Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան

(kentron@court.am)

arrowԴատարանի մասին
arrowԱնհրաժեշտ տեղեկատվություն
arrowԳտնել քարտեզի վրա

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ հոդվածն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի Սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարվելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները։ Իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա պետական իշխանության մարմիններից հենց դատարանի վրա է դրված անհատի և պետության շահերի պաշտպանության առաքելությունը։ Դատարանները կոչված են լուծելու անհատի և հասարակության մյուս անդամների, ինչպես նաև պետական մարմինների հետ առաջացած հակասությունները և ապահովելու անհատի իրավունքներն ու հիմնարար ազատությունները։ Դատարան դիմելու օրենքով սահմանված կարգն, ըստ էության, քաղաքացիների և իրավաբանական անձանց՝ դատարան դիմելու իրավունքի իրականացման երաշխիքն է։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հռչակում է, որ.

    • պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:
    • Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Օրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:
    • յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
    • յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
    • արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի համաձայն՝
1. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի Օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
2. Օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար դատարան դիմելու իրավունք ունեն օրենքով այդպիսի իրավունք կամ լիազորություն ունեցող անձինք:
3. Այն դեպքերում, երբ օրենքով կամ պայմանագրով նախատեսված է մինչև դատարան դիմելը կողմերի միջև առկա վեճի կարգավորման արտադատական կարգ, վեճը կարող է հանձնվել առաջին ատյանի դատարանի քննության այն արտադատական կարգով լուծելուն ուղղված օրենքով կամ պայմանագրով նախատեսված գործողությունները ձեռնարկելու օրվանից երեսուն օրացուցային օր հետո, եթե այլ կարգ կամ ժամկետ սահմանված չէ օրենքով կամ պայմանագրով:

Դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցադիմումի կամ դիմումի հիման վրա: Հայցը հարուցվում է Օրենսգրքով սահմանված կարգով հայցադիմում ներկայացնելու միջոցով: Հայցադիմումը ներկայացվում է գրավոր՝ Օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումը պետք է լինի ընթեռնելի: Հայցադիմումում պարտադիր նշվում են`
1) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը,
2) հայցվորի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից), այդ թվում` հայցվոր քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի տվյալները (այսուհետ՝ անձնագրային տվյալներ), հայցվոր իրավաբանական անձի պետական գրանցման համարը, նրա ներկայացուցչի անունը, անձնագրային տվյալները, ծանուցման հասցեն, իսկ եթե հայցը ներկայացրել է դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձը՝ նաև այդ անձի անունը, պաշտոնը,
3) պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի հասցեն,
4) գործին մասնակցող այլ անձանց անունը (անվանումը), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի հասցեն,
5) այն փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները,
6) դրամական պահանջի դեպքում` պահանջվող կամ վիճարկվող գումարի չափը և հաշվարկը,
7) պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), իսկ մի քանի պատասխանողների դեմ հայցադիմում ներկայացնելիս հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջը (պահանջները), եթե այն համիրավ չէ,
8) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի և ապացույցների ցանկը:

Հայցադիմումում կարող են նշվել`
1) վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմերը.
2) այն ապացույցները, որոնք հաստատում են հայցի հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված.
3) հայցվորի միջնորդությունները.
4) վեճը հաշտությամբ լուծելու ուղղությամբ կատարված գործողությունները, այդ թվում՝ հաշտարարին դիմելու վերաբերյալ տեղեկությունները.
5) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության և լուծման համար.
6) էլեկտրոնային հաղորդակցության միջոցի վերաբերյալ տեղեկությունը՝ ծանուցումն այդ միջոցով իրականացնելու միջնորդությամբ:

Հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած հայցադիմումին կցվում են նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

Դիմումի նկատմամբ տարածվում են հայցադիմումի համար սահմանված պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ Օրենսգրքով, կամ այլ բան չի բխում համապատասխան վարույթի էությունից:

1. Հայցադիմումին կցվում են`

    1) հայցվորի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
    2) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը.
    3) լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը, եթե հայցվորը հանդես է գալու ներկայացուցչի միջոցով, և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
    4) պայմանագրի նախագիծը, եթե հայցադիմումը վերաբերում է պայմանագիր կնքել հարկադրելուն.
    5) հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի.
    6) հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները՝ գործին մասնակցող անձանց թվին համապատասխան, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում.
    7) հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշումը, ինչպես նաև հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառած դատարան ուղարկելը հավաստող ապացույցներ:

2. Հայցադիմումին չեն կցվում հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, եթե`

    1) հայցվորը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն.
    2) հայցվորը ներկայացրել է ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդություն:

3. Եթե հայցադիմումին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումն ուղարկելը հավաստող ապացույցներ:

4. Հայցադիմումին կից Օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացվել հայցի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:

5. Դիմումին կցվող փաստաթղթերի նկատմամբ տարածվում են սույն հոդվածով սահմանված պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ Օրենսգրքով, կամ այլ բան չի բխում համապատասխան վարույթի էությունից:

Հակընդդեմ հայց

Պատասխանողն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:

Հակընդդեմ հայցը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, ընդունումը մերժվում կամ վերադարձվում է հայցադիմումին վերաբերող Օրենսգրքով նախատեսված կարգով:

Լեզուն

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական դատավարության լեզուն հայերենն է:

Գործին մասնակցող անձինք դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացնում են հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը դատարանը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:

Գործին մասնակցող անձին, նրա նախաձեռնությամբ նշանակված փորձագետին, նրա միջնորդությամբ հրավիրված մասնագետին կամ վկային դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի տիրապետում հայերենին, և գործին մասնակցող անձն ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:

Լսողական կամ խոսակցական խանգարումներ ունեցող անձինք, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, ապահովվում են գործի նյութերին ծանոթանալու, Օրենսգրքով սահմանված այլ իրավունքներից օգտվելու և պարտականություններ կրելու հնարավորությամբ` սուրդոթարգմանչի միջոցով:

Տեսողական խանգարումներ ունեցող անձանց համար, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, ապահովվում է դատական ակտերի հասանելիությունը` մատչելի եղանակով:

Տեղեկատվության ազատություն

ՀՀ քաղաքացիները դատարան կարող են դիմել նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն տեղեկություն ստանալու համար։ Դատարանից պահանջվող տեղեկությունները տրամադրում է դատարանի աշխատակազմը։

Նշված օրենքի համաձայն՝ հարցումները ներկայացվում են գրավոր և բանավոր։ Գրավոր հարցման մեջ նշվում է դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն (իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը և հասցեն)։ Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի։ Գրավոր հարցումների գործավարությունն իրականացվում է քաղաքացիների դիմումների և բողոքների համար օրենսդրությամբ սահմանված կարգով՝ գործավարության մյուս ձևերից առանձին։

 

Վերադառնալ