ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԻՎ ԵԴ/0019/14/20 ԳՈՐԾՈՎ ԸՆԴԴԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՃԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.06.2020

image

Թիվ ԵԴ/0019/14/20 գործով 04.06.2020 թվականին կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն անդրադարձել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման ընդդատության հետ կապված կարգավորումների մեկնաբանությանը

 

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Հ. Մանուկյան) դիմումի հիման վրա 04.06.2020թ. որոշմամբ լուծել է թիվ ԵԴ/0019/14/20 գործի տարածքային ընդդատության հարցը: 

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն արձանագրել է, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները պատիժ չհանդիսացող դատավարական հարկադրանքի միջոցներ են, որոնց միջոցով իրականացվում է պրևենտիվ արդարադատություն` ուղղված անձի սոցիալական ռեաբիլիտացիայի և բուժման ապահովմանը, ինչն էլ իր հերթին նպաստում է նրա կողմից հիվանդությամբ պայմանավորված այլ հակաիրավական արարքների կատարման կանխմանը։ Նման պայմաններում, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը եզրահանգել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, որոնք կարգավորում են պատժի կրման հետ կապված հարցերի լուծման ընդդատության կարգը, կիրառելի չեն բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների նկատմամբ։ Ուստի, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների հետ կապված հարցերի լուծման ընդդատությունը ենթակա է որոշման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կիրառմամբ: Մասնավորապես, նշված կարգավորումների հաշվառմամբ, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի ի կատար ածման հետ կապված հարցերը լուծում է այն նշանակած դատարանը, բացառությամբ այն դեպքի, երբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցն ի կատար է ածվում այդ դատարանի դատական տարածքից դուրս։ Տվյալ դեպքում, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի ի կատար ածման հետ կապված հարցերը լուծում է տվյալ դատական տարածքի դատարանը։

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը նաև փաստել է, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման ընդդատության հետ կապված կարգավորումներ թեև նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 465-րդ հոդվածի 3-րդ մասում և 472-րդ հոդվածի 3-րդ մասում, սակայն դրանք կիրառելի են համապատասխանաբար անմեղսունակ անձանց և դեպքից հետո հոգեկան հիվանդությամբ հիվանդացած անձանց նկատմամբ։ Ընդդատության հարցի լուծման այդ հատուկ կարգավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշված դեպքերում ևս բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հարցերի լուծման իրավասությունն օրենսդիրը վերապահել է այն դատարանին, որի դատական տարածքում ի կատար են ածվում դրանք:

Կիսվել

ֆայլեր