ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

13.03.2020

image

2020 թվականի մարտի 11-ին «Փաստ» օրաթերթի և մարտի 12-ին «168 Hours» օրաթերթի համացանցային լրատվական կայքերում տարածվել է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն: Մասնավորապես այն մասին, որ «Վարչական դատարանի բոլոր դատավորներին «հասկացրել» են, որ այսուհետ պետության դեմ վճիռները պետք է հասցվեն նվազագույնի, եթե ամբողջությամբ բացառելը հնարավոր չէ, իսկ որոնք արդեն իսկ կայացվել են, պետք է բեկանվեն»:
Վերոհիշյալ հրապարակումները բացահայտ սուտ են և Վարչական դատարանի բարձր հեղինակությունը ստվերելու անհաջող փորձ:

Վարչական դատարանն իր գործունեության ողջ ընթացքում վայելել և շարունակում է վայելել անկախ, անաչառ և բարձր մասնագիտական և կամային հատկանիշներ ունեցող դատավորներից կազմված դատական իշխանության մարմնի համբավ: Իրավաբանական հանրությունը բազմիցս ընդգծել է Վարչական դատարանի դատավորների ինչպես պրոֆեսիոնալիզմի, այնպես էլ բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով առաջնորդվելու մասին:
Անժխտելի է նաև Վարչական դատարանի դերը վարչական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման գործում: Վարչական դատարանի օբյեկտիվ և անաչառ դատական ակտերը բազմաթիվ դեպքերում ուղենիշ են հանդիսացել և հանդիսանում վարչական մարմինների համար՝ բարելավելու վարչարարությանն ուղղված իրենց գործունեությունը, ինչի արդյունքում էապես բարելավվել է նաև վարչական մարմինների իրավակիրառ պրակտիկան:
Իսկ սուտ և իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունները որևէ օգուտ չեն բերում իրավական պետության իրավագիտակցության զարգացմանը, դրանք ընդամենը Վարչական դատարանի կարևոր առաքելությանը վնասելու անհարկի փորձեր են:

Վարչական դատարանի պատասխանը նմանատիպ հայտարարություններին մեկն է՝ Վարչական դատարանի դատավորները գործել են, գործում են և գործելու են անկախ, անաչառ, կաշկանդված լինելով բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, և ոչ ոք չի կարող խոչընդոտել նրանց բարձր առաքելության իրականացմանը:

 

ՀՀ վարչական դատարան

Կիսվել