Նորություններ

RSS
image

29.06.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ

Հունիսի 28-ին Բարձրագույն դատական խորհուրդն ընդունեց Գերմանիայի Դաշնային գերագույն վարչական դատարանի նախագահող դատավոր Ռյուդիգեր Ռուբելին և Գերմանիայի Հեսսեն երկրամասի գերագույն վարչական դատարանի նախկին նախագահ Վոլֆգանգ Ռայմերսին: Ներկա էին նաև ՀՀ վարչական և վարչական վերաքննիչ դատարանների նախագահները, վարչական մասնագիտացման դատավորներ:

«Այսօր դատական իշխանության կարևորագույն մարտահրավերներից է արդարադատության անհամաչափ օգտագործումը, ինչը հանգեցնում է ավելորդ ծախսատարության». այս կնճռոտ հարցի շուրջ էլ մեկնարկեց քննարկումը: Անդրադառնալով խնդրին՝ պրոֆեսոր Հարությունյանը նշեց, որ վարչական մարմնի նշանակված տուգանքի (մասնավորապես ՃՈ կողմից) վիճարկման գործեր քննելիս՝ պետությունը հաճախ մոտ տասն անգամ ավելի ծախս է կատարում ի համեմատ վիճարկվող տուգանքի, մանավանդ որ արդարադատական այդ գործընթացը կանխարգելիչ բնույթով էական ազդեցություն չի ունենում նմանօրինակ զանցանքների հնարավոր կանխման առումով:

Խնդրի լուծման իրենց տարբերակն առաջարկեցին գերմանացի փորձագետները՝ նշելով, որ միջազգային պրակտիկայում հաճախ ՃՈ ակտերի վիճարկման գործերը համարվում են փոքր քրեական գործեր և դուրս են վարչական դատարանի իրավասությունից կամ պարզ իրավախախտումների դեպքում բավարար է նախազգուշացում կիրառելը: Վարչական հաշտարարության ներդրումը ևս կնպաստի վարչական վեճերի արտադատական լուծմանը:

Փորձագետների համոզմամբ՝ օրենսդրության վերանայման կարիք ևս կա: Օրինակ, Գերմանիայում սոցիալական նպաստի գործերով վեճերի քննությունն անվճար է, մինչդեռ Հայաստանում՝ հակառակը, ՃՈ ակտերի վիճարկումն անվճար է, իսկ սոցիալական նպաստների վեճերով գանձվում է պետտուրք:

Ինչ վերաբերում է վարչական ակտերի բողոքարկման ինստիտուտին, գերմանացի փորձագետների ներկայացմամբ, միջազգային պրակտիկայում ցածր է բողոքարկման աստիճանը: Եվրոպական իրավունքի և պրակտիկայի տեսանկյունից` հաճախ բավարար է բողոքարկման մեկ կամ երկու ատյանը, այսինքն՝ կարելի է օգտվել սահմանափակ բողոքարկման դատավարական ինստիտուտից:

Կողմերն արձանագրեցին, որ անհրաժեշտ է ներդնել նաև վարչական բողոքարկման գործուն կառուցակարգ, և բողոքարկման հանձնաժողովում պետք է ներգրավված լինեն ոչ թե ոստիկաններ, այլ քաղաքացիական հասարակության և փաստաբանության ներկայացուցիչներ: Քննարկման առարկա դարձավ նաև վարչական դատավորների և ոստիկանների համար համատեղ սեմինարների կազմակերպումը, ինչը նրանց հնարավորություն կտա հստակ պատկերացնել, թե երբ է պետք տուգանել, երբ՝ նախազգուշացնել:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև վարչական արդարադատություն իրականացնելիս փոստային ծառայությունների ծախսատարության, ոչ օպտիմալ դատական տարածքների, ինչպես նաև վարչական արդարադատության հետագա զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ լուծումներ և օրենսդրական հնարավոր կարգավորումներ պահանջող հարցերին: 

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

28.06.2018

ՈՉ ՄԻԱՅՆ ԲԱՐՁՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ, ԱՅԼԵՎ ՊԱՏՇԱՃ ՎԱՐՔԱԳԻԾ

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 28-ին հանդիպում և աշխատանքային քննարկումներ ունեցավ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորների հետ:

Կարևորելով նման հանդիպումները հատկապես դատական իշխանության անկախության և արդարադատության արդյունավետության բարձրացման հիմնախնդիրների քննարկման տեսանկյունից՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հարությունյանն առանձնացրեց հատկապես երկու հիմնախնդիր:

Նախ՝ խելամիտ ժամկետներում գործի քննության երաշխավորումը և արդարադատության գործընթացի օպտիմալ կազմակերպումը: Երկրորդ՝ հետևողականությունն օրենսդրության պահանջների հստակ կատարման ուղղությամբ և անկախաբար արդարադատություն իրականացնելու անհրաժեշտ մշակույթի արմատավորումը:

Շեշտվեց նաև, որ 12-րդ դարում Մխիթար Գոշի «Դատաստանագրքում» կարևորվում էին ոչ միայն դատավորի հմուտ, գիտուն, օրենսգետ, անաչառ, անկաշառելի լինելու որակները, այլև նրա բարի, առաքինի, համբերատար լինելու հատկությունները: Դատավորի՝ նման որակներ ունենալու պահանջն այսօր էլ օրակարգային խնդիր է: Օրինակ՝ պատշաճ համբերատարության բացակայության վկայությունն է նաև այս օրերին համացանցում տեղակայված տեսանյութը՝ Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստի առնչությամբ:

Բարձրագույն դատական խորհրդի անդամները և Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներն անդրադարձան նաև դատարանների ծանրաբեռնվածության, դատական կազմերի ձևավորման, օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության և մի շարք այլ հիմնախնդիրների:

Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ նույն օրը Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպեց նաև Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի ընտրություն: Գաղտնի քվեարկության արդյունքներով ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

1. Մարաբյան Սերգեյ - 1
2. Ռշտունի Վազգեն - 8
3. Սահակյան Տիգրան -1

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ ընտրվեց Վազգեն Ռշտունին:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

25.06.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Հունիսի 25-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչական դատարանի դատավորների հետ:

Շնորհավորելով Վարչական դատարանի գործունեության 10-ամյակի կապակցությամբ՝ Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց հանդիպման հիմնական նպատակը, անդրադարձավ առանցքային որոշ հարցադրումների:

Կարևորվեց դատարանների ծանրաբեռնվածության, նյութատեխնիկական ապահովման, օրենսդրական կարգավորումների հետ կապված խնդիրների լուծումը: «Մեր գերագույն խնդիրներից մեկը դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափումն է: Մեկնարկել է պիլոտային ծրագիր՝ պարզելու դատարանների ծախսատարության հարցը: Եվ այդ մեկնարկը տրվել է հենց Վարչական դատարանից: Մեր նպատակն է ոչ թե խնդրի մեխանիկական վերհանումը, այլ բովանդակային վերլուծության ենթարկելը: Անելու ենք ամեն ինչ՝ ունենալու առավել բարձր որակի վարչական արդարադատություն»,- նշեց Խորհրդի նախագահը:

Ուշադրություն հրավիրվեց նաև արդարադատության իրականացման հարցում դատարանների հիմնական առաքելության վրա: Գագիկ Հարությունյանը հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի փորձելու խոչընդոտել դատավորին արդարադատական գործառույթն իրականացնելիս, սակայն հետևողական է լինելու դատավորների վարքագծին՝ թե՛ սոցիալական ցանցերում և թե՛ քաղաքացիների հետ շփումներում:

«Հաջողության հասնելու մեր հիմնական բաղադրիչը միասնական գործելն է, և մեր ջանքերը պետք է միտված լինեն դատավորի հեղինակության, արդարադատության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Մշտադիտարկման շնորհիվ հնարավոր կլինի նաև գնահատել յուրաքանչյուր դրական ու բացասական շարժընթաց»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը:

Քննարկմանն ակտիվ մասնակցություն ունեցան Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Վարչական դատարանի դատավորները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց մի շարք հրատապ հարցերով կազմակերպել հատուկ քննարկումներ՝ դրանց մասնակից դարձնելով նաև փորձագետների։

Օրակարգային հարցերի քննարկումից զատ նախատեսված էր նաև ՀՀ վարչական դատարանի նախագահի ընտրություն:

Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածով, ՀՀ վարչական դատարանի 22 դատավորների կազմից դատարանի նախագահ ընտրեց Աղասի Դարբինյանին:

Առավելագույն ձայներ ստացել էին.

1. Դարբինյան Աղասի - 6 կողմ
2. Ղազարյան Արգիշտի - 3 կողմ
3. Սոսյան Գևորգ - 1 կողմ

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

21.06.2018

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ

Բարձրագույն դատական խորհուրդը բացառիկ կարևորություն է տալիս դատավորի թեկնածուների և դատավորների անձնական և բարոյական որակներին, որոնք զետեղված են Դատական իշխանության պաշտոնական կայքում տեղադրված հետևյալ փաստաթղթերում.

Դատավորների անկախության եվրոպական չափորոշիչները
Դատավորներին և դատավորի թեկնածուների հավակնորդներին ներկայացվող պահանջների գնահատման չափորոշիչները:

 

Քաղաքացիների կողմից Բարձրագույն դատական խորհրդին ուղղված դիմումներում հաճախ է շոշափվում առանձին դատավորների կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հանգամանքը:

Ելնելով հիշյալ փաստաթղթերում սահմանված չափորոշիչներից՝ Բարձրագույն դատական խորհուրդը հորդորում է բոլոր դատավորներին և դատավորի թեկնածուների հավակնորդներին.

1. Իրենց գործունեության մեջ և հանրային պահվածքում հետևողականություն դրսևորել վերոհիշյալ չափանիշերին համահունչ վարքագծի կանոնները պահելու հարցում, քաղաքացիների հետ շփումներում և սոցիալական ցանցերում դրսևորել դատավորի վարքագծից բխող պահվածք՝ չմոռանալով, որ դատավորն այն անձն է, ով սահմանադրորեն լիազորված է հանդես գալու Հայաստանի Հանրապետության անունից:

2. Իրենց անձին վերաբերող հանրային հնչեղություն ունեցող ցանկացած հարցադրման վերաբերյալ ունենալ համարժեք մոտեցում և արձագանք (կարող եք անհրաժեշտ տեղեկատվական խորհրդատվություն ստանալ Դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից):

3. Բարձրագույն դատական խորհրդի միջամտությունը պահանջող հարցերով դիմել Խորհրդին:

Տեղեկացվում է նաև, որ Բարձրագույն դատական խորհուրդը ձևավորել է Զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատող խումբ, որը, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է շուրջօրյա մշտադիտարկում՝ դատական իշխանության վերաբերյալ ԶԼՄ-ների տարբեր հաղորդագրությունների առնչությամբ, և դրանց կարևորությունից ու հիմնավորվածությունից ելնելով՝ արձագանքում:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

20.06.2018

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ ԴԻՄԱԾ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ

Վերջին շրջանում առանձին քաղաքացիներ, ինչպես նաև փաստաբաններ, դիմում են Բարձրագույն դատական խորհրդին՝ առանձին դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու խնդրագրերով: Նման դիմումները վկայում են, որ օրենսդրության պահանջներին ոչ բոլորն են քաջատեղյակ: 

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծումը, հանդիսանալով Բարձրագույն դատական խորհրդի կարևոր լիազորություններից մեկը, իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ գլխում ամրագրված են դատավորի կարգապահական պատասխանատվության իրավակարգավորումները:

Սահմանելով դատավորի կարգապահական պատասխանատվության հիմքերը, վարույթ հարուցելու ժամկետները, առիթները, վարույթի ընթացակարգը` Օրենսգրքի 145-րդ հոդվածով միաժամանակ նախատեսված է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունի բացառապես երկու մարմին՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ձևավորված կարգապահական հարցերի հանձնաժողովը, որը Բարձրագույն դատական խորհրդին ենթակա մարմին չէ, և պետական լիազոր մարմինը, որը եղել և շարունակում է հանդիսանալ Արդարադատության նախարարը: /http://hetq.am/arm/news/90190/datakan-departamentn-ardzaganqel-e-hetq-i-hraparakmany.html /

Օրենսգրքի 148-րդ հոդվածով սահմանված է իրավասու սուբյեկտների կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու կարգը:

Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան: Ակնհայտ է, որ դատարանը չի կարող լինել վարույթ հարուցող ու միաժամանակ գործը քննող մարմին:

Ելնելով գործող օրենսդրության պահանջներից՝ անհրաժեշտ է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցերով նախապես դիմել վերոնշյալ երկու մարմիններից մեկին:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն