Նորություններ

RSS
image

17.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Ապրիլի 17-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ:

Քննարկվել են տարբեր ատյաններում դատավորների թափուր տեղերի լրացման հետ կապված մի շարք հարցեր:

 

image

13.04.2018

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՏ

Ողջունելով դատարանների նախագահներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է հանդիպման կազմակերպման նպատակը, Խորհրդի կողմից արդեն իսկ ձեռնարկված և պլանավորվող միջոցառումները՝ Խորհրդի սահմանադրական առաքելության լույսի ներքո:

Իր խոսքում Գագիկ Հարությունյանը կարևորել է դատարանների՝ արդարադատության իրականացման հիմնական առաքելությունը՝ շեշտադրելով այն հայեցակարգը, որ դատավորը պետք է գիտակցի իր դերը՝ որպես իրավունքի պաշտպանության երաշխավորի:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հատկապես կարևորել է դատարանների անկախությունը և նշել.:

«Ելնելով Սահմանադրության և «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներից՝ մենք մեր որոշմամբ արձանագրում ենք և հայտարարում, որ անթույլատրելի ենք համարում հանրային իշխանության որևէ ներկայացուցչի կողմից գործը քննող դատավորի և դատարանի նախագահի հետ որևէ կոմունիկացիա՝ տվյալ գործի շրջանակներում: Սա անթույլատրելի է և ուղղակի միջամտություն դատավորի անկախությանը: Մենք չենք ընդունելու, որ իշխանության որևէ մարմին դատական իշխանությանը դիտի որպես պետաիշխանական հարաբերությունների օբյեկտ: Այդ ժամանակներն անցան: Իշխանության ցանկացած մարմին, առնչվելով դատական իշխանության հետ, պետք է նկատի ունենա, որ դատական իշխանությունը պետաիշխանական հարաբերությունների հավասարազոր սուբյեկտ է և իշխանությունների բաժանման համակարգում ունի իր առանձնահատուկ տեղը, դերը և առաքելությունը: Մենք երբեք չենք փորձի գնացքի հետևից վազողի դերակատարություն ստանձնել, և դատական իշխանությանն առնչվող ընդունման ենթակա ցանկացած իրավական ակտ պետք է անպայման նախապես դատական իշխանության ինստիտուտների կողմից արժանանա համապատասխան արձագանքի և մասնագիտական կարծիքի»:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նշել է, որ Խորհուրդն աշխատանքային խումբ է ձևավորելու, որպեսզի գոյություն ունեցող օրենսդրական ակտերի փորձագիտական վերլուծություն կատարվի: «Եթե տեսնենք՝ որևէ ակտում առկա է որևէ նորմ, որը հակասում է դատական իշխանության գործառույթներին կամ նրա արդյունավետ կազմակերպման որևէ ասպեկտի, ապա, կա՛մ առաջարկություն է արվելու կատարել փոփոխություն, կա՛մ վիճարկվելու է դրա սահմանադրականությունը: Այդ հնարավորությունները մենք ունենք փոփոխված Սահմանադրությամբ և կփորձենք մեր լիազորությունները լիարժեք օգտագործել».- ասել է Խորհրդի նախագահը:

Գագիկ Հարությունյանը խիստ կարևորել է դատավորի նկատմամբ հանրային հարգանքի ձևավորումը և նախանշել արդյունավետ քայլերի հաջորդականությունը, որպեսզի հասարակությունը սկսի աստիճանաբար ընկալել դատավորին՝ որպես իր իրավունքների և ազատությունների երաշխավորի, այլ ոչ թե որպես հերթական անգամ պատվերով կամ այլ ձևով իրավունքները ոտնահարող սուբյեկտի:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դատարանների նախագահներին տեղեկացրել է, որ առաջիկայում գործարկվելու է դատական իշխանության պաշտոնական էլեկտրոնային նոր հարթակը, որտեղ հավուր պատշաճի ներկայացված են լինելու Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական դեպարտամենտը, Հայաստանի Հանրապետության դատարանները՝ յուրաքանչյուրն իր գործունեության ողջ ծավալով: Էլեկտրոնային կայքում առկա է լինելու մշտադիտարկման համակարգ, և որ դատավորների նշանակման գործում հանրային կարծիքը դառնալու է ներազդուն գործոն:

«Մենք այս մշտադիտարկման օգնությամբ տալու ենք գնահատականներ. իրականացվելու է ռեյտինգավորում՝ դատավորի, դատարանի և ցանկացած մեր օղակի: Եվ այն ներգործելու է գնահատման, առաջխաղացման, նշանակումների ժամանակ, այսինքն՝ բոլոր փուլերում» - ընդգծել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

Շարունակելով ներկայացնել ներդրվող մշտադիտարկման համակարգի գործառութային նշանակությունը՝ Գագիկ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի փորձելու արդարադատություն իրականացնելու ֆունկցիոնալ պրոցեսում միջամտել դատավորի գործունեությանը:

«Դատավորը, իր արդարադատական ֆունկցիան կատարելիս, բացարձակապես անկախ է: Նա պետք է լինի իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխավորը: Բայց դատավորի այդ անկախությունը, նաև, ենթադում է իր հաշվետվողականությունն օրենքի առջև: Անկախ, բայց ոչ թե անկախ օրենքից: Օրենքի պահանջները, որոնք առնչվում են նրա վարքագծին, նրա գործունեությանը և բոլոր այն հարցերին, որոնք մեր՝ նաև սահմանադրությամբ և օրենքով նախատեսված իրավասության շրջանակներում են, գտնվելու են անընդհատ օբյեկտիվի մեջ, և նման մշտադիտարկումը ենթադրելու է, որ ամեն օր, մենք իրազեկ ենք լինելու, թե որ դատարանում ինչ գործի առնչությամբ ինչ է տեղի ունենում և պրոցեսն ինչպես է իրականացվում: Դիմումի մուտքը, ընթացքը, վերադարձը քննության ընդունումը, գործընթացը, հնարավոր սանկցիաների կիրառումը, ելքը դատարանից, բողոքարկումը, բողոքարկման ընթացքը, մյուս ատյանում քննությունը՝ մինչև հարկադիր կատարում»:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անդրադարձել և որոշակի վերլուծություններ է ներկայացրել ինչպես կոռուպցիոն, այնպես էլ դատական իշխանությունն արատավորող այլ երևույթների, դրանք ծնող գործոնների վերաբերյալ՝ շեշտելով, որ Խորհուրդը հաստատակամորեն գնում է դրանք դատական իշխանությունում իսպառ բացառելու ճանապարհով: Գագիկ Հարությունյանը համակողմանի ներկայացրել է Խորհրդի որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև խնդիրների լուծման մեթոդներն ու գործիքակազմը՝ մասնավորապես նշելով. -«Հիմա ընթանում է բարեփոխման գործընթաց, և այս գործընթացում մեր համակարգը պետք է ավելի շուտ արձագանքի: Մենք պետք է կարողանանք բեռնաթափվել այն բոլոր արատներից, որոնք համակարգին խորթ են»:

Անդրադառնալով միջազգային կառույցների արձագանքներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հակիրճ ներկայացրել է միջազգային արդարադատական ծրագրի վերջին երկու տարիների ուսումնասիրությունները՝ կապված դատարանների անկախության, քրեական, քաղաքացիական, վարչական ոլորտներում արդարադատության առկա վիճակի մասին, մատնանշել մեր առկա հնարավորություններն ու ներուժը, սակայն միաժամանակ պասիվ ներգրավվածությունը՝ գիտագործնական և վերլուծական գործընթացներին:

Խորհրդի նախագահը չափազանց կարևորել է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պատշաճ և գործուն ներկայացվածությունը միջազգային իրավական ինստիտուտների հետ հարաբերություններում, ակտիվ համագործակցության և համընթաց քայլելու ունակությունը:

Հաջորդ կարևոր խնդիրը, որին անդրադարձել է Գագիկ Հարությունյանը, կառուցակարգային և նյութատեխնիկական անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն է դատարանների արդյունավետ աշխատանքն ապահովելու համար: Գագիկ Հարությունյանը բացարձակապես անթույլատրելի է բնորոշել վիճակը, որն առկա է

«Այսօր 40-ից ավել դատարանների շենքեր գտնվում են Արդարադատության նախարարության հաշվեկշռին և այդ դատարաններում տեղակայված են տարբեր ինստիտուտներ, չկան աշխատանքի համար նվազագույն պայմաններ, որպեսզի այդ շենքերում դատարաններն իրենց լիազորությունը պատշաճ իրականացնեն»:

Գագիկ Հարությունյանը, ծանոթանալով նաև դատարանների նախագահներին հուզող հարցերին, բարձրացված կարևոր խնդիրներին՝ դատարանների ծանրաբեռնվածությանը և գործերի քննության ողջամիտ ժամկետների սահմանման վերաբերյալ չափորոշիչներին, նշել է, որ այդ խնդիրներն ընդգրկված են ճգնաժամային խնդիրների ցանկում և ուսումնասիրվում են բոլոր հիմնախնդիրները՝ դրանց հնարավոր լուծումներ տալու համար

Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ողջունելով և շնորհավորելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահին և խորհրդի անդամներին՝ լիազորությունների ստանձնման կապակցությամբ, իր խոսքում անդրադարձել է վերջին երեք տարիներին դատական գործերի կտրուկ աճին: Գագիկ Հարությունյանը ևս նշել է, որ բարձրացված խնդիրն իր լուծումն է ստանալու առաջնահերթության կարգով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դատական իշխանությանը վերաբերող մի շարք կարևորագույն խնդիրներ:

Իր ամփոփիչ խոսքում Գագիկ Հարությունյանը նշել է. «Հաջողության հասնելու մեր հիմնական բաղադրիչը միասնական գործելն է, և մեր ջանքերը պետք է միտված լինեն դատավորի հեղինակության հանրային ընկալման դերի բարձրացմանը»:

Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

13.04.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՐԵՎՈՐ ՈՐՈՇՈՒՄ

 2018 թվականի ապրիլի 12-ին Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ստորագրել է «Դատարանների կամ դատավորի անկախությունը վտանգող հնարավոր դրսևորումները կանխելու մասին» Խորհրդի որոշումը:

 Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ հոդվածի 2-րդ մասի, 164-րդ հոդվածի 1-ին մասի և 173-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ, 79-րդ հոդվածների և 94-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով,

կարևորելով դատական իշխանության ինքնուրույն ու առանձնահատուկ տեղն ու դերն իշխանությունների բաժանման ու հավասարակշռման համակարգում,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները` դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորելու առնչությամբ,

նպատակ ունենալով դատավորներին զերծ պահել նրանց անկախությանը սպառնացող տարաբնույթ միջամտություններից ու ազդեցություններից, որոշում է.

1.Անթույլատրելի համարել դատավորի գործունեությանը որևէ միջամտություն, այդ թվում` կոնկրետ գործի քննության առնչությամբ հանրային իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռախոսային կամ այլ բնույթի հաղորդակցությունը գործը քննող դատավորի կամ դատարանի նախագահի հետ, ինչպես նաև այդ առնչությամբ հրապարակային հայտարարություն անելը:

 Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի` ցանկացած սուբյեկտի կողմից քննության առարկա գործի առնչությամբ դատավորից ընդհուպ տեղեկատվություն ստանալու փորձը համարել միջամտություն դատավորի գործունեությանը և դատարանի անկախությանը:

2.Առաջնորդվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` սույն որոշման 1-ին կետով նախատեսված միջամտության փաստի առկայության դեպքում դատավորը պարտավոր է անհապաղ սահմանված կարգով տեղյակ պահել Բարձրագույն դատական խորհրդին:

image

11.04.2018

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՌԵԿՏՈՐԻՆ

Այսօր՝ ապրիլի 11-ին, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի աշխատանքային հանդիպումը Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի հետ:

Աշխատանքային քննարկման ընթացքում Գագիկ Հարությունյանը կարևորել է Արդարադատության ակադեմիայի հետ կառուցողական համագործակցությունը՝ դատավորների թեկնածուների պատրաստման, որակավորման բարձր մակարդակի ապահովման, ինչպես նաև դատավորների վերապատրաստման հետ կապված հարցերում:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն առաջարկել է Սերգեյ Առաքելյանին հնարավորության դեպքում ուսուցման գործընթացում տեսական և գործնական փուլերը դարձնել առավել զուգորդված, նպատակային, մշակել գիտելիքների լիարժեք բացահայտման թեստային ձևաչափ:

Հանդիպման ընթացքում Գագիկ Հարությունյանն առաջարկել է հատուկ ուշադրություն դարձնել քննությունների արդյունքների բողոքարկման մեխանիզմների իրացմանը, գնահատման և բողոքարկման հանձնաժողովների աշխատանքին ցանկացած սուբյեկտիվ միջամտությանը:

Սերգեյ Առաքելյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել հետագա ցանկացած համագործակցության համար:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

09.04.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԿԱՅԱՑՐԵԼ Է ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 214-րդ հոդվածի համաձայն՝ (…) Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունները ստանձնում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտման օրը:

Այսօր՝ ապրիլի 9-ին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրավիրել է նիստ, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Գագիկ Հարությունյանը բարձրագույն դատական խորհրդի անդամներին շնորհավորել է լիազորությունների ստանձման կապակցությամբ և ընդգծել, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր սահմանադրական առաքելությունն իրականացնելու ճանապարհին մեծածավալ աշխատանք կատարելու խնդիր ունի, սակայն դանդաղելու ժամանակ չունի:

Խորհրդի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի անդամներին մաղթել է բեղմնավոր և արդյունավետ աշխատանք, որից հետո Խորհուրդն անցել է աշխատանքային ռեժիմի և ընդունել որոշումներ, մասնավորապես՝ Խորհրդի կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված և ընդունման ենթակա իրավական ակտերն ընդունելու ժամանակացույցը:

Բարձրագույն դատական խորհրդի և Խորհրդի նախագահի կողմից հաստատվել են նաև այլ փաստաթղթեր, քննարկվել են մի շարք աշխատանքային և կազմակերպչական բնույթի հարցեր:

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն