Նորություններ

RSS
image

19.10.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑՄԱՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԹԻՄԻ ՀԵՏ

Արևելյան գործընկերության երկրներում արդարադատության վերաբերյալ սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով Եվրոպական հանձնաժողովի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները հանդիպեցին Բարձրագույն դատական խորհրդի հետ՝ ներկայացնելու «Արդարադատության վերաբերյալ հարցման» ծրագրի նպատակներն ու համագործակության հնարավոր եզրերը, ծանոթանալու այն առանձնահատկություններին, որոնք պետք է հաշվի առնվեն Հայաստանում ծրագիրն իրականացնելիս:

Հանդիպմանը մասնակցում էին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, ԲԴԽ աշխատակազմի ղեկավար Կարեն Փոլադյանը, Համաշխարհային բանկի ծրագրի թիմի ղեկավար Ջորջիա Հարլին, կառավարման ավագ մասնագետ Դավիթ Մելիքյանը, արդարադատության բարեփոխումների փորձագետ Մարիա Մատիչը և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ, գերմանացի դատավոր Յան Փեթրին:

«Արդարադատության վերաբերյալ հարցումն» իրականացվելու է Համաշխարհային բանկի կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ, Արևելյան գործընկերության 2020 թվականի 20 արդյունքների 10-րդ արդյունքի համատեքստում: Ընդգրկված է Արևելյան գործընկերության և Բալկանյան 12 երկիր:

Հարցման նպատակն է պարզել դատաիրավական համակարգի արդյունավետությունը, մատչելիությունը, արդարության որակը, բարեվարքությունը և մի շարք այլ հարցադրումներ: Թիրախային խմբում դատավորներն են, դատախազները, դատարանի և դատախազության աշխատակիցները, փաստաբանները, քաղաքացիներ, ովքեր երբևէ առնչություն են ունեցել դատաիրավական համակարգի հետ և նաև այդպիսի առնչություն չունեցող քաղաքացիներ, իրավաբանական անձինք: Ծրագրի պատասխանատուների համոզմամբ՝ այս տարբերակումը շատ կարևոր է: Այն թույլ կտա համեմատական տանել արդարադատության նկատմամբ քաղաքացիների ունեցած ընկալումների միջև, քանզի շատ հաճախ դատաիրավական համակարգի մասին մարդիկ պատկերացում են կազմում լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության միջոցով, ինչը ոչ միշտ է ձևավորում օբյեկտիվ պատկերացում:

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Յան Փեթրիի խոսքով՝ դատաիրավական բարեփոխումների ոլորտում Հայաստանը և Եվրամիությունը երկարամյա գործընկերներ են, և ծրագրի նկատմամբ կա երկկողմանի հետաքրքրվածություն՝ ընդլայնելու դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակում համագործակցությունը: Եվ այսօր Հայաստանում քաղաքական միջավայրն այնպիսին է, որ հասունացել է պահը նման հարցում իրականացնելու համար:

ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանն իր հերթին նկատեց, որ համամիտ է իր գործընկերոջ այն դիտարկման հետ, որ քաղաքական մթնոլորտն ավելի բարենպաստ է այդպիսի սոցիոլոգիական հետազոտական աշխատանք իրականացնելու առումով: Միևնույն ժամանակ սակայն պետք է նկատել, որ այսօր քաղաքական մթնոլորտում կան կարծիքների և ակնկալիքների բևեռացումներ, որոնք կարող են ազդել հարցման մասնակիցների կամահայտնության վրա: Չի բացառվում, որ այդպիսի ազդակ ընկալվի նաև անցումային արդարադատության գաղափարը: Այլ կերպ ասած՝ քաղաքական մթնոլորտը միանշանակ գնահատել հնարավոր չէ: Գևորգ Դանիելյանը նաև ներկայացրեց, որ Եվրոխորհրդի հայաստանյան գրասենյակը նախկինում նման սոցիոլոգիական հարցում իրականացրել է: Այդ տվյալները դրվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակված դատաիրավական բարեփոխումների հայեցակարգի հիմքում, իսկ ծրագրի պատասխանատուներին խորհուրդ տվեց այս փուլում առկա որոշ առանձնահատկությունները հաշվի առնել հետազոտության մեթոդաբանությունը մշակելիս և ճիշտ հարցաշար ընտրել: Նա նաև հույս հայտնեց, որ աշխատանքները հաջող կընթանան, և Խորհրդի կողմից կլինի հնարավոր աջակցություն՝ տեխնիկական կամ խորհրդատվական բնույթի:

Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ, գերմանացի դատավոր Յան Փեթրին ևս անդրադարձավ անցումային արդարադատության հետ կապված խնդրին: Ըստ նրա՝ այս հարցում կա երկու ուղղություն: Մեկն արդարադատության ոլորտի բարեփոխումների քայլ առ քայլ, աստիճանական բարեփոխումներն են, որոնք բավական տևական ժամանակ են պահանջում և ավելի արդյունավետ են, մյուսը՝ կտրուկ փոփոխությունների տարբերակն է: Հաճախ կարծիք կա, որ երկրորդ տարբերակը դրական առաջընթաց ապահովելու ճիշտ ճանապարհն է, մինչդեռ բազմաթիվ երկրներում այդ փորձը ձախողվել է: Վերջինիս կարծիքով՝ դատաիրավական համակարգի կտրուկ փոփոխությունների տարբերակի ընտրության պարագայում պետք է առավել զգուշավորություն ցուցաբերել:

Հանդիպման ավարտին՝ Համաշխարհային բանկի թիմի անունից Ջորջիա Հարլին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հույս հայտնեց, որ դատական իշխանության հետ կլինի կառուցողական համագործակություն, և այս հետազոտությունն ընդամենը քայլերից մեկն է՝ հետագա փոխգործակցության ճանապարհին:

«Արդարադատության վերաբերյալ հարցման» ծրագրի հիմնական փուլը կմեկնարկի 2019 թվականի գարնանը, և բարեփոխումների շարժողունակությունը պարզելու համար Համաշխարհային բանկի թիմը նախատեսում է այն իրականացնել պարբերաբար՝ 3 տարին մեկ:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

18.10.2018

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

Բարձրագույն դատական խորհրդի հրավերով` Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակությունը Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպեց նաև Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի դեկանի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Սերգեյ Մեղրյանը և Հայկ Հովհաննիսյանը:

Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի միջև հետաքրքիր զրույց-քննարկում ծավալվեց դատավորի մասնագիտական կայացման, երկու երկրների դատական իշխանությունների առանձնահատկությունների և ընդհանրությունների, իրավունքի մասնագետների պատրաստման չափորոշիչների և, ընդհանրապես, կրթական ու գիտական գործընթացների կազմակերպման մեթոդների մասին:

Լսարանի խնդրանքով՝ Թաքվոր Ավեդիսյանն անդրադարձավ Նիդերլանդների Թագավորության դատական համակարգում գործող այն արդյունավետ կառուցակարգերին, որոնք վերաբերում են մասնավորապես դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերին, դատական իշխանության նկատմամբ հանրային ընկալման և վստահության գործակիցը բարձրացնելուն ուղղված ջանքերին:

«Ինչու՞ ես խոսեցի իմ ընտանիքից, իմ մասնավոր կյանքից, որպեսզի ցույց տամ, որ լավ դատավոր դառնալու համար, կարծում եմ, պետք է գիտակցել, թե որտեղից ես գալիս, որն է կյանքի քո տեսլականը: Ես շփվել և շփվում եմ իմ կոլեգաների հետ, տարբեր մարդկանց հետ, ովքեր իրական մարդիկ են՝ իրենց իրական խնդիրներով», - նկատեց Թաքվոր Ավեդիսյանը:

Հանդիպման ավարտին Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին այցի և բովանդակալից զրույցի համար և նրանց հանձնեց ֆակուլտետի 80-ամյակին նվիրված գիտական նյութերի ժողովածուի անգլերեն տարբերակը, իսկ Թաքվոր Ավեդիսյանին, որպես մեր հայրենակցի՝ նաև անգլերեն լեզվով Նարեկացու «Մատյան ողբերգությունը»:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

18.10.2018

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ

ՀՀ նախագահի սեպտեմբերի 20-ի հրամանագրերով՝ Ռուզաննա Ազրոյանը և Դանիել Դանիելյանը նշանակվել են ՀՀ վարչական դատարանի դատավորներ՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի` ԲԴԽ-37-Ո-99 և ԲԴԽ-37-Ո-100 որոշումներով ներկայացված առաջարկությունները:

Հոկտեմբերի 18-ին ՀՀ վարչական դատարանում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը դատարանի նախագահին և դատավորներին ներկայացրեց Ռուզաննա Ազրոյանին և Դանիել Դանիելյանին:

Գևորգ Դանիելյանը շնորհավորեց նորանշանակ դատավորներին դատավորի բարձր, միևնույն ժամանակ, բարդ ու պատասխանատու կոչումը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նրանք՝ համալրելով Վարչական դատարանի երիտասարդ կազմը, ջանք չեն խնայի վարչական արդարադատությունը պատշաճ իրականացնելու, դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու, ինչպես նաև դատարանի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու գործում:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

17.10.2018

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Բարձրագույն դատական խորհրդի հրավերով՝ երկօրյա այցով Հայաստանում գտնվող Նիդերլանդների Թագավորության դատական խորհրդի պատվիրակությունը՝ երկրի Կենտրոնական տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ, հանդիպեց ՀՀ վճռաբեկ, վարչական և վարչական վերաքննիչ դատարանների նախագահների, դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հետ:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց նման հանդիպումների անցկացումը՝ մասնագիտական քննարկումների, երկկողմ համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման արդյունավետության առումով:

Հարցուպատասխանի ձևաչափով ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների հետ քննարկվեց երկու երկրների դատական համակարգերի ինստիտուցիոնալ կառուցվածքը, նմանություններն ու առանձնահատկությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանի խնդրանքով, հյուրերը ներկայացրեցին Հոլանդիայի դատական իշխանության բյուջետային հայտի ձևավորման առանձնահատկությունները: Նշվեց, որ հոլանդական մոդելի առանձնահատկությունը կայանում է սպասվող գործերի քանակական և տեսակային պլանավորմանը, որոնցից յուրաքանչյուրն իր ինքնարժեքն ունի։ Դրա հաշվառմամբ էլ տեղի է ունենում դատական իշխանության ֆինանսավորումը, որն արդեն դատական խորհրդի կողմից բաշխվում է ըստ դատարանների` նրանց կողմից կանխատեսված գործերի քանակին և տեսակին համապատասխան։ Հատկանշական է, որ բյուջեն տնօրինվում է դատական իշխանության ինքնավարության և հաշվետվողականության սկզբունքներից ելնելով:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը նկատեց, որ հոլանդական առաջատար փորձը կարևոր է դատական իշխանության կողմից բյուջետային հայտի ձևավորման հարցում, որի շուրջ ԲԴԽ-ն ներկայումս իրականացնում է համակողմանի վերլուծական աշխատանք։

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանին հետաքրքրեց հոլանդական դատական համակարգի «մամլո դատավոր» ինստիտուտի առկայությունը: Հոլանդացի գործընկերների ներկայացմամբ, յուրաքանչյուր դատարան ունի անկախ լրագրողների կողմից վերապատրաստած մամլո դատավոր, որը մշտապես կապի մեջ է լրագրողների հետ և հաճախ է հարցազրույցներով հանդես գալիս հանրային հետաքրքրություն ներկայացնող դատական գործերի վերաբերյալ: Թաքվոր Ավեդիսյանը, որպես նախկին մամլո-դատավոր, կիսվեց իր պրակտիկ փորձառությամբ` ընդգծելով, որ այդ ինստիտուտը թափանցիկության և մատչելիության տեսանկյունից կարևոր պայման է հանդիսանում և էական մեծ նշանակություն ունի հանրային ճիշտ ընկալումներ ձևավորելու առումով: Նա նկատեց, որ վերջին երեսուն տարում Հոլանդիայում դատական իշխանության նկատմամբ վստահության մակարդակը գտնվում է կայուն 70-75% միջակայքում:

Նույն օրը հանդիպում կայացավ նաև ՀՀ վարչական և վարչական վերաքննիչ դատարանների նախագահների և դատավորների հետ: Խոսվեց վարչական գործերի ինքնարժեքի, ծախսատարության, վարչական բողոքարկման կառուցակարգի, արդարադատության մատչելիության և արդարադատության այլընտրանքային ձևերի մասին:

Խոսելով ծանրաբեռնվածության մասին՝ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ Հոլանդիայի Կենտրոնական Տրիբունալում, 60 դատավորի առկայության պայմաններում տարեկան քննվում է 7500 գործ, մինչդեռ Հայաստանում Վարչական վերաքննիչ դատարանում՝ 9 դատավորի առկայության պայմաններում տարեկան 5000 գործ է քննում: Սա լուրջ խնդիր է, սակայն, ինչպես նշեցին ՀՀ դատական իշխանության ներկայացուցիչները, հարցի լուծումը տեսնում են ոչ միայն դատավորների թվի ավելացման, այլև վեճերի լուծման այլընտրանքային կառուցակարգերի ներդրման մեջ:

Թաքվոր Ավեդիսյանը ներկայացրեց վարչական վարույթների քանակը էապես նվազեցնող որոշ մոտեցումներ: Օրինակ, վարչական մարմինները վարչական ակտ կայացնելուց առաջ անձին բացատրում են իրենց դիրքորոշումը և վերջինիս հետ քննարկում են այն` իրապես ականջալուր լինելով քաղաքացիների և իրավաբանական անձանց տեսակետներին։ Սա տեղավորվում է Հոլանդիայում որդեգրած «Լավ Կառավարություն» սկզբունքի տրամաբանության մեջ։ Հատկանշական է, որ գործի նախապատրաստական փուլում դատավորը կամ օգնականը կողմերին նախապես գրավոր ուղարկում են գործի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը։ Հոլանդիայում լայնորեն կիրառվում է նաև բանավոր վճիռ կայացնելու (վճռի գրավոր համառոտագիրն ըստ պահանջի տրամադրելով կողմերին) և դրա էությունը պարզ ու հասկանալի լեզվով կողմերին բացատրելու պրակտիկան։ Սա նպաստում է բողոքների քանակի նվազմանը։ Հոլանդացի գործընկերները կարևորեցին հաշտարարության ինստիտուտից ակտիվ օգտվելը։

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

15.10.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի հրավերով՝ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակությունը՝ Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանի գլխավորությամբ:

Պատվիրակությունն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, առաջին հանդիպումը սկսեց Բարձրագույն դատական խորհրդի հետ՝ օրակարգային հարցերի քննարկմամբ:

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց Հոլանդիայի գործընկերների այցը Հայաստան՝ այն համարելով Խորհրդի միջազգային կապերի ամրապնդման առաջին քայլերից:

Խոսքն ուղղելով Թաքվոր Ավեդիսյանին՝ Գագիկ Հարությունյանը նկատեց, որ առանձնացվել է հարցերի մի շրջանակ, որը հետաքրքրում է Խորհրդի անդամներին և որի քննարկումն արդյունավետ կլինի բոլորի համար. «Ուրախացա, որ հատկապես Դուք եք ժամանել Հայաստան, քանզի Ձեր խորհրդատվությունը մեզ համար կարևոր կլինի հատկապես արդարադատության ծախսատարության գնահատման, մշտադիտարկման կազմակերպման, գործերի քննության ողջամիտ ժամկետների չափորոշիչների որոշման ու շատ այլ հարցերում»:

Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակության ղեկավար Թաքվոր Ավեդիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հրավերի համար՝ նշելով. «10 տարի առաջ մենք հանդիպել ենք, այժմ մենք ցանկանում ենք սովորել նաև ձեզանից: Մենք պատրաստակամ ենք ոչ միայն փոխանցելու մեր երկրի արդարադատության փորձը, այլև մեզ հետ տանելու մեր հայաստանյան գործընկերների լավագույն մտքերը՝ դրանք զարգացնելու և կիրառելու նպատակով»:

ԲԴԽ նախագահը նկատեց նաև, որ մեզանում հիմա կան բավականին հետաքրքիր քննարկումներ՝ կապված անցումային խնդիրների լուծման հետ, մասնավորապես՝ սահմանադրական պատասխանատվության արդարադատության ձևավորման ուղղությամբ: «Ձեր երկիրն այն եզակի երկրներից է, որ բարձրաստիճան պաշտոնյանների քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Գերագույն դատարանում՝ առաջին ատյանի կարգով ՝ առանց բողոքարկման իրավունքի: Սա ևս հետաքրքիր է, և կցանկանայինք քննարկման առարկա դարձնել, թե այդ մեխանիզմների տարրերը մեզ մոտ ներդնելու ինչպիսի հեռանկարներ կարող են ունենալ»:

Հանդիպում-քննարկման ընթացքում կարևորելով մշտադիտարկման մեխանիզմի արդյունավետությունը՝ որպես արդարադատության որակի գործուն համակարգի՝ Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի անդամ, Կենտրոնական Վերաքննիչ Տրիբունալի նախագահ Թաքվոր Ավեդիսյանը նկատեց, որ բացի մշտադիտարկման հիմնական արդյունքներից, տարեկան երկու անգամ յուրաքանչյուր դատարան հաշվետություն է ներկայացնում Դատական խորհրդին՝ գործերի քննության ժամկետների ուշացման հետ կապված հարցերի մասին: «Մենք մեզ դիտում ենք որպես հանրության աչք դատարանների վրա և որակի համակարգի վերահսկման համար ունենք երկու մեխանիզմ՝ օնլայն դատարանների օգտատերերի բավարարվածության ուսումնասիրություն և Այցելությունների կոմիտե, որի 16 անդամները տարբեր բնագավառների ներկայացուցիչներ են, ովքեր այցելում են դատարաններ, տեղում ծանոթանում խնդիրներին և դրանք ներկայացնում Դատական խորհրդին: Այս երկու մեխանիզմները մեզ օգնում են որպես Խորհուրդ ավելի արդյունավետ գործել»,- եզրափակեց Թաքվոր Ավեդիսյանը:

Քննարկման առանցքում էին նաև դատարանների ու դատավորների անկախությանը, գործերի բաշխմանն ու քննության ողջամիտ ժամկետներին, հանրային վստահության կարևորությանը, հասարակության հանդեպ հաշվետվողականության դերի բարձրացմանն առնչվող հարցերը:

Հանդիպման ավարտին ԲԴԽ նախագահը և Խորհրդի անդամները նկատեցին, որ շատ հետաքրքիր մտքեր հնչեցին, որոնք հաշվի առնելով, կփորձեն ավելի արդյունավետ լուծումներ գտնել:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն