Նորություններ

RSS
image

08.10.2019

ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ- ՔԱՂՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին: Քննարկվել են վերջիններիս կողմից Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման ճանապարհին առաջարկվող ծրագրային ռազմավարական դրույթները և դրանց իրագործման հարցում Բարձրագույն դատական խորհրդի դերը: Ծրագրային հիմնադրույթների և գործողությունների շրջանակը վերաբերում է.

• վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների, պրոբացիայի և խնամակալության ինստիտուտների կարողությունների և դիրքի ամրապնդմանը,

• ՔՀԿ-ների և մեդիայի՝ բարեփոխումների ընթացքը վերահսկելու կարողությունների բարելավմանը,

• պետական կառույցների ու քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ու պատշաճ հաղորդակցության խթանմանը։

Բարձրագույն դատական խորհուրդը վերահաստատել է իր պատրաստակամությունը բաց, կառուցողական համագործակցության և ընդգծել, որ ողջունում է դատական իշխանության հեղինակության բարձրացմանը, հանրության կողմից օբյեկտիվ ընկալմանը նպաստող ցանկացած նախաձեռնություն:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

08.10.2019

ԻՏԱԼԻԱՅԻ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՅՑԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Բարձրագույն դատական խորհուրդն ընդունեց Արդարադատության ակադեմիայի հրավերով Հայաստան ժամանած Իտալիայի բարձրագույն դատական դպրոցի ներկայացուցիչներին:

Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին, Իտալիայի բարձրագույն դատական դպրոցի փոխնախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, դատավոր Լուիսա Նապոլիտանոյին և դպրոցի կառավարման խորհրդի անդամ, դատավոր Լուկա Պերիլիին հյուրընկալեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Անի Մխիթարյանը և Հայկ Հովհաննիսյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը:

Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց երկու երկրների դատական իշխանությունների միջև սերտ համագործակցությունը, միջազգային լավագույն փորձի փոխանակման և տեղայնացման հարցում նաև իտալական դատական դպրոցի դերը:

Հանդիպմանը Խորհրդի անդամները հյուրերից հետաքրքրվեցին դատավորների թեկնածուների ընտրության, դատավորների վերապատրաստման և կարգապահական վարույթների հարուցման իտալական փորձով: Անդրադարձ եղավ նաև դատավորների գնահատման համակարգի տարբեր բաղադրիչների արդյունավետ կիրառման գործիքակազմերին, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանում դատավորների գնահատման համակարգի ներդրման ճանապարհին:

Դեսպան Դել Մոնակոն իր շնորհակալական խոսքում կարևորեց Հայաստանի և Իտալիայի միջև երկկողմանի առկա հարաբերությունների ամրապնդումը և շեշտեց իր անմիջական հետևողականությունն այդ հարաբերությունների հետագա զարգացման հարցում:  

Լուկա Պերիլին էլ իր հերթին փոխանցեց Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի պատրաստակամությունը երկու երկրների դատական բարձրագույն մարմինների միջև փոխգործակցության ակտիվացման նպատակով, որի ապացույցը Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի անդամների առաջիկա այցն է Հայաստան: Նա անդրադարձավ նաև Հայաստանի և Իտալիայի դատական իշխանություններն միջև նմանություններին և ընդհանուր գծերին, որոնցով էլ պայմանավորված՝ ավելի արդյունավետ կդառնա երկու երկրների դատական մարմինների միջև արդյունավետ համագործակցությունը:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

07.10.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիրը, վերջինիս աշխատակազմի ղեկավար Ջոշ Քոնոլին, կոնգրեսական, Հանձնաժողովի անդամ Ջուդի Չուն:

Կոնգրեսականներին ընդունեցին Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Սերգեյ Չիչոյանը և Հայկ Հովհաննիսյանը:

Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահը ներկայացրեց օրենսդրությամբ Բարձրագույն դատական խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակն ու Խորհրդի գործունեության կարճ ժամանակահատվածում արված աշխատանքը:

Հյուրերը հետաքրքրվեցին դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերով, նրանց գույքային դրությանն ու բարեվարքությանն առնչվող հարցերով, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի ապահովման և արդարադատության կառավարման համակարգն արդյունավետ դարձնելու գործում Խորհրդի ունեցած դերով:  

Խորհրդի կողմից նշվեց, որ ուշացած արդարադատությունն անարդյունավետ արդարադատություն է, և Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքներ է տանում գործերի քննության ողջամիտ ժամկետների արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ: Իր խոսքում Խորհրդի նախագահը նաև նկատեց, որ արդար դատաքննության բոլոր բաղադրիչներն առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է առնվազն երեք անգամ ավելացնել դատավորների թիվը, մինչդեռ այսօր կա դատավորի 13 թափուր հաստիք: 

Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիրը շնորհակալություն հայտնեց Խորհրդին իրենց հյուրընկալելու համար և ընդգծեց Բարձրագույն դատական խորհրդի հետ արդյունավետ փոխգործակցելու իրենց հաստատակամությունը:

Հանդիպման ավարտին Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր հերթին նկատեց, որ բաց են և պատրաստակամ հետագայում ևս ցանկացած հարցի կառուցողական և առարկայական քննարկման համար:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

03.10.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, հյուրընկալեց Հայաստանում ԵՄ դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին, Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների բաժնի Հայաստան, Ադրբեջան, Բելառուս խմբի ղեկավար Դոռոտա Դլոուչի-Սալիգային, ԵԽ Հայաստանի հարցերով բաժնի ղեկավար Կատարզինա Սոբիեռային, Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո դե լա Ռոսային, ԵՄ քաղաքական հարցերով պատասխանատու Եկատերինա Դորոդնովային և ԵՄ ծրագերի պատասխանատու Իրինա Մովսեսյանին:

Պատվիրակության անդամներին ընդունեցին Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Սերգեյ Չիչոյանը, Անի Մխիթարյանը, Վիգեն Քոչարյանը, Մեսրոպ Մակյանը, Հայկ Հովհաննիսյանը, Գրիգոր Բեքմեզյանը:

Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կարևորեց Խորհրդի՝ ընդգրկուն կազմով այս հանդիպումը և ընդգծեց Խորհրդի կողմից գործընկեր միջազգային կառույցների հետ բաց և թափանցիկ աշխատելու հաստատակամությունը, ցանկացած հարց քննարկելու պատրաստակամությունը:

Հանդիպման ժամանակ դատաիրավական բարեփոխումների համատեքստում քննարկվեցին Կառավարության կողմից մշակված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների Ռազմավարական ծրագրի ուղղությունները, դրանց արդյունավետ իրագործման մեխանիզմները, հեռանկարները, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմամբ արդարադատական գործընթացներն առավել թափանցիկ և հաշվետվողական դարձնելու անհրաժեշտությունը, դատական իշխանությանը վերաբերող այլ հարցեր:

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին հանդիպման համար՝ կարևորելով դատաիրավական բարեփոխումների իրականացման հարցում Բարձրագույն դատական խորհրդի հետ համագործակցությունն առավել սերտ և գործուն դարձնելու անհրաժեշտությունը:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում, նախանշվեցին և հստակեցվեցին հետագա փոխգործակցության ուղղություններն ու շրջանակները:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

27.09.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ

Բարձրագույն դատական խորհուրդը երեկ՝ սեպտեմբերի 26-ին, արտագնա նիստ անցկացրեց Գյումրիում։ Խորհուրդը հանդիպեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի և դատավորների հետ։

Հանդիպում-խորհրդակցության ժամանակ քննարկվեցին արդյունավետ արդարադատություն ունենալու գործիքակազմերը, դատական համակարգում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները:

Անդրադարձ եղավ դատավորներին հետաքրքրող տարբեր հարցերի ևս: Հիմնականում ուշադրության առանցքում էին դատավորների ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու անհրաժեշտությունը, գործերի բաշխման կարգը:

Նշվեց, որ Խորհուրդը քաջատեղյակ է դատավորներին հուզող հարցերին, և գործուն քայլեր են ձեռնարկվում առաջնահերթ խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու ուղղությամբ: Կարևորվեց նաև էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմամբ դատական իշխանության արդյունավետության և հանրային հաշվետվողականության բարձրացման ապահովումը:

Հանդիպման ժամանակ տեղի ունեցավ բաց քննարկում: Դատավորների կողմից ներկայացվեցին նաև ոլորտում նկատելի խնդիրների հաղթահարման առաջարկություններ:  

Աշխատանքային հանդիպման ավարտին Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ու անդամները շրջայց կատարեցին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու և Մարալիկի, ինչպես նաև Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Թալինի նստավայրերում, տեղում ծանոթացան գրասենյակի, արխիվի և կարգադրիչների ծառայության աշխատանքների կազմակերպման գործընթացին:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն