ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Միաժամանակ սահմանվել է, որ Դատավորների կարգավիճակին վերաբերող մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 13-րդ գլխի դրույթներով ամրագրվել է, որ Դատավորների ընդհանուր ժողովը դատավորների ինքնակառավարման մարմին է։

Դատավորների ընդհանուր ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից, որոնք ի պաշտոնե Դատավորների ընդհանուր ժողովի անդամներ են:

Հերթական Դատավորների ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ` Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից: Արտահերթ Դատավորների ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ, դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածով ամրագրվել են Դատավորների ընդհանուր ժողովի հիմնական գործառույթները:

Դատավորների ընդհանուր ժողովի հիմնական լիազորություններից է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների ընտրությունը:

Դատավորների ընդհանուր ժողովի կարևոր լիազորությունների է նաև Կարգապահական հարցերի հանձնաժողովի և Ուսումնական հարցերի հանձնաժողովի ձևավորումը:

Յուրաքանչյուր հանձնաժողով իր կազմից հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը:

Դատավորների ընդհանուր ժողովը` որպես դատավորների ինքնակառավարման մարմին, կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով ամրագրված Հայաստանի Հանրապետության դատարանների՝ ի դեմս դատավորների գործունեության արդյունավետ իրականացումը:


 

Գործառույթներ

Հոդված 74.

Դատավորների ընդհանուր ժողովի կարգավիճակը և գործունեության կարգը

 

5. Ընդհանուր ժողովն իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) քննարկում և Բարձրագույն դատական խորհուրդ և այլ իրավասու պետական մարմիններ է ներկայացնում դատարանների գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ.

2) ձևավորում է Կարգապահական, Ուսումնական հարցերի հանձնաժողովներ և իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար՝ աշխատանքային խմբեր.

3) հաստատում է իր, հանձնաժողովների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև աշխատանքային խմբերի գործունեության կարգը.

4) ընտրում և առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավոր անդամների թեկնածությունները.

5) ընտրում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին.

6) հաստատում է դատավորի պատմուճանի նկարագրությունը և տրամադրման կարգը.

7) սահմանում է դատավորի էթիկայի կանոնները.

8) քննարկում է դատարանների աշխատակազմերի տարեկան գործունեության վերաբերյալ Դատական դեպարտամենտի հաղորդումը.

9) իրականացնում է այլ գործառույթներ: