05 փետրվարի 2019

Ի ՊԱՏԱՍԽԱՆ՝ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԻ ՏԱՐԱԾԱԾ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթի փետրվարի 5-ի համարում լույս տեսած «Կռվի պատճառով նիստերը չեն կայանում» հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ տարածված տեղեկությունը բացարձակ անհեթեթություն է և ապակողմնորոշող:

Թեև «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հարցին ի պատասխան նշել էինք, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրությունը բացառապես Դատավորների ընդհանուր ժողովի` որպես դատավորների ինքնակառավարման մարմնի լիազորության շրջանակում է, հարկ ենք համարում կրկնել վերոնշվածը և հատուկ շեշտել, որ Բարձրագույն դատական խորհրդում նման հարց երբևէ չի քննարկվել և չէր էլ կարող քննարկվել: Բարձրագույն դատական խորհուրդը նման լիազորություն չունի:

Ավելին, լրագրողին պարզաբանվել է նաև օրենքի պահանջը նյութում առկա ևս մի կոպիտ սխալի կապակցությամբ:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 133-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ մասերի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը կազմում և հաստատում է Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա երեք դատավորների թեկնածուների ցուցակը և նրանց թեկնածությունները նրանց անձնական գործերի, իսկ թեկնածուների՝ դատավոր չլինելու դեպքում նրանց կողմից ներկայացված և դրանց ստուգման արդյունքում ձեռք բերված փաստաթղթերի հետ ներկայացնում է Ազգային ժողով Վճռաբեկ դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը լրանալու օրվանից տասնօրյա, իսկ այլ հիմքով պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ մեկամսյա ժամկետում:

Ազգային ժողովն առաջարկվող թեկնածուին ընտրում և Հանրապետության նախագահին առաջարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

Հատուկ լրագրողի համար մեկ նախադասությամբ՝ Վճռաբեկ դատարանի դատավորին ընտրում է Ազգային ժողովը:

Եվս մեկ անգամ՝ «Ժողովուրդ» օրաթերթի գործընկերներին. hարգելիներս, ի վերջո, հենց ԶԼՄ-ի շահերից պիտի որ չբխի ծայրից ծայր անճշտություններ պարունակող, ապատեղեկատվական բնույթի նյութ հրապարակելը, որքան էլ որ մեծ լինի «էքսկլյուզիվ լուր» տալու գայթակղությունը: Շտապելուց սուտը ճիշտ չի դառնում:

ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Վերադառնալ