Կայքը գտնվում է մշակման փուլում

ՍԵՐԺԻԿ ՍԵՐԳԵՅԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ծնվել է 1966 թվականին, Տաշիրի շրջանում։

1983 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ:

Առաջին կուրսն ավարտելուց հետո 1984 թվականին զորակոչվել է ժամկետային զինվորական ծառայության:

1986 թվականին ընդունվել է ԽՍՀՄ-ի Պաշտպանության նախարարության Կարմրադրոշ ռազմական ինստիտուտի ռազմաիրավաբանական ֆակուլտետ (ք. Մոսկվա), և 1991 թվականին գերազանցությամբ ավարտել է:

ԽՍՀՄ Նախագահի 1991 թվականի օգոստոսի 4-ի հրամանագրով նշանակվել է Անդրկովկասյան օկրուգի Հայաստանում տեղակայված 7-րդ բանակի 59-րդ զինվորական տրիբունալի դատավոր:

1993 թվականից զինվորական ծառայությունը շարունակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պայմանագրերի և արտաքին հարաբերությունների վարչությունում՝ որպես խմբի սպա, ավագ սպա, բաժանմունքի պետ (ունի պահեստի արդարադատության փոխգնդապետի զինվորական կոչում):

1995 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից ընտրվել է Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի դատավոր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի օգոստոսի 15-ի հրամանագրով նշանակվել է Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի նախագահ` Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի տեղակալ, 1997 թվականի դեկտեմբերի 18-ի հրամանագրով՝ նաև Գերագույն դատարանի նախագահության անդամ:

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի լուծարման կապակցությամբ 1998 թվականի օգոստոսից կատարել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պարտականությունները:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հունվարի 5-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական և զինվորական գործերով դատարանի դատավոր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 20-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 9-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ։

1999 թվականից մինչև 2004 թվականն եղել է Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամ:

1995 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ: Դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Կառավարման ակադեմիայում և այլ բուհերում: 2004 թվականից դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:

1998 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ` կապված Հայաստանի քրեական իրավունքի զինվորական ասպեկտների համալիր հետազոտման և նոր զինվորական հանցագործությունների տեսական մոդելի մշակման ու ներկայացման հետ:

2005 թվականի մարտի 31-ին ՌԴ Արդարադատության նախարարության Ռուսաստանյան իրավական ակադեմիայի մասնագիտական խորհրդում, քրեական իրավունքի բնագավառում պաշտպանել է դոկտորական թեզը, ունի Ռուսաստանի և Հայաստանի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Հեղինակ է 120 գիտական, ուսումնական, ուսումնամեթոդական աշխատանքների, այդ թվում 10 մենագրությունների, 5 դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, 90-ից ավելի գիտական հոդվածների և միջազգային զեկույցների, որոնք լույս են տեսել Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Բուդապեշտում, Գերմանիայում, Լեռնային Ղարաբաղում: Համահեղինակ է նաև Սանկտ Պետերբուրգում առաջին անգամ 35 հատորով լույս տեսնող <<Քրեական իրավունքի հանրագիտարանի>>:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 26-ի որոշմամբ շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում` <<իրավաբանություն>> մասնագիտությամբ:

Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի 2011 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ շնորհվել է <<համալսարանի վաստակավոր պրոֆեսորի կոչում>>:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանով նշանակվել է Հայ-ռուսական համալսարանում գործող Հայաստանի Հանրապետության ԲՈՀ-ի իրավագիտության 063 մասնագիտական խորհրդի նախագահ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 3-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար Սերժիկ Ավետիսյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

2016 թվականին նշանակվել է «Կրիմինալիստների և կրիմինոլոգների միություն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության նախագահ:

Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ պարգևատրվել է ոսկե մեդալով:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի սեպտեմբերի 24-ի N 934-Ա/2 հրամանով Ս.Ավետիսյանը ընդգրկվել է «Արդյունավետ գիտաշխատող - 2016» մրցույթի շահառուների ցուցակում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 7-ի հրամանագրով Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, իրավագիտության զարգացման և օրինականության ամրապնդման գործում ունեցած նշանակալի վաստակի համար շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

 

Վերադառնալ