ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԻՏԱԼԻԱՅԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

25.11.2019

image

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իտալիայի Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունն այսօր՝ նոյեմբերի 25-ին, հյուրընկալվեց Բարձրագույն դատական խորհրդում:

Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին, Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դեվիթ Էրմինիին, Խորհրդի անդամ Միքելե Չերաբոնային, Խորհրդի անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Պաոլո Սպազիանիին, Արտաքին հարցերի պատասխանատու Ալեսանդրա Ֆրայեգարիին և պատվիրակության մյուս անդամներին հյուրընկալեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը, Վիգեն Քոչարյանը, Մեսրոպ Մակյանը և Սերգեյ Չիչոյանը:

Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ողջունելով հյուրերի առաջին այցը Հայաստան, կարևորեց երկու երկրների դատական իշխանությունների միջև սերտ համագործակցությունը: Նա իր խոսքում նկատեց, որ թեև Հայաստանն ունի դարերի պատմություն, այնուամենայնիվ, Բարձրագույն դատական խորհուրդը բավականին երիտասարդ է, անելիքներ շատ կան, և իտալացի գործընկերների փորձը կարող է օգտակար լինել Հայաստանում դատական իշխանության զարգացման համար:  

Հանդիպմանը Խորհրդի անդամները հյուրերից հետաքրքրվեցին իտալական դատական համակարգի ընդհանուր ֆինանսավորման, բյուջետային հայտերի կազմման, ֆինանսական հոսքերի կառավարման ընթացակարգերով, ինչպես նաև դատավորներին կարգապահական պատասխանտվության ենթարկելու մեխանիզմներին, օրենսդրական կարգավորումներին, դատավորի սոցիալական երաշխիքներին առնչվող հարցերով:

Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դեվի Էրմինին, Խորհրդին շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար, նկատեց, որ արդեն հասցրել են զգալ Հայաստանի պատմության շունչը և ընդգծեց, որ այս այցը կարևոր է երկու երկրների դատական իշխանությունների միջև կապն առավել ամրապնդելու և զարգացնելու համար: Նա իր խոսքում նշեց, որ արդարադատությունն այն մեծ գործիքն է, որը խաղաղ դեր է կատարում ազգերի միջև արդյունավետ փոխգործակցության տեսանկյունից: 

Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն իր շնորհակալական խոսքում ևս նկատեց, որ երկու երկրների միջև համագործակցության հիմքերն ամուր են, և յուրաքանչյուր քայլ, նախաձեռնություն ուղղված է իրավունքի գերակայության ամրապնդման համար:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակում, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: 

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Կիսվել

նկարներ

Վիդեոներ