Նորություններ

RSS
image

17.09.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐԻՆ

Սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը Վճռաբեկ դատարանի նախագահին և պալատների դատավորներին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նորանշանակ դատավոր Էդգար Սեդրակյանին:

ԲԴԽ նախագահը շնորհավորեց նորանշանակ դատավորին՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանի անդամ լինելը և՛ պատվաբեր է, և՛ պարտավորեցնող: Նախագահը, հաջողություն մաղթելով Էդգար Սեդրակյանին, նաև հույս հայտնեց, որ նա իր ներդրումը կունենա կոլեկտիվ մտածողության մթնոլորտ ստեղծելու հարցում:

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը ևս ողջունեց նորանշանակ դատավորին՝ Քաղաքացիական և վարչական պալատի նոր համալրման կապակցությամբ:

Հիմք ընդունելով Ազգային ժողովի՝ 2018 թվականի սեպտեմբերի 13-ի «Էդգար Սեդրակյանին Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-018-Ա որոշումը՝ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախագահ Արմեն Սարգսյանի՝ 2018թ. սեպտեմբերի 15-ի ՆՀ-408-Ա հրամանագրով՝ Էդգար Սեդրակյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր:

Ազգային ժողովի 105 պատգամավորի կողմից գաղտնի քվեարկությանը մասնակցած 89 պատգամավորից Էդգար Սեդրակյանի օգտին քվեարկել էր 67 պատգամավոր: Թեկնածուներ Արգիշտի Ղազարյանը ստացել էր 11 կողմ ձայն, Արծրուն Միրզոյանը`9-ը: Երկու քվեաթերթիկ ճանաչվել էր անվավեր:  

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

13.09.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Սեպտեմբերի 13-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական և վարչական պալատների դատավորներին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Երվանդ Խունդկարյանին:

ԲԴԽ նախագահը, շնորհավորելով Երվանդ Խունդկարյանին, կարևորեց Վճռաբեկ դատարանի դերն ու դերակատարությունը սահմանադրական առաքելությամբ արդարադատություն իրականացնելիս: «Մենք պետք է կարողանանք ստեղծել արդարադատական նոր մշակույթ: Վստահ եմ, որ այս մեկնակետից ենք սկսում մեր առջև դրված խնդիրների լուծումը և դրան կարող ենք հասնել ձեր կողմից ընդունած դատական ակտերի, որոշումների նոր որակի ապահովման միջոցով»:

Գ. Հարությունյանն անդրադարձավ նաև Հայաստանում արդարադատության արդյունավետության ու դատարանների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման հայեցակարգային մոտեցումներին՝ հույս հայտնելով, որ Վճռաբեկ դատարանը և նրա նորընտիր նախագահը հետևողական կլինեն դրանք կյանքի կոչելու հարցերում:

Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն իր հերթին շնորհակալաություն հայտնեց Բարձրագույն դատական խորհրդին, Օրենսդիր մարմնին իրեն վերապահված վստահության համար:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Հայկ Հովհաննիսյանը և Սերգեյ Մեղրյանը:

Բարձրագույն դատական խորհուրդը Ազգային ժողովին էր ներկայացրել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 85-ը, 1 քվեաթերթիկ համարվել է անվավեր, 74-ը կողմ է քվեարկել, 10-ը՝ դեմ:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

12.09.2018

ՏԵՂԻՔ ՉՊԵՏՔ Է ՏԱԼ ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐԻ...

Դատական իշխանության անկախության երաշխավորման առկա խնդիրների լուծումը պահանջում է առավել հետևողականությամբ կյանքի կոչել իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքի պահանջները, իշխանության բոլոր ինստիտուտների գործունեության հիմքում դնել իրավունքի գերակայությունը՝ հաշվի առնելով, որ դատական իշխանության գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության երաշխիքների հետագա ամրապնդումն անկյունաքարային նշանակություն ունի մեր երկրում իրավական պետության կայացման համար:

Դատական իշխանության անկախության երաշխավորման համար անհրաժեշտ է Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի ապրիլի 12-ի՝ «Դատարանների կամ դատավորի անկախությունը վտանգող հնարավոր դրսևորումները կանխելու մասին» թիվ ԲԴԽ-2-Ո-3 որոշման հետևողական կատարման ապահովումը՝ ինչպես դատավորների, այնպես էլ հանրային իշխանության յուրաքանչյուր մարմնի ու պաշտոնատար անձի կողմից:

Սեպտեմբերի 11-ին և 12-ին համացանցում և զանգվածային լրատվամիջոցներով դատական իշխանությանն առնչվող քննարկումերի առնչությամբ անհրաժեշտ է, որ քաղաքական առանձին շահարկումների և չփաստարկված ու չապացուցված տեսակետներ արտահայտելու փոխարեն իրավասու մարմինները օրենքով սահմանված կարգով բացահայտեն տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և անեն իրավաչափ եզրահանգում, որի շահառուներն են մեր պետությունն ու հասարակությունը:

 

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

image

10.09.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐԻՆ

Սեպտեմբերի 10-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին և դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավոր Դիանա Հովհաննիսյանին:

ԲԴԽ նախագահը շնորհավորեց նորանշանակ դատավորին և հաջողություն մաղթեց՝ հույս հայտնելով, որ Դիանա Հովհաննիսյանն իր մասնագիտական գիտելիքներն ու ողջ ներուժը կներդնի արդյունավետ արդարադատություն իրականացնելու պատասխանատու գործում:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի ՆՀ-383-Ա հրամանով՝ Դիանա Հովհաննիսյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի օգոստոսի 2-ի ԲԴԽ-30-Ո-68 որոշմամբ ներկայացված առաջարկությունը:

Դատավորների հետ կայացած հանդիպման ժամանակ՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունում արդյունավետ արդարադատության համալիր բարելավման հայեցակարգին, պատասխանեց նաև դատավորներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին դատավորի սոցիալական անկախության երաշխիքներին, նյութատեխնիկական և օրենսդրական բնույթի առկա խնդիրներին: ԲԴԽ նախագահը կրկին անգամ շեշտեց, որ Խորհուրդը բաց է և պատրաստակամ՝ դատավորների հետ պարբերաբար հանդիպելու և քննարկելու դատական իշխանությանը վերաբերող առանցքային բոլոր հարցերը:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

07.09.2018

Ի ՊԱՏԱՍԽԱՆ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԻ «ԻՆՉ ԱՐԵԼ ԵՆ, ԼԱՎ ԵՆ ԱՐԵԼ» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

Բարձրագույն դատական խորհուրդը ողջամտորեն ակնկալում է, որպեսզի մամուլի հրապարակումները չլինեն մտացածին, չխաթարեն անկախ դատական իշխանության կայացման բնականոն գործընթացը, իսկ դրա երաշխիքներից մեկը, թերևս, իրականության հետ որևէ աղերս չունեցող «հավաստի տեղեկություններ» հրապարակելու գրավչությունից զերծ մնալն է:

Օրաթերթի 07.09.2018 թվականի «Ինչ արել են, լավ են արել» վերտառությամբ հրապարկման մեջ, թերևս, իրականությանը համապատասխանող միակ փաստն այն է, որ Բարձրագույն դատական խորհրդի երկու որոշում վիճարկվում է գաղտնի քվեարկության արդյունքներով անհրաժեշտ ձայներ չստացած երեք դատավորների կողմից:

Իմպերատիվ ոճով ներկայացված մյուս «փաստերը» իրականությանը պարզապես չեն համապատասխանում: Նախ, Բարձրագույն դատական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով դատավորներն ստորագրահավաք չեն նախաձեռնել, ու նման նիստ տեղի չի ունեցել: Ամբողջ խնդիրն այն է, որ դրա կարիքն էլ չունեն, քանզի «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի համաձայն, դատավորն ունի անհապաղ ընդունելության իրավունք Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և մյուս անդամների մոտ:

Դե արդեն պարզ է, եթե այդպիսի մտացածին նիստ չի եղել, ուստի անիմաստ է անդրադառնալ տեղի չունեցած նիստում իբր հնչած մտքերին:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն