Նորություններ

RSS
image

13.07.2018

ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ԼՈՌՈՒ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ

Հուլիսի 13-ին Վանաձոր քաղաքում Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում-խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ:

Հանդիպման նպատակն էր անձամբ շփվել դատավորների հետ, տեղում ծանոթանալ հուզող խնդիրներին, ինչպես նաև նրանց իրազեկ դարձնել Խորհրդի գործունեությանն ու անելիքներին:

Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է դատարանների ծանրաբեռնվածության բազմագործոն խնդիրների ուսումնասիրությունը, հիմնավորվածությունը, լուծման հնարավոր ուղիների իրավաչափությունը, ինչպես նաև դատարանների նյութատեխնիկական ապահովման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում Խորհուրդն անդրադարձավ նաև պետաիշխանական հարաբերություններում դատական իշխանության ֆունկցիոնալ գործունեության հստակեցման կարևորությանը՝ իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ դատական իշխանության հակակշռող ու զսպող դերակատարությամբ:

Առանձնակի կարևորվեց նաև արդարադատության ոլորտում կոռուպցիոն դրսևորումների բացառումը, Բարձրագույն դատական խորհրդի 2018թ. ապրիլի 12-ի որոշման հետևողական իրացումը, էլեկտրոնային արդարադատության ներդրումն ու դատական իշխանության բարեփոխումներին ուղղված այլ ծրագրերի կյանքի կոչումը:

Հարցերի առնչությամբ դատավորները հայտնեցին իրենց դիրքորոշումները, կարծիքներն ու դիտարկումները:

Քննարկում-խորհրդակցությունից հետո, սահմանված ժամանակացույցի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրեց Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրություն:

Դատարանի նախագահ ընտրվեց Մուշեղ Հարությունյանը:

Այսօր կազմակերպվեց և անցկացվեց նաև Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի նոր ընտրություն:

Դատարանի նախագահ ընտրվեց Հրաչիկ Սարգսյանը:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

12.07.2018

Ի ՊԱՏԱՍԽԱՆ 1in.am ԿԱՅՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

1in.am կայքի հուլիսի 11-ի «ԲԴԽ-ն լուծարե՞լ, թե՞ դատավորներին հանել, որ Վլադի գործն առաջ գնա» https://www.1in.am/2388811.html հրապարակման մեջ տեղ գտած ապատեղեկատվությունը, թե «…դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ պետք է կայանար ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանին և մեկ տասնյակից ավելի անձանց «քցած» Վլադիսլավ Մանգասարյանի գործով դատական նիստը, սակայն, արատավոր ավանդույթի համաձայն, այն կրկին չկայացավ անհայտ պատճառով», անհիմն է և իրականությանը չի համապատասխանում:

Նիստը կայացել է նշված օրն ու ժամին և հետաձգվել մեղադրողի բացակայության պատճառով։ Կից ներկայացնում ենք նաև 11.07.2018թ կայացած նիստի արձանագրության քաղվածքը։ Առկա է նաև ձայնագրությունը: Ըստ պահանջի՝ կարող ենք ներկայացնել նաև ձայնագրությունը:

Ի դեպ, Բարձրագույն դատական խորհուրդը բազմիցս է հայտարարել լրագրողների և լրատվամիջոցների հետ բաց ու թափանցիկ աշխատելու իր որդեգրած գործելաոճի մասին: Ուստի, խորհուրդ կտանք մեր գործընկերներին հետևել աշխատանքի արհեստավարժ գործելակերպի կանոններին, այն է՝ մինչև հրապարակումը ստուգել տեղեկատվության հավաստիությունն առաջին աղբյուրից:

Նիստի արձանագրության քաղվածքը

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

10.07.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՄԱՐԶԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

Հուլիսի 10-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում կայացավ հանդիպում-խորհրդակցություն Արարատի և Վայոց ձորի, Արմավիրի, Արագածոտնի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նստավայրերի նպատակային սահմանման, տարբեր նստավայրերում դատավորների միջև գործերի բաշխման համակարգի բարեփոխման, գործերի վերաբաշխման չափորոշիչների հստակեցման, բարդության աստիճանից ելնելով՝ գործերի քննության չափորոշիչների ժամկետների սահմանման հետ կապված հարցերին:

Դատավորները մտահոգություն հայտնեցին արդարադատություն իրականացնելու ճանապարհին հանդիպած մի շարք խնդիրների վերաբերյալ, որոնք հաճախ խոչընդոտում են դատարանի բնականոն գործունեության իրականացմանը և հրատապ լուծում են պահանջում, մասնավորապես, խոսքը վերաբերում է, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների հերթապահության սահմանմանը, դատավորին ամենամյա հերթական արձակուրդի տրամադրման կարգերին:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նկատեց, որ բարձրաձայնված հարցերը Խորհրդում օրակարգային են և քայլեր են ձեռնարկվում դրանց լուծում տալու ուղղությամբ: Բարձրագույն դատական խորհրդի խնդիրն է՝ կարողանալ դատավորների հետ աշխատել գործակցաբար՝ երաշխավորելով դատական իշխանության անկախությունը՝ անկախ դատարանի և անկախ դատավորի միջոցով: Այս առումով Խորհրդի նախագահը ևս մեկ անգամ կոչ արեց դատավորներին իրենց ամենօրյա գործունեության ընթացքում նկատի ունենալ Դատավորների անկախության եվրոպական չափորոշիչները, Վենետիկի հանձնաժողովի զեկույցը՝ դատական համակարգի անկախության վերաբերյալ, Դատական խորհուրդների եվրոպական միավորման՝ վերջերս ընդունված Լիսաբոնյան հռչակագիրը, ինչպես նաև ԲԴԽ ուղերձը, որոնք տեղադրված են դատական իշխանության պաշտոնական court.am կայքում:

Առանձնակի կարևորվեց ցանկացած տեսակի կոռուպցիոն դրսևորումների վերացման խնդիրը:

Քննարկում-խորհրդակցությունից հետո, սահմանված ժամանակացույցի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպեց նաև նշված դատարանների նախագահների ընտրություն:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Արթուր Մարգարյանը:

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրությունն անցավ երկու փուլով: Խորհուրդը գաղտնի քվեարկությամբ առաջին փուլի արդյունքներով արձանագրեց ձայների հետևյալ բաշխվածությունը.

Սարգսյան Գագիկ - 5

Պողոսյան Թաթուլ - 1

Սահակյան Սերգեյ - 3

Հովհաննիսյան Գրիգոր - 1

Թեկնածուներից առավելագույն ձայներ ստացած Գագիկ Սարգսյանի և Սերգեյ Սահակյանի թեկնածությունները դրվեցին լրացուցիչ քվեարկության: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

Սարգսյան Գագիկ - 8

Սահակյան Սերգեյ - 2

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Գագիկ Սարգսյանը:

 

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքներով՝ ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

Սարգսյան Հրաչիկ - 4

Մելքոնյան Հովհաննես - 2

Հովհաննիսյան Էդգար - 3

Բոլորին դեմ - 1

Լրացուցիչ քվեարկություն կազմակերպվեց երկու` առավել ձայներ ստացած թեկնածուների միջև։ Արձանագրվեց հետևյալ արդյունքը.

Հովհաննիսյան Էդգար - 5

Սարգսյան Հրաչիկ - 4

Արդյունքում, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում որևէ մեկը չընտրվեց, ուստի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կկազմակերպվի նոր ընտրություն:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

06.07.2018

ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԵՏ ԶՐՈՒՅՑ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրեց իր հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր Վճռաբեկ դատարանում և Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը և հաստատումը, ապա՝ ընտրությունը: Խորհուրդը զրույցի էր հրավիրել 3 ցուցակներում ընդգրված դատավորի 40 թեկնածուների:

 «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ և 132-րդ հոդվածների պահանջներին համապատասխան՝ Խորհրդի կողմից նախօրոք տարածվել էր հայտարարություն՝ Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների դատավորների թափուր տեղերը համալրելու նպատակով հավակնորդների ցուցակները կազմելու մասին:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել 4 դիմում 1 թափուր տեղի համար, իսկ Վերաքննիչ դատարաններում՝ 36 դիմում, որոնցից 29-ը (22 դատավոր, 7 իրավաբան-գիտնական)` քաղաքացիական մասնագիտացման բաժնում, 7-ը (4 դատավոր, 3 իրավաբան-գիտնական)` քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկվելու նպատակով՝ համապատասխանաբար թափուր 4 և 2 տեղերի համար:

Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուներից ոչ մեկը չհավաքեց անհրաժեշտ ձայներ:

ՀՀ վերաքննիչ դատարանների թափուր տեղերի համալրման համար կայացած գաղտնի քվեարկության արդյունքում՝ Խորհրդի կողմից անհրաժեշտ ձայներ ստացան.

Քաղաքացիական մասնագիտացում.

1. Գաբրիելյան Նարեկ

2. Համբարձումյան Կարեն

3. Սերոբյան Դավիթ

 

Քրեական մասնագիտացում.

1. Հովհաննիսյան Լուսինե

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

02.07.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Հուլիսի 2-ին Բարձրագույն դատական խորհուրդն ամբողջ կազմով հանդիպեց ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավորներին՝ քննարկելու վարչական արդարադատության զարգացմանն առնչվող հարցեր:

Իր գործունեության տասը տարիների ընթացքում վարչական արդարադատությունը շոշափելի առաջընթաց գրանցելով հանդերձ ունի բազում չլուծված խնդիրներ, որոնց անդրադարձավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։ Համոզմունք հայտնվեց, որ վերաքննիչ դատարանները պետք է դառնան քաղաքականություն թելադրող դատարաններ, քանի որ հենց այս դատարաններ են այն միջին օղակը, որն ապահովում է արդարադատության իրացումը դատական եռաստիճան համակարգում:

ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանն իր հերթին առաջարկեց դատավորներին առավել ակտիվ և նախաձեռնող լինել օրենքների նախագծերի քննարկումներում՝ տրամադրելով իրենց դիրքորոշումները:

Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի կողմից հաստատող տեսակետ հնչեց, որ դատավորների և դատարանների անկախությունը վարչական արդարադատություն իրականացնող մարմնի համար չափազանց կարևոր հարց է, և իրենք ողջունում են Բարձրագույն դատական խորհրդի հետևողականությունը՝ բացառելու ցանկացած սուբյեկտիվ միջամտություն: Առանձնակի կարևորվեց նաև կոռուպցիոն երևույթների դրսևորումների վերացումը արդարադատության ոլորտում:

Դատավորների կողմից բարձրացված հարցերն առավելապես վերաբերում էին դատարանների նյութատեխնիկական ապահովմանն ու դատական ծառայությունն առավել գրավիչ դարձնելուն:

Քննարկում-խորհրդակցությունից հետո, սահմանված ժամանակացույցի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպեց նաև Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի ընտրություն:

Գաղտնի քվեարկության արդյունքներով՝ ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

1. Հովսեփ Բեդևյան 5
2. Արա Բաբայան 3
3. Աշոտ Սարգսյան 1
4. Արման Թովմասյան 1

Լրացուցիչ քվեարկություն կազմակերպվեց երկու` առավել ձայներ ստացած թեկնածուների միջև։ Արձանագրվեց հետևյալ արդյունքը.

1. Հովսեփ Բեդևյան 9
2. Արա Բաբայան 1

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահ ընտրվեց Հովսեփ Բեդևյանը։

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն