

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հայաստանի Հանրապետության «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 20-րդ մասի համաձայն 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գործելու է սնանկության դատարանը: Նույն հոդվածի 22-րդ մասի համաձայն՝ «Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի կողմից իր լիազորությունների ստանձնման օրվանից հետո՝ եռամսյա ժամկետում, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քաղաքացիական մասնագիտացման դատավորները կարող են դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ սնանկության դատարանում դատավորի պաշտոնում նշանակվելու խնդրանքով: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների՝ սնանկության դատարան տեղափոխման դիմումներով Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների տեղափոխման հարցի վերաբերյալ որոշում է կայացնում և նրանց թեկնածությունները կարող է առաջարկել Հանրապետության նախագահին դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում»:

Նախատեսված ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդ է դիմել 22 դատավոր՝ սնանկության դատարան տեղափոխվելու խնդրանքով: Դատական օրենսգրքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սնանկության դատարանը գործում է առնվազն 12 դատավորի թվակազմով: Բարձրագույն դատական խորհուրդը նախատեսում է սնանկության դատարան տեղափոխվելու դիմում ներկայացրած դատավորների հետ զրույց կազմակերպել և որոշումն ընդունել 2018թ. օգոստոսի 6-ին: Ստորև ներկայացվում է տեղեկատվություն սնանկության դատարան տեղափոխվել ցանկացող դատավորների վերաբերյալ: Հետադարձ կապի համար կարող եք դիմել Դատական դեպարտամենտ՝ հետեւյալ հասցեով՝ Վ.Սարգսյան 5, հեռ. 010-58-00-84 կամ էլեկտրոնային հաղորդակցության միջոցով՝ հետևյալ հասցեով՝ bdx@court.am: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը Դատական դեպարտամենտը Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում սնանկության դատարանի այն դատավորների ցուցակը, որի հիման վրա երկշաբաթյա ժամկետում Հանրապետության նախագահին է առաջարկվում սնանկության դատարանի նախագահի թեկնածուն:

Կից՝ ֆայլ: