Վարչական վերաքննիչ դատարան

arrowԴատարանի մասին
arrowԱնհրաժեշտ տեղեկատվություն
arrowԳտնել քարտեզի վրա

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը (այսուհետ՝ վերաքննիչ դատարան) վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով քննում է ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ վարչական դատարան) դատական ակտերի դեմ բերված բողոքները՝ բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ։

Վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`
1) դատավարության մասնակիցները.
2) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ։

Դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վերաքննիչ դատարանում օգտվում են երրորդ անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները։

Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածով 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի։

Միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը։

Դատավարության մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած՝ երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին։

Այդպիսի վերաքննիչ բողոք չի կարող բերվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի։

Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը կարող է ներկայացվել համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո՝ 3 ամսվա ընթացքում։

Դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի իրավահաջորդը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում կարող է ներկայացնել իրավահաջորդ ճանաչվելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում, եթե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում իրավանախորդը չի իրացրել դիմում ներկայացնելու իր իրավունքը մահվան պատճառով։

Դատական ակտի վերանայման դիմում չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի։

Վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում նշվում են`
1) վերաքննիչ դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) բողոք բերող անձի և դատավարության մասնակիցների անունները (անվանումները).
3) վարչական դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա.
5) վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, սահմանադրական դատարանի, վճռաբեկ դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջ բերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն.
6) բողոք բերող անձի պահանջը.
7) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը։

Եթե վարչական դատարանում բողոք բերած անձը զրկված է եղել բողոքի առարկա հանդիսացող որևէ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, ապա վերաքննիչ բողոքում պետք է նշի նաև իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։

Վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։

Բողոքին կցվում են պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթերը, բողոքի պատճենները դատական ակտ կայացրած վարչական դատարանին և դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցները, լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը (եթե բողոք բերողը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով)։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը։

Վերաքննիչ դատարան բողոք բերելուց հետո մինչև վերաքննիչ դատարանում գործի դատաքննության ավարտը վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի ներկայացնելու դիմում բողոքը հետ վերցնելու մասին։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում առկա սխալները վերացնելու և բողոքը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով տասնհինգօրյա ժամկետում, իսկ միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով եռօրյա ժամկետում կրկին բերելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։ Բողոքը կրկին բերելու դեպքում սխալները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար։

 

Վերադառնալ