Կայքը գտնվում է մշակման փուլում


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Ընդունվել է 07.02.2018

ԲԱԺԻՆ 1 ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 2 ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 3 ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ
ԳԼՈՒԽ 4 ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 5 ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ
ԳԼՈՒԽ 6 ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ
ԳԼՈՒԽ 7 ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 8 ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 9 ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 10 ԴԱՏԱԿԱՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐԸ

ԲԱԺԻՆ 2 ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
ԳԼՈՒԽ 11 ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 12 ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 13 ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

ԲԱԺԻՆ 3 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԳԼՈՒԽ 14 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 15 ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 16 ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ, ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 17 ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ: ՎԵՐԱՔՆՆԻՉ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ, ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ, ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 18 ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 19 ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ 20 ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵԼԸ
ԳԼՈՒԽ 21 ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԱՏԱՎՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԿԱՄ ՆՐԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ
ԳԼՈՒԽ 22 ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԲԱԺԻՆ 1
ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենսգրքի կարգավորման առարկան
1. Սույն օրենսգիրքը կարգավորում է դատական իշխանության կազմավորման եւ գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները, բացառությամբ Սահմանադրական դատարանի կազմավորման եւ գործունեության կազմակերպման հետ կապված հարցերի:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության դատարանները
1. Հայաստանի Հանրապետությունում գործում են Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաեւ մասնագիտացված դատարանները:
2. Առաջին ատյանի դատարաններն են՝
1) ընդհանուր իրավասության դատարանները.
2) մասնագիտացված դատարանները:
3. Մասնագիտացված դատարաններն են՝
1) վարչական դատարանը.
2) սնանկության դատարանը:
4. Վերաքննիչ դատարաններն են՝
1) վերաքննիչ քրեական դատարանը.
2) վերաքննիչ քաղաքացիական դատարանը.
3) վերաքննիչ վարչական դատարանը:
Հոդված 3.Դատավորը
1. Դատավոր է Վճռաբեկ, վերաքննիչ, առաջին ատյանի դատարաններում դատավորի պաշտոնում Սահմանադրությամբ եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակված անձը:
2. Դատարանների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները դատավոր են։
Հոդված 4.Դատավորի ապաքաղաքականացվածությունը
1. Դատավորը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ հիմնադիր, կուսակցությունում պաշտոն զբաղեցնել, կուսակցության անունից ելույթներ ունենալ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Դատավորը հրապարակային ելույթներում եւ ցանկացած այլ հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն:
2. Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դատավորը կարող է մասնակցել միայն որպես ընտրող: Դատավորը չի կարող հրապարակայնորեն որեւէ թեկնածուի, կուսակցության, կուսակցության դաշինքի օգտին կամ նրան դեմ արտահայտվել կամ այլ կերպ մասնակցել նախընտրական քարոզչությանը:
3. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ մասնագիտական քննարկումները կամ եզրակացությունները, դատական իշխանության գործունեության վերաբերյալ քննարկումների ժամանակ արտահայտած կարծիքները եւ հայտարարությունները, այդ թվում` հրապարակային, ապաքաղաքականացվածության սկզբունքի խախտում չեն համարվում:
Հոդված 5. Դատավորի գործունեության անհամատեղելիության պահանջները
1. Դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:
2. Դատավորի նկատմամբ կիրառելի են հանրային ծառայողի համար ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգավորումները:
3. Դատավորը պետք է ձգտի կառավարել իր ներդրումներն այնպես, որ նվազագույնի հասցնի այն գործերի քանակը, որոնցով նա պետք է ինքնաբացարկ հայտնի:
4. Դատավորը կարող է զբաղեցնել պաշտոն ոչ առեւտրային կազմակերպությունում, եթե՝
1) իր գործունեությունն այդ պաշտոնում իրականացնում է անհատույց, եւ
2) այդ պաշտոնը չի ենթադրում ֆինանսական միջոցների տնօրինում, կազմակերպության անունից քաղաքացիաիրավական գործարքների կնքում կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպության ներկայացուցչության իրականացում:
5. Դատավորը չի կարող գործել որպես կտակակատար կամ գույքի հավատարմագրային կառավարիչ, բացառությամբ այն դեպքերի, երբ նա անհատույց գործում է իր մերձավոր ազգականի կամ իր խնամակալության կամ հոգաբարձության ներքո գտնվող անձի գույքի կապակցությամբ:
6. Սույն օրենսգրքի իմաստով՝ մերձավոր ազգական է`
1) դատավորի ամուսինը.
2) դատավորի կամ նրա ամուսնու ծնողը.
3) դատավորի կամ նրա ամուսնու զավակը, զավակի ամուսինը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը, քույրը, պապը, տատը, թոռը, ծոռը.
4) դատավորի կամ նրա ամուսնու եղբոր կամ քրոջ ամուսինը, զավակը.
5) դատավորի կամ նրա ամուսնու որդեգրողը կամ որդեգրվածը:

ԳԼՈՒԽ 2
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 6. Արդարադատության իրականացումը՝ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան
1. Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան:
2. Արդարադատություն իրականացնելիս հիմնական իրավունքների եւ ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Հոդված 7.Դատարանների անկախությունը
1. Արդարադատություն եւ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաեւ դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից եւ հաշվետու չէ որեւէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որեւէ բացատրություն տալ։
2. Դատարանը գործը կամ հարցը (այսուհետ՝ գործ) քննում եւ լուծում է Սահմանադրությանը եւ օրենքին համապատասխան՝ գործի հանգամանքները գնահատելով իր ներքին համոզմամբ:
3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել կամ վնասել դատարանի կամ դատավորի անկախությունը:
4. Արդարադատություն եւ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաեւ դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ դատարանի կամ դատավորի գործունեությանը որեւէ միջամտությունը կամ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
5. Արդարադատություն եւ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաեւ դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելու կապակցությամբ իր գործունեությանը միջամտության վերաբերյալ դատավորի հայտարարության հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը ենթադրյալ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմում է իրավասու մարմին: Իրավասու մարմինը պարտավոր է ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ անհապաղ գրավոր տեղեկացնել Բարձրագույն դատական խորհրդին:
6. Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի իրավասու մարմնի ձեռնարկած միջոցառումների, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետում համապատասխան միջոցառումներ չձեռնարկելու կապակցությամբ հանդես գալու պաշտոնական հայտարարությամբ:
7. Դատավորներն ունեն օրենքով սահմանված կարգով միավորում ստեղծելու իրավունք: Յուրաքանչյուր դատավոր ունի այդ միավորմանն անդամակցելու իրավունք:
Հոդված 8. Դատական պաշտպանության եւ արդար դատաքննության իրավունքի ապահովումը
1. Դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ եւ անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային եւ ողջամիտ ժամկետում քննության միջոցով:
Հոդված 9. Ողջամիտ ժամկետում գործի քննությունը եւ լուծումը
1. Գործի քննությունը եւ լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում:
2. Դատարանում գործի քննության տեւողության ողջամտությունը որոշելիս հաշվի են առնվում՝
1) գործի հանգամանքները, ներառյալ` իրավական եւ փաստական բարդությունը, վարույթի մասնակիցների վարքագիծը եւ վարույթի մասնակցի համար գործի տեւական քննության հետեւանքները,
2) հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով դատարանի կատարած գործողությունները եւ դրանց արդյունավետությունը,
3) գործի քննության ընդհանուր տեւողությունը,
4) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած՝ գործի քննության միջին ուղենիշային տեւողությունը:
3. Եթե գործի քննության եւ լուծման համար օրենքով սահմանված է հատուկ ժամկետ, ապա այն պետք է քննվի եւ լուծվի այդ ժամկետում: Նման ժամկետի երկարաձգումը թույլատրվում է բացառապես օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:
Հոդված 10. Հավասարությունը օրենքի եւ դատարանի առջեւ
1. Բոլորը հավասար են օրենքի եւ դատարանի առջեւ:
2. Դատարանի կողմից արդարադատություն եւ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններն իրականացնելիս խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
3. Յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:
4. Նույնանման փաստերով այլ գործով Վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանության դեպքում դատարանը պետք է հիմնավորի օրենքի եւ այլ նորմատիվ իրավական ակտի՝ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը:
Հոդված 11. Դատական վարույթի հրապարակայնությունը
1. Դատական նիստերը դռնբաց են:
2. Դատական վարույթը կամ դրա մի մասն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով դատարանի որոշմամբ կարող է անցկացվել դռնփակ` վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի, անչափահասների կամ արդարադատության շահերի, ինչպես նաեւ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով:
3. Դատական նիստի ընթացքն օրենքով սահմանված կարգով արձանագրվում է:
4. Դատական նիստին ներկա անձն ունի սղագրություն եւ ձայնագրություն կատարելու իրավունք:
5. Դատական նիստում լուսանկարելը, տեսաձայնագրելը կամ դատական նիստը հեռարձակելն իրականացվում են օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով՝ դատարանի որոշմամբ:
6. Դատական ատյանում վարույթը եզրափակող դատական ակտերը (այսուհետ՝ եզրափակիչ դատական ակտ), իսկ օրենքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաեւ այլ դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:
7. Դատական վարույթը կամ դրա մասը դռնփակ անցկացվելու դեպքում դատական իշխանության կայքում հրապարակվում է եզրափակիչ դատական ակտի եզրափակիչ մասը, եթե այն չի պարունակում օրենքով պահպանվող գաղտնիք:
8. Օրենքով նախատեսված դեպքերում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակվում է նաեւ դատական նիստում:
9. Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում են գործի եւ դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները, որոնց ցանկը եւ հրապարակման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:
10. Դատական իշխանության պաշտոնական կայքում անձնական կյանքի տվյալներ, կենսաչափական եւ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ, երեխայի անձնական տվյալներ պարունակող դատական ակտերը հրապարակվում են ապանձնավորված կարգով։ Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել անձնական տվյալների ապանձնավորման այլ դեպքեր: Ապանձնավորման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:
11. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու ավարտված դատական գործին, որով եզրափակիչ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ: Դատական վարույթի դռնփակ մասին կամ օրենքով պահպանվող գաղտնիքին կամ չհրապարակված կամ մասնակի հրապարակված դատական ակտին անձը կամ նրա ներկայացուցիչը կարող է օրենքով սահմանված կարգով ծանոթանալ դատական ակտը կայացրած դատարանի որոշմամբ: Դատարանը կայացնում է նման որոշում, եթե դատական ակտն առերեւույթ առնչվում է դիմողի իրավունքներին կամ պարտականություններին:
12. Անձը եւ նրա ներկայացուցիչը ստորագրություն վերցնելու միջոցով նախազգուշացվում են օրենքով պահպանվող գաղտնիքը հրապարակելու եւ սահմանված կարգի խախտմամբ օգտագործելու համար պատասխանատվության մասին:
13. Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը հրապարակվում է նաեւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը հրապարակելու համար օրենքով սահմանված կարգով, եթե այն չի պարունակում պետական կամ ծառայողական գաղտնիք:
Հոդված 12. Դատավարության լեզուն
1. Հայաստանի Հանրապետությունում դատավարության լեզուն հայերենն է:
2. Բոլոր փաստաթղթերը դատարան են ներկայացվում հայերեն կամ հայերեն պատշաճ թարգմանությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատավարությանը մասնակցելու իր նախընտրած լեզվով, եթե նա ապահովում է հայերեն պատշաճ թարգմանությունը:
4. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են դատավարությանը մասնակցել հայերենով։
5. Քրեական գործով հայերենին չտիրապետող մեղադրյալին դատարանը պարտավոր է պետական միջոցների հաշվին ապահովել թարգմանչի ծառայություններով, բացառությամբ երբ մեղադրյալը ցանկանում է իր հաշվին ապահովել թարգմանությունը:
6. Վարչական գործով դատավարության մասնակցին, քաղաքացիական գործով՝ գործին մասնակցող անձին, իսկ քրեական գործով՝ տուժողին դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե նա չունի հայերեն հաղորդակցվելու հնարավորություն եւ ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:
7. Լսողական կամ խոսակցական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձն ունի սուրդոթարգմանչի միջոցով դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորություն՝ սույն հոդվածով թարգմանչի համար նախատեսված կարգով:
8. Քրեական գործերով դատավարությանը մասնակցող` տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի համար դատավարական փաստաթղթերի եւ դատական ակտերի հասանելիությունն ապահովվում է օգնականի միջոցով` պետական միջոցների հաշվին: Վարչական գործով դատավարության մասնակիցը, իսկ քաղաքացիական գործով՝ գործին մասնակցող անձն ունի պետական միջոցների հաշվին օգնականի իրավունք, եթե ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի օգնական ունենալու համար:
9. Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի կամ տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցելու անհրաժեշտության դեպքում այդ անձը նշանակվում է դատարանի որոշմամբ: Այդ անձին նշանակելու, նրա վարձատրության չափը եւ կարգը սահմանում է Կառավարությունը:
Հոդված 13. Դատական ակտերի պարտադիրությունը
1. Եզրափակիչ դատական ակտը դատարանը կայացնում է Հայաստանի Հանրապետության անունից:
2. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:
3. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Հոդված 14. Դատական ակտերը բողոքարկելը եւ վերանայման իրավունքի ապահովումը
1. Առաջին ատյանի դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի վերաքննության կարգով վերանայման իրավունքն ապահովվում է օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:
2. Օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ապահովվում է վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունքը:
3. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը բողոքարկվում են օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով։
Հոդված 15. Դատարանի կազմը եւ որոշումների ընդունումը
1. Առաջին ատյանի դատարանում գործը քննվում է միանձնյա:
2. Վերաքննիչ դատարանում առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բողոքը քննվում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ այլ դատական ակտերի դեմ բողոքները՝ միանձնյա:
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից բացառությունները սահմանվում են օրենքով:
4. Վճռաբեկ դատարանում վճռաբեկ բողոքը քննվում է կոլեգիալ՝ Վճռաբեկ դատարանի պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ:
5. Գործը միանձնյա քննող դատավորը գործում է որպես դատարան: Գործը կոլեգիալ քննվելու դեպքում դատական կազմը գործում է որպես դատարան:
6. Կոլեգիալ կազմով որոշումներն ընդունվում են դատական կազմի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իսկ Վճռաբեկ դատարանում` Վճռաբեկ դատարանի պալատի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հոդված 16. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշների օգտագործումը
1. Դատարանի շենքի վրա կամ շքամուտքի մոտ բարձրացվում է Հայաստանի Հանրապետության դրոշը:
2. Դատարանի նիստերի դահլիճում եւ դատավորի առանձին ծառայողական աշխատասենյակում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության զինանշանը եւ Հայաստանի Հանրապետության դրոշը:
Հոդված 17. Դատավորի պատմուճանը, կնիքը, դրոշմակնիքը, պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն եւ էլեկտրոնային ստորագրությունը
1. Դատական նիստին դատավորը մասնակցում է պատմուճանով:
2. Դատավորի պատմուճանի նկարագրությունը եւ տրամադրման կարգը սահմանում է դատավորների ընդհանուր ժողովը (այսուհետ՝ Ընդհանուր ժողով):
3. Դատավորը, բացառությամբ Վճռաբեկ դատարանի դատավորի, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, դատարանի անվանմամբ եւ դատավորի անվամբ կնիք:
4. Վճռաբեկ դատարանն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ դատարանի անվանմամբ կնիք:
5. Դատավորին տրամադրվում է դատարանի անվանմամբ դրոշմակնիք:
6. Կնիքի եւ դրոշմակնիքի նկարագրությունը եւ տրամադրման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:
7. Յուրաքանչյուր դատավոր ունի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե:
8. Յուրաքանչյուր դատավոր ունի էլեկտրոնային թվային ստորագրություն:
Հոդված 18. Դատական իշխանության պաշտոնական կայքը
1. Դատական իշխանությունն ունի պաշտոնական կայք՝ www.court.am:
2. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատական իշխանության պաշտոնական կայքի կառուցվածքը՝ հաշվի առնելով Կառավարության սահմանած պահանջները:
3. Կայքի վարման կարգը, ինչպես նաեւ կայքում զետեղվող այլ տեղեկատվության ցանկը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:
Հոդված 19. Դատական վիճակագրության վարումը
1. Դատարանների գործունեության արդյունավետությունը, թափանցիկությունը եւ հանրության առջեւ հաշվետվողականությունն ապահովելու նպատակով Դատական դեպարտամենտը հավաքում եւ վարում է դատական վիճակագրություն` Կառավարության սահմանած կարգով:
2. Դատական վիճակագրությանը ներկայացվող պահանջներն են`
1) վիճակագրության օբյեկտիվությունը, հիմնավորվածությունը եւ անաչառությունը.
2) վիճակագրական տվյալների արժանահավատությունը, ճշտությունը եւ համադրելիությունը ժամանակի ու տարածության մեջ.
3) վիճակագրական տեղեկատվության արդիականությունը, կայունությունը եւ ամբողջականությունը.
4) վիճակագրական ամփոփ տվյալների պարբերական հրապարակումը.
5) վիճակագրական տեղեկատվության մատչելիությունը եւ հրապարակայնությունը:
3. Կառավարությունը սահմանում է ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձեւն ու բովանդակությունը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների ցանկը եւ հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը: Պարտադիր հրապարակվող վիճակագրական տվյալները պետք է ներառեն առնվազն սույն հոդվածի 7-10-րդ մասերով նախատեսված տվյալները:
4. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատական գործի վիճակագրական քարտի լրացման կարգը, ինչպես նաեւ, դատական իշխանության գործառույթների արդյունավետ իրականացման կարիքներից ելնելով, կարող է սահմանել դատական վիճակագրության վարման լրացուցիչ վիճակագրական դասակարգիչներ:
5. Վիճակագրական դասակարգիչներում փոփոխություններ կատարվելու դեպքում դրանք կիրառվում են ոչ շուտ, քան փոփոխություններ կատարելուն հաջորդող տարվա հունվարի 1-ից:
6. Դատական դեպարտամենտն ապահովում է դատական գործի վիճակագրական քարտի հիման վրա հավաքված վիճակագրական տվյալների մատչելիությունը հանրության համար, բացառությամբ օրենքով նախատեսված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության: Վիճակագրական տվյալները Դատական դեպարտամենտը տրամադրում է Բարձրագույն դատական խորհրդին եւ դատարաններին, հրապարակում է դատական իշխանության պաշտոնական կայքում՝ վիճակագրական տվյալների հրապարակման համար առանձնացված հատուկ բաժնում:
7. Առաջին ատյանի յուրաքանչյուր դատարանի եւ դատավորի վերաբերյալ, ըստ գործերի տեսակների, հրապարակվում են մասնավորապես հետեւյալ տվյալները.
1) դատավորների քանակը,
2) հաշվետու ժամանակահատվածի սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր քանակը,
3) հաշվետու ժամանակահատվածում ստացված գործերի ընդհանուր քանակը,
4) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի ընդհանուր քանակը,
5) հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ կասեցված վարույթներով գործերի ընդհանուր քանակը,
6) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի քննության միջին տեւողությունը՝ ըստ նիստերի քանակի,
7) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի քննության միջին տեւողությունը՝ ըստ ժամանակի (հաշվարկի միավոր` ժամ) (այդ թվում՝ ըստ դատաքննության նախապատրաստության, դատաքննության եւ դատական ակտի կայացման փուլերի միջին տեւողության),
8) հաշվետու ժամանակահատվածում ավարտված մինչդատական քրեական վարույթի գործերը՝ ըստ տեսակների,
9) հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ անավարտ գործերի ընդհանուր քանակը,
10) հաշվետու ժամանակահատվածում բողոքարկված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների,
11) հաշվետու ժամանակահատվածում բեկանված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների:
8. Վերաքննիչ յուրաքանչյուր դատարանի եւ դատավորի վերաբերյալ հրապարակվում են մասնավորապես հետեւյալ տվյալները.
1) սույն հոդվածի 7-րդ մասով, բացառությամբ 3-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված տվյալների,
2) հաշվետու ժամանակահատվածում ստացված բողոքների ընդհանուր քանակը,
3) հաշվետու ժամանակահատվածում վարույթ չընդունված բողոքների ընդհանուր քանակը,
4) եզրափակիչ դատական ակտ չհանդիսացող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը՝ ըստ ակտերի տեսակների եւ ըստ բողոքարկվող ակտը կայացրած դատարանների:
9. Վճռաբեկ դատարանի վերաբերյալ՝ յուրաքանչյուր պալատի մասով, հրապարակվում են սույն հոդվածի 7-րդ մասով, բացառությամբ 4-6-րդ, 8-րդ, 9-րդ կետերով նախատեսված տվյալների, ինչպես նաեւ սույն հոդվածի 8-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված տվյալները: Սույն հոդվածի 7-րդ մասի 7-րդ կետով նախատեսված տվյալները հաշվարկվում են ըստ օրերի:
10. Դատական դեպարտամենտը տարեկան՝ ոչ ուշ, քան մինչեւ հաջորդ տարվա հունվարի 31-ը, հրապարակում է նաեւ հետեւյալ տվյալները.
1) դատարանների բյուջեն, այդ թվում՝ ֆինանսական ծախսերի համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ՝ ըստ դատարանների, դատավորների միջին աշխատավարձը եւ դրա համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ.
2) վճարված եւ դատական ակտով վճարման ենթակա պետական տուրքի ընդհանուր չափը.
3) դատավորների կարգապահական պատասխանատվության եւ լիազորությունների դադարեցման մասերով՝ հարուցված կարգապահական պատասխանատվության եւ լիազորությունների դադարեցման վարույթների քանակները՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների եւ վարույթի հարուցման հիմքերի, կարճված վարույթներով գործերի քանակները՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների, կարգապահական պատասխանատվության եւ լիազորությունների դադարեցման դեպքերի քանակները եւ դատավորի նկատմամբ հարուցված վարույթի արդյունքի (ներառյալ` տույժի տեսակի) վերաբերյալ տվյալներ.
4) սույն հոդվածի 7-10-րդ մասերով նախատեսված տվյալների համեմատականը նախորդ տարվա տվյալների հետ:

ԳԼՈՒԽ 3
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ

Հոդված 20.Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի իրավասությունը
1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:
Հոդված 21. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների մասնագիտացումը
1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննում են քաղաքացիական կամ քրեական մասնագիտացման դատավորները:
2. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործերը, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, ինչպես նաեւ պատժի կատարման հետ կապված օրենքով նախատեսված գործերը քննում է միայն քրեական մասնագիտացման դատավորը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի իրավասությանը ենթակա մյուս գործերը քննում է քաղաքացիական մասնագիտացման դատավորը:
3. Բարձրագույն դատական խորհուրդը քաղաքացիական եւ քրեական մասնագիտացման դատավորներից կարող է ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննում են առանձին տեսակի (անչափահասների, Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված եւ անօրինական պահվող երեխաների վերադարձի, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների եւ այլն) գործեր։
4. Առանձին տեսակի գործերի ցանկը, յուրաքանչյուր դատարանի համար նման գործեր քննող դատավորների քանակը եւ ընտրության կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:
Հոդված 22. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական տարածքը եւ նստավայրերը
1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական տարածքը համապատասխանաբար Երեւան քաղաքի, մարզի կամ մարզերի տարածքն է:
2. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն ունի կենտրոնական եւ այլ նստավայրեր: Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրում է համապատասխան դատարանի նախագահի առաջարկությունը եւ կայացնում է որոշում դատարանի նստավայրերը եւ նստավայրի սպասարկման տարածքը սահմանելու մասին:
Հոդված 23. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները եւ դատավորների թվակազմը
1. Հայաստանի Հանրապետությունում գործում են.
1) Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ առնվազն 62 դատավորի թվակազմով.
2) Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 10 դատավորի թվակազմով.
3) Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 12 դատավորի թվակազմով.
4) Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 9 դատավորի թվակազմով.
5) Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 6 դատավորի թվակազմով.
6) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 12 դատավորի թվակազմով.
7) Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 12 դատավորի կազմով.
8) Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 6 դատավորի թվակազմով.
9) Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 9 դատավորի թվակազմով.
10) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` առնվազն 9 դատավորի թվակազմով:

ԳԼՈՒԽ 4
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ

Հոդված 24. Մասնագիտացված դատարանների իրավասությունը
1. Վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:
2. Սնանկության դատարանին են ենթակա սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով նախատեսված բոլոր գործերը:
Հոդված 25. Մասնագիտացված դատարանների դատավորների թվակազմը
1. Վարչական դատարանը գործում է առնվազն 24 դատավորի թվակազմով:
2. Սնանկության դատարանը գործում է առնվազն 12 դատավորի թվակազմով:
Հոդված 26. Մասնագիտացված դատարանների դատական տարածքը եւ նստավայրերը
1. Մասնագիտացված դատարանների դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:
2. Մասնագիտացված դատարանների կենտրոնական նստավայրերը գտնվում են Երեւան քաղաքում:
3. Մասնագիտացված դատարաններն ունեն նստավայրեր մարզերում: Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրում է համապատասխան դատարանի նախագահի առաջարկությունը եւ կայացնում է որոշում մասնագիտացված դատարանների նստավայրերը եւ նստավայրի սպասարկման տարածքը սահմանելու մասին:

ԳԼՈՒԽ 5
ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ

Հոդված 27. Վերաքննիչ դատարանի իրավասությունը
1. Վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը:
2. Վերաքննիչ դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նաեւ վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով։
Հոդված 28. Վերաքննիչ դատարանների դատավորների թվակազմը, դատական տարածքը եւ նստավայրերը
1. Հայաստանի Հանրապետությունում գործում են հետեւյալ վերաքննիչ դատարանները.
1) վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ առնվազն 16 դատավորի թվակազմով.
2) վերաքննիչ քրեական դատարանը՝ առնվազն 18 դատավորի թվակազմով.
3) վերաքննիչ վարչական դատարանը՝ առնվազն 10 դատավորի թվակազմով:
2. Վերաքննիչ դատարանների դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:
3. Վերաքննիչ դատարանների նստավայրերը գտնվում են Երեւան քաղաքում:

ԳԼՈՒԽ 6
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ

Հոդված 29. Վճռաբեկ դատարանի իրավասությունը
1. Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իր կայացրած դատական ակտերը:
2. Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով`
1) ապահովում է օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.
2) վերացնում է մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումները:
3. Օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետեւանքով:
4. Մարդու իրավունքների եւ ազատությունների հիմնարար խախտումները վերացնելու նպատակով Վճռաբեկ դատարանը վերանայում է այն դատական ակտերը, որոնք խաթարում են արդարադատության բուն էությունը:
Հոդված 30. Վճռաբեկ դատարանի կառուցվածքը եւ դատավորների թվակազմը
1. Վճռաբեկ դատարանը գործում է երկու պալատով, որոնցից յուրաքանչյուրը հանդես է գալիս որպես Վճռաբեկ դատարան:
2. Վճռաբեկ դատարանում գործում են՝
1) քրեական պալատը՝ 6 դատավորի թվակազմով.
2) քաղաքացիական եւ վարչական պալատը՝ 11 դատավորի թվակազմով, որոնք համարվում են միաժամանակ քաղաքացիական եւ վարչական մասնագիտացումներ ունեցող:
Հոդված 31. Վճռաբեկ դատարանի դատական տարածքը եւ նստավայրը
1. Վճռաբեկ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:
2. Վճռաբեկ դատարանի նստավայրը Երեւան քաղաքն է:

ԳԼՈՒԽ 7
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Հոդված 32. Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի նախագահը
1. Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը երեք տարի է:
2. Ի լրումն դատավորի լիազորությունների՝ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի նախագահը՝
1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը, ներառյալ` վերահսկում են դատարանի աշխատակազմի գործունեությունը.
2) դատավորներին տրամադրում է արձակուրդ.
3) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
4) դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ, Ընդհանուր ժողով եւ Ընդհանուր ժողովի հանձնաժողովներ.
5) դատավորի կողմից վարքագծի կանոնի առերեւույթ խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին (այսուհետ՝ Կարգապահական հարցերի հանձնաժողով).
6) իրականացնում է այլ լիազորություններ:
3. Առաջին ատյանի դատարանի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով հաստատում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների հերթապահությունների ժամանակացույցը եւ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակում է ժամանակացույցով հերթապահությանը ներգրավված դատավորների նստավայրերը:
4. Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի նախագահը կարող է այլ դատավորի նշանակել իրեն փոխարինող արձակուրդի կամ գործուղման մեջ լինելու, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակության դեպքերի համար:
5. Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի նախագահի կողմից փոխարինող չնշանակվելու, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում նրան փոխարինում է տվյալ դատարանի այն դատավորը, որը տվյալ ատյանի դատարանում ունի դատավորի առավել երկար փորձառություն: Փորձառության հավասար ժամկետ ունեցող մեկից ավելի դատավորի առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագ դատավորին:
Հոդված 33. Վճռաբեկ դատարանի նախագահը
1. Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը վեց տարի է:
2. Ի լրումն Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի լիազորությունների՝ Վճռաբեկ դատարանի նախագահը՝
1) ապահովում է Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը, ներառյալ` վերահսկում է վճռաբեկ դատարանի աշխատակազմի գործունեությունը.
2) Վճռաբեկ դատարանի դատավորներին տրամադրում է արձակուրդ.
3) ներկայացնում է Վճռաբեկ դատարանը այլ մարմինների հետ հարաբերություններում.
4) Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ, Ընդհանուր ժողով եւ Ընդհանուր ժողովի հանձնաժողովներ.
5) Վճռաբեկ դատարանի դատավորի, այդ թվում՝ պալատի նախագահի կողմից դատավորի վարքագծի կանոնի առերեւույթ խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Կարգապահական հարցերի հանձնաժողով.
6) իրականացնում է այլ լիազորություններ։
3. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Վճռաբեկ դատարանի նախագահը պալատի նախագահներից մեկին նշանակում է իրեն փոխարինող:
4. Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից արձակուրդի կամ գործուղման մեջ լինելու դեպքում իրեն փոխարինող չնշանակելու, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում նրան փոխարինում է Վճռաբեկ դատարանի պալատի այն նախագահը, որը Վճռաբեկ դատարանում ունի դատավորի առավել երկար փորձառություն: Փորձառության հավասար ժամկետի դեպքում նախապատվությունը տրվում է պալատի տարիքով ավագ նախագահին:
Հոդված 34. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը
1. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնավարման ժամկետը վեց տարի է:
2. Ի լրումն Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի լիազորությունների` Վճռաբեկ դատարանի պալատի նախագահը՝
1) կազմակերպում է պալատի աշխատանքները.
2) վարում է պալատի նիստերը.
3) Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի կողմից վարքագծի կանոնի առերեւույթ խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Կարգապահական հարցերի հանձնաժողով:
3. Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի արձակուրդի կամ գործուղման, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում պալատի դատավորներից մեկին Վճռաբեկ դատարանի նախագահը նշանակում է Վճռաբեկ դատարանի պալատի նախագահին փոխարինող:
Հոդված 35. Դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների լիազորությունների դադարումը
1. Դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների լիազորությունները դադարում են պաշտոնավարման ժամկետը լրանալու, դատարանի վերացման, նրանց՝ որպես դատավորի լիազորությունների դադարման, դադարեցման, Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելու, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերում:
2. Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանի նախագահը հրաժարականի մասին գրավոր դիմումի մեջ նշում է հրաժարականի հիմք հանդիսացող հանգամանքները: Բարձրագույն դատական խորհուրդը կարող է չընդունել առաջին ատյանի դատարանի եւ վերաքննիչ դատարանի նախագահների հրաժարականը:
3. Վճռաբեկ դատարանի եւ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում նրա՝ որպես Վճռաբեկ դատարանի կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի լիազորությունները դադարում են Բարձրագույն դատական խորհրդի նիստում իր հրաժարականը պնդելու կամ այդ նիստին չներկայանալու օրվանից:

ԳԼՈՒԽ 8
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 36. Դատական դեպարտամենտը
1. Բարձրագույն դատական խորհուրդը ձեւավորում է իր աշխատակազմը՝ Դատական դեպարտամենտը, որն ապահովում է Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, Ընդհանուր ժողովի եւ նրա հանձնաժողովների գործունեությունը:
2. Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունն ապահովում է Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը:
3. Դատարանների գործունեությունն ապահովում են Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումները:
Հոդված 37. Ծառայությունը Դատական դեպարտամենտում
1. Դատական դեպարտամենտում իրականացվում են դատական ծառայություն, դատական կարգադրիչների ծառայություն, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում՝ ծառայության այլ տեսակներ:
2. Դատական կարգադրիչների ծառայությունն ապահովում է՝
1) դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների եւ այլ անձանց կյանքի, առողջության եւ արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից.
2) տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը.
3) դատարանների տարածքում հասարակական կարգի պահպանումը, կցված գույքի, ինչպես նաեւ շենքի եւ դրա սպասարկման տարածքի պահպանությունը.
4) օրենքով նախատեսված այլ գործողությունների իրականացումը:
3. Դատական եւ դատական կարգադրիչների ծառայություններին վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով:
4. Դատական կարգադրիչների ծառայության գործառույթների իրականացմանը կարող են ներգրավվել այլ պետական մարմիններ կամ կազմակերպություններ:
Հոդված 38. Դատարանների եւ Բարձրագույն դատական խորհրդի ֆինանսավորումը
1. Դատարանների եւ Բարձրագույն դատական խորհրդի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեից՝ յուրաքանչյուր դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի համար առանձին տողով:
2. Դատարանների եւ Բարձրագույն դատական խորհրդի ֆինանսավորումը պետք է իրականացվի այնպես, որ ապահովվեն նրանց բնականոն գործունեության համար անհրաժեշտ ծախսերը:
3. Դատարանների եւ Բարձրագույն դատական խորհրդի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը եւ բյուջետային հայտի նախագիծը նախապատրաստում է Դատական դեպարտամենտը:
4. Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմինը, ստանալով դատարանների աշխատակազմերի նախապատրաստած միջնաժամկետ ծախսերի ծրագրերի կամ բյուջետային հայտի նախագծերը, կազմում է դատարանների եւ Բարձրագույն դատական խորհրդի միջնաժամկետ ծախսերի ծրագրի կամ բյուջետային հայտի նախագիծը:
5. Դատարանների եւ Բարձրագույն դատական խորհրդի միջնաժամկետ ծախսերի ծրագրի կամ բյուջետային հայտի նախագիծը Դատական դեպարտամենտի ղեկավարը ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի հաստատմանը։
6. Բարձրագույն դատական խորհրդի հաստատած բյուջետային հայտը կամ միջնաժամկետ ծախսերի ծրագիրը բյուջետային գործընթացն սկսելու մասին որոշմամբ սահմանված ժամկետներում ներկայացվում է Կառավարություն:
7. Բյուջետային հայտը Կառավարությունն ընդունում եւ ընդգրկում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկությունների դեպքում այն պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունը Ազգային ժողով եւ Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկությունների մանրամասն հիմնավորումները:
8. Սահմանված ժամկետում պետական բյուջեն չհաստատվելու դեպքերում մինչեւ դրա հաստատումը ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:
9. Բարձրագույն դատական խորհրդի դիրքորոշումը բյուջետային հայտի կամ միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերաբերյալ Ազգային ժողովում ներկայացնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Դատական դեպարտամենտի ղեկավարը:
10. Չկանխատեսված ծախսերը ֆինանսավորելու նպատակով բյուջեի առանձին տողով նախատեսվում է դատարանների եւ Բարձրագույն դատական խորհրդի պահուստային ֆոնդ: Դատարանների եւ Բարձրագույն դատական խորհրդի պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին oրենքով դատական իշխանության մարմինների համար նախատեսված ծախսերի երկու տոկոսին: Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ:
11. Պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը դիմում է Կառավարություն:
12. Դատական իշխանության մարմինների բնականոն գործունեությունը ապահովելու համար դատարանների եւ Բարձրագույն դատական խորհրդի պահուստային ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում Կառավարությունը պակասը լրացնում է Կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:
Հոդված 39. Դատարանների, Բարձրագույն դատական խորհրդի, Ընդհանուր ժողովի եւ նրա հանձնաժողովների գործունեության նյութատեխնիկական ապահովումը
1. Դատարանների, Բարձրագույն դատական խորհրդի, Ընդհանուր ժողովի եւ նրա հանձնաժողովների նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է Դատական դեպարտամենտը:

ԳԼՈՒԽ 9
ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

Հոդված 40. Դատավորների միջեւ գործերի բաշխման եւ վերաբաշխման կարգը
1. Դատավորների միջեւ գործերը բաշխվում, վերաբաշխվում են, եւ կոլեգիալ դատական կազմերը ձեւավորվում են մասնագիտացման սկզբունքի եւ պատահական ընտրության, ինչպես նաեւ սույն գլխում ամրագրված կանոնների հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով: Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների բաշխման, վերաբաշխման առանձնահատկությունները, ինչպես նաեւ դրանք քննող դատավորների ցանկը:
2. Օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող գործերը բաշխվում եւ վերաբաշխվում են` ապահովելով գաղտնիությունը:
Հոդված 41. Դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագիրը
1. Դատավորների միջեւ գործերի բաշխումը, վերաբաշխումը եւ կոլեգիալ դատական կազմերի ձեւավորումը կատարվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով (այսուհետ՝ Համակարգչային ծրագիր), որի շահագործման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:
2. Բարձրագույն դատական խորհուրդն ապահովում է Համակարգչային ծրագիրը մշակելը, կատարելագործելը, դրա գաղտնիությունն ու անվտանգությունն ապահովելը, Համակարգչային ծրագիրը գործարկելը եւ սպասարկելը:
3. Համակարգչային ծրագրին ապօրինի միջամտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:
4. Եթե անհաղթահարելի ուժի հետեւանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել Համակարգչային ծրագրի միջոցով, ապա գործերը՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության, հաշվի առնելով սույն օրենսգրքի 42-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով սահմանված առանձնահատկությունները, դատավորների միջեւ հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում դատարանի նախագահն անհապաղ այդ մասին գրավոր տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդին: Բարձրագույն դատական խորհուրդը ծանուցումն ստանալուց հետո քննարկում է պատճառները եւ դրանց վերացման ուղղությամբ տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ Դատական դեպարտամենտին:
Հոդված 42. Առաջին ատյանի դատարանում գործերի բաշխումը
1. Դատարանում ստացված գործն անհապաղ մուտքագրվում է Համակարգչային ծրագրում: Մուտքագրված գործերը հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի դատավորների միջեւ՝ առանց հաշվի առնելու մուտքագրման հերթականությունը: Հավասարաչափ բաշխման չափանիշները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգում:
2. Դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի առկայության դեպքում դատավորը կարող է դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ առաջարկելով իր անուն-ազգանունը ժամանակավորապես հանել բաշխման ցանկից կամ սահմանել իրեն բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ: Դատավորի դիմումը հիմնավոր համարելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու կամ նրան բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ նախատեսելու վերաբերյալ՝ դրա համար սահմանելով որոշակի ժամանակահատված, որը չի կարող գերազանցել վեց ամիսը: Դատավորի դիմումի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում կայացնել վեց ամիս ժամկետը երկարաձգելու մասին, եթե առանձնակի բարդության գործի քննությունը չի ավարտվել:
3. Դատավորի անուն-ազգանունը հանվում է գործերի բաշխման ցանկից՝
1) արձակուրդի դեպքում՝ արձակուրդի եւ դրան նախորդող տասնօրյա ժամանակահատվածով.
2) այլ դատարան գործուղվելու դեպքում՝ գործուղման եւ դրան նախորդող տասնօրյա ժամանակահատվածով: Գործուղման վայրի դատարանի գործերի բաշխման ցանկից գործուղված դատավորի անունը հանվում է գործուղման ժամանակահատվածի ավարտից մեկ ամիս առաջ.
3) ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու, օտարերկրյա գործուղման կամ լիազորությունները կասեցնելու դեպքում՝ համապատասխան ժամկետով.
4) պաշտոնավարման ժամկետն ավարտվելու դեպքում՝ պաշտոնավարման ժամկետի ավարտից երեք ամիս առաջ.
5) սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքում:
4. Եթե առաջին ատյանի դատարանն ունի նստավայր, որում գործում է նույն մասնագիտացումն ունեցող առնվազն երկու դատավոր, ապա գործերի բաշխումն իրականացվում է ընդհանուր կարգով՝ հիմք ընդունելով նստավայրի սպասարկման տարածքը:
5. Եթե առաջին ատյանի դատարանի նստավայրում առկա է համապատասխան մասնագիտացման միայն մեկ դատավոր, ապա սույն հոդվածով նախատեսված գործերի բաշխման կարգը տվյալ նստավայրում չի կիրառվում, իսկ գործը հանձնվում է այդ դատավորին:
6. Այն դեպքում, երբ մուտքագրված գործը, համաձայն օրենքի, ենթակա է քննության դատավորների կոլեգիալ կազմով, ապա տվյալ գործը հանձնվում է դատական կազմը նախագահող դատավորին:
7. Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերը չեն կիրառվում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում գործերի բաշխման կարգի նկատմամբ:
8. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քրեական գործերը բաշխելիս կարող է հաշվի առնվել դատարանի նստավայրի եւ գործն ուղարկած դատախազության համապատասխան ստորաբաժանման միջեւ հեռավորությունը, եթե դրանով չեն խախտվում սույն հոդվածի 1-ին մասի պահանջները:
Հոդված 43.Վերաքննիչ դատարանում գործերի բաշխումը
1. Կոլեգիալ եւ միանձնյա կարգով քննվող գործերը Համակարգչային ծրագրում մուտքագրվում եւ բաշխվում են միմյանցից առանձին:
2. Ձեւավորված դատական կազմերը փոփոխվում են յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ:
Հոդված 44. Վճռաբեկ դատարանում գործերի բաշխումը
1. Վճռաբեկ դատարանում ստացված գործն անհապաղ մուտքագրվում է Համակարգչային ծրագրում եւ տվյալ պալատի դատավորների միջեւ բաշխվում է սույն օրենսգրքով եւ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:
2. Բաշխման արդյունքով որոշվում է տվյալ գործով զեկուցող դատավորը:
3. Գործը վերաբաշխվում է, եթե զեկուցող դատավորը քվեարկել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցին դեմ, եւ այն ընդունվել է վարույթ: Այդ դեպքում գործի վերաբաշխման արդյունքով որպես զեկուցող որոշվում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցին կողմ քվեարկած դատավորներից մեկը:
Հոդված 45. Դատարանների, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներին, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին, Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամներին եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորներին գործերի բաշխման առանձնահատկությունները
1. Հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանվում են հետեւյալ նվազեցումները.
1) 10 տոկոս՝ Ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Ուսումնական հարցերի հանձնաժողով) անդամների համար.
2) 20 տոկոս՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների համար.
3) 25 տոկոս՝ ընդհանուր իրավասության առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների նախագահների համար.
4) 30 տոկոս՝ մասնագիտացված դատարանների նախագահների համար.
5) 35 տոկոս՝ Վճռաբեկ դատարանի եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների, ինչպես նաեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի համար.
6) 75 տոկոս՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների համար:
2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրված դատավորի անուն-ազգանունը հանվում է գործերի բաշխման ցուցակից Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետով:
3. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների համար Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել Հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ:
Հոդված 46. Գործերի վերաբաշխումը
1. Եթե դատավորը գործուղվել է, նրա գործուղման ժամկետն ավարտվել է, նա տեղափոխվել է այլ դատարան, տեղի է ունեցել դատավորների պաշտոնների փոխանակում, տվյալ գործով հայտնել է ինքնաբացարկ, նախկինում մասնակցել է տվյալ գործի քննությանը, գործի հարուցումը մերժել է, որի վերաբերյալ որոշումը սահմանված կարգով վերացվել է, նրա լիազորությունները կասեցվել, դադարել կամ դադարեցվել են, ապա տվյալ դատավորին հանձնված գործերը վերաբաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջեւ:
2. Դատավորի անաշխատունակության, արձակուրդի ժամանակահատվածում եւ դատարանում դատավորների թվի ավելացման հետեւանքով գործի վերաբաշխման դեպքերն ու կարգը սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ:

ԳԼՈՒԽ 10
ԴԱՏԱԿԱՆ ՍԱՆԿՑԻԱՆԵՐԸ

Հոդված 47. Դատական սանկցիա կիրառելու նպատակը եւ հիմքերը
1. Դատական սանկցիան կիրառվում է դատական իշխանության հեղինակությունը պաշտպանելու, ինչպես նաեւ դատական նիստի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով:
2. Դատարանը դատական սանկցիա կարող է կիրառել, երբ անձը՝
1) չարաշահում է իր դատավարական իրավունքները կամ չարամտորեն չի կատարում իր դատավարական պարտականությունները.
2) չի ենթարկվում դատարանի կարգադրություններին կամ որեւէ այլ կերպ խախտում է դատական նիստի կարգը.
3) դատական նիստի դահլիճում անհարգալից վերաբերմունք է դրսեւորում դատարանի նկատմամբ:
Հոդված 48. Դատական սանկցիաների տեսակները
1. Դատական սանկցիաներն են՝
1) նկատողությունը.
2) դատական նիստի դահլիճից հեռացնելը:
2. Օրենքով կարող են նախատեսվել այլ դատական սանկցիաներ:
Հոդված 49. Դատական սանկցիա կիրառելու պայմանները
1. Դատավորը պարտավոր է իր վարքագծով կանխել եւ նվազագույնի հասցնել դատական սանկցիա կիրառելու անհրաժեշտությունը եւ դեպքերը:
2. Դատավորը անհրաժեշտության դեպքում հասկանալի ձեւով նախազգուշացնում է դատական սանկցիա կիրառելու դատարանի իրավասության մասին, ինչպես նաեւ պարզաբանում դատական սանկցիա կիրառելու հիմքերը եւ հետեւանքները:
3. Դատական նիստերի դահլիճում ներկա անձի նկատմամբ դատական սանկցիա կիրառելիս դատարանը, որպես կանոն, ապահովում է նրա լսված լինելու իրավունքը:
4. Դատական սանկցիան պետք է համաչափ լինի անձի վարքագծի բնույթին եւ հետեւանքին:
5. Դատական սանկցիայի կիրառումն արգելք չէ սանկցիայի ենթարկված անձին նույն արարքի համար օրենքով նախատեսված այլ պատասխանատվության ենթարկելու համար:
Հոդված 50. Դատական սանկցիա կիրառելու առանձնահատկությունները
1. Նկատողությունը եւ դատական նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում են նույն դատական նիստում կայացվող` դատարանի արձանագրային որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
2. Դատական նիստերի դահլիճից հեռացում չի կիրառվում վարույթին մասնակցող դատախազի, որպես ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի, ինչպես նաեւ տվյալ պահին ցուցմունք տվող վկայի եւ օրենքով նախատեսված այլ անձանց նկատմամբ:
3. Դատական նիստի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարվելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով՝ դատական կարգադրիչների միջոցով:
4. Վարույթին մասնակցող դատախազի եւ որպես ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցող փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելուց հետո դատարանն այդ մասին տեղեկատվությունն ուղարկում է համապատասխանաբար գլխավոր դատախազին եւ փաստաբանների պալատի նախագահին:
5. Դատական սանկցիաների կիրառմանը վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով:

...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
10.02.2018
ՀՕ-95-Ն

Սկզբնաղբյուր` http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=6166&lang=arm#1

Օրենսգիրք (Word format)

[to the top]Էջի սկիզբ