Նորություններ

RSS
image

14.06.2019

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Սույն թվականի հունիսի 14-ին, ժամը 16.00-ին նշանակված էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշման հրապարակումը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայության դեպքում և հաշվի առնելով, որ ներկա պահին Բարձրագույն դատական խորհրդի անդամների թվի անբավարարության պատճառով նիստն իրավազոր չէ, ուստի Բարձրագույն դատական խորհրդի կողմից այսօր հրավիրված նիստը չի կայանա:

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

image

12.06.2019

ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՅՏԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Այսօր՝ հունիսի 12-ին, քաղհասարակության ներկայացուցիչների, լրագրողների մասնակցությամբ տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների ՀՀ 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2020 թվականի բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկումը։

Բացման խոսքում Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ նման ձևաչափով դատական իշխանության բյուջետային հայտի նախագծի քննարկում կազմակերպելու հրամայականը պայմանավորված է դատական իշխանության հանրային հաշվետվողականությունն ու թափանցիկությունը բարձրացնելու հետևողական անհրաժեշտությամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 24.05.2019թ. գրությամբ։

Հակիրճ ներկայացնելով Դեպարտամենտի կողմից մշակված բյուջեի նախագիծը՝ դեպարտամենտի ղեկավարը նշեց, որ դատական համակարգի 2020 թ․-ի բյուջետային հայտը կազմում է 21,195,745,000 դրամ, որը պլանավորվում է իրականացնել մեկ ծրագրի շրջանակներում։ Այն իր մեջ ներառում է 22 միջոցառում, որից 16-ը վերաբերում են ՀՀ դատարաններին` առանձին-առանձին, 1-ը՝ Բարձրագույն դատական խորհրդին և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնին, 1-ը՝ դատարանների պահուստային ֆոնդին, իսկ մյուս 4-ը հանդիսանում են ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր։

Դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչության պետ Լիլիանա Գասպարյանն էլ իր հերթին հանգամանորեն ներկայացրեց բյուջետային հայտի նախագծի կազմման, մշակման աշխատանքները։ Նա նաև անդրադարձավ իրենց կողմից կատարված միջազգային փորձի ուսումնասիրությանը՝ հատկապես շեշտելով Նիդերլանդների օրինակը, որը հիմնականում հիմք է հանդիսացել բյուջետային հայտի նախագծի մշակման համար։

Ներկայացվեց նաև բյուջետային հայտի նախագծի կառուցվածքը, որն իր մեջ ներառում է պետական մարմնի ռազմավարության ընդհանուր նկարագրությունը և պետական մարմնի կողմից իրականացվող բյուջետային ծրագրերն ու միջոցառումները։

Շեշտվեց, որ բյուջետային ֆինանսավորման այս հայտի կազմման ժամանակ հատկապես կարևորվել են այնպիսի նպատակային ծրագրերի իրականացումը, որոնք վերաբերում են էլեկտրոնային արդարադատության փուլային ներդրմանը, դատական գործերի կառավարման ժամանակակից թվայնացված համակարգին, արդարադատության համակարգի մշտադիտարկմանը, արդարադատության ծախսատարության կրճատմանը, դատական արխիվների և ընթացիկ գործերի ամբողջական թվայնացման համակարգի արմատավորմանը, դատարանների շենքային ու նյութատեխնիկական պայմանների որակական բարելավմանը, դատարանների ու դատավորների նյութական ու սոցիալական անկախության անհրաժեշտ ու բավարար երաշխիքների ապահովմանը, դատավորների օպտիմալ ծանրաբեռնվածության ապահովմանը, նրանց գործունեության գնահատման՝ օբյեկտիվ չափանիշների վրա խարսխված համակարգի ներդրմանը և այլն:

Դրանք բոլորն անհրաժեշտ պայմաններ են սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը նվազագույնի հասցնելու, անկախ, անաչառ, մատչելի, արդյունավետ ու հաշվետու արդարադատություն ունենալու համար։ Այն իր հերթին կհանգեցնի ՀՀ-ում մակրոտնտեսական ցուցանիշների բարելավմանը, մասնավորապես՝ զգալի կավելանան ներդրումները, ինչն էլ մեծապես կնպաստի ՀՆԱ-ի աճին:

Քննարկման ժամանակ քաղհասարակության ներկայացուցիչների կողմից հնչեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին ինչպես բյուջետային հայտում նշված առանձին դրույթներին, այնպես էլ դատական իշխանության առջև ծառացած ընդհանուր խնդիրներին։

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Ա․ Մեսրոպյանը նշեց, որ այս տարի պետական կառավարման մարմինների հաջորդ տարվա բյուջետային հայտերի և 2020-2022 թթ․ միջնաժամկետ ծախսերի քննարկումն իրենց նախաձեռնությունն է, որն իրականացվում է «Բյուջե բոլորի համար» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ֆինանսների նախարարության աջակցությամբ և ՀՀ կառավարության անմիջական հանձնարարությամբ։

Հանդիպման ավարտին տեսակետ հնչեց, որ նման ձևաչափով հանրային քննարկումները հասարակություն-պետական կառույց կապը դարձնում են առավել բաց և թափանցիկ։

Հ․Գ․ Քննարկման համար նախատեսված նյութերը տեղադրված են դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am)

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

12.06.2019

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐՆ Է ՍԵՐԳԵՅ ՉԻՉՈՅԱՆԸ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, նույն հոդվածի 2-րդ մասի և 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքերով 2019 թվականի հունիսի 7-ին դիմում էր ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր լիազորությունները ս․թ․ հունիսի 10-ից դադարած համարելու առնչությամբ։ Տվյալ դեպքում հրաժարական ներկայացնելն ինքնին իրավունքի ուժով հիմք է` Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարած համարելու համար։

Հիշյալ դիմումի առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով, կայացրել է որոշում՝ արձանագրելով Գևորգ Դանիելյանի հրաժարական ներկայացնելու փաստը։

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ Խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանին։


 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն