ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

24.09.2019

image

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ:

Պատվիրակությանը՝ Համաշխարհային բանկի կառավարման մասնագետ Դանիելա Ֆելքմանի գլխավորությամբ, ընդունեցին Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Անի Մխիթարյանը, Հայկ Հովհաննիսյանը և Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

Հանդիպման նպատակն էր դատաիրավական համակարգի և հակակոռուպցիոն ռազմավարությանն առնչվող հարցերի քննարկումը, արդարադատության ոլորտի բարեփոխումների հարցում Համաշխարհային բանկի կողմից հնարավոր օժանդակության ու տեխնիկական աջակցության շրջանակների հստակեցումը: Անդրադարձ եղավ նաև արդարադատության ոլորտի ֆունկցիոնալ ուսումանսիրության նպատակով էլ-հարցման անցկացման հարցում Խորհրդի աջակցության կարևորությանը:

Ողջույնի իր խոսքում՝ Խորհրդի նախագահն ընդգծեց դատաիրավական ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած երկարամյա արդյունավետ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ այն շարունակվելու է և տալու է իր պտուղները: Ռուբեն Վարդազարյանն իր խոսքում նաև նկատեց, որ այսօր Բարձրագույն դատական խորհուրդը կառավարության կողմից ընկալվում է որպես վստահելի գործընկեր և, որպես դատական իշխանության քաղաքականությունը որոշող սահմանդրական մարմին, ցանկություն կա անմիջական և ուղիղ աշխատելու միջազգային բոլոր գործընկերի հետ:

Դանիելա Ֆելքմանը, շնորհակալություն հայտնելով Խորհրդին ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար, կարևորեց Բարձրագույն դատական խորհրդի դերը արդարադատության ոլորտի զարգացման գործում:

Հանդիպման ավարտին տեղի ունեցավ մտքերի փոխանակում, քննարկվեցին գործնական նշանակության այլ հարցեր ևս:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Կիսվել

նկարներ