07 նոյեմբերի 2018

ԴԱՏԱՎՈՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՆԱՐԻՆ Է ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ ԱՌԱՆՑ ՆՐԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ

Բարձրագույն դատական խորհուրդը կարծիք է հայտնել ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ:

Առաջարկվող նախագիծն անձի վիճակն ակնհայտ վատթարացնող է, իսկ հիմնական իմաստն այն է, որ սահմանափակվում է օրենքով սահմանվող կենսաթոշակի չափը` միաժամանակ առավելագույն սահման ամրագրելով Կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի տասնապատիկի չափը:

Նախատեսվում է նման սահմանափակումը տարածել նաև դատավորների վրա: Որպես հիմնավորում է ներկայացվում այն, որ ներկայումս համեմատաբար բարձր կենսաթոշակի պարագայում բազում անձանց կենսաթոշակը ցածր է, իսկ օրենսդրական նախաձեռնության արդյունքում վերաբաշխման միջոցով հնարավոր կլինի, որոշ պաշտոնատար անձանց կենսաթոշակը նվազեցնելու արդյունքում խնայված միջոցներով բարձրացնել մյուս անձանց կենսաթոշակը:

Առաջին հայացքից հումանիստական նպատակներ հետապնդող այդպիսի առաջարկությունը, հատկապես, դատական իշխանությանը վերաբերող մասով իրավաչափ չէ, չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության արժեբանությունից ու հիմնարար սկզբունքներից և հակասում է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանը հռչակել է իրավական պետություն, որի գլխավոր բնութագրիչն իրավունքի գերակայության երաշխավորումն է: Իսկ դա հնարավոր է միայն անկախ դատական համակարգի առկայության պայմաններում: ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: Համաձայն Սահմանադրության 173-րդ հոդվածի` Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Դատավորի անկախությունն անհնարին է երաշխավորել առանց նրա սոցիալական անկախության երաշխավորման:

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից հաստատված և Եվրախորհրդի նախարարների կոմիտեի կողմից հավանության արժանացած` Իրավունքի գերակայության հիմնարար չափորոշիչների մեջ հատկապես կարևորվում է դատավորի նյութական ու սոցիալական անկախության առնչությամբ գործադիր իշխանության ներազդեցության բացառումը: Բացի այդ, 2010 թվականի մարտին Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի կողմից ընդունված «Դատական համակարգի անկախության վերաբերյալ» զեկույցում /CDL-AD/2010/004/ արձանագրվեցին դատական իշխանության անկախության երաշխավորման վերաբերյալ եվրոպական մի շարք չափորոշիչներ, որոնք կարևոր նշանակություն ունեն Եվրոպական բոլոր երկրների համար: Դրանց շարքում հարկ է ուշադրություն դարձնել հետևյալներին.

- Դատական իշխանության անկախությունն ինքնանպատակ չէ: Այն դատավորների անձնական առավելությունը չէ, այլ պայմանավորված է դատավորների՝ որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորի դերի իրագործման անհրաժեշտությամբ:

- Դատավորների անկախությունը և, հետևաբար, դատական իշխանության հեղինակությունը տվյալ հասարակությունում կախված է բազմաթիվ գործոններից: Մասնավորապես` Վենետիկի հանձնաժողովն ամրագրում է այն դիրքորոշումը, որ դատավորների նյութական ապահովությունը պետք է համաչափ լինի մասնագիտական արժանապատվությանը և համապատասխան վարձատրությունն անհրաժեշտ պայման է դատավորներին անհիմն արտաքին ազդեցությունից պաշտպանելու համար: Պետության պարտականությունն է ապահովել համապատասխան ֆինանսական ռեսուրսներ դատական համակարգի համար: Նույնիսկ ճգնաժամի ժամանակ դատական համակարգի բնականոն գործունեությունը և անկախությունը չպետք է վտանգվի:

Անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ Եվրոպական մակարդակով անկախ և անաչառ դատարանի իրավունքն առաջին հերթին երաշխավորված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով («1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային դատաքննության իրավունք: ...»):

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից բացի, Եվրոպական մակարդակում դատական իշխանության անկախության ամենահեղինակավոր փաստաթուղթը «Դատավորների անկախության, արդյունավետության և դերի մասին» ԵԽ Նախարարների կոմիտեի թիվ (94) 12 հանձնարարականն է, որում նույնպես կարևորվում են դատարանի անկախության բոլոր բաղադրատարրերը:

Եվրոպայի խորհրդի մեկ այլ փաստաթուղթ՝ Դատավորների կարգավիճակի Եվրոպական խարտիան (6.4. կետ), միանշանակ սահմանում է, որ դատավորի կենսաթոշակը պետք է հնարավորինս մոտ լինի դատավորի վերջին պաշտոնում ստացած աշխատավարձին:

Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից նույնպես ընդունվել են համարժեք մոտեցումներ, որոնք, մասնավորապես, արտացոլված են Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Վեհաժողովի կողմից 1985 թվականին սահմանված Դատական մարմինների անկախության հիմնական սկզբունքներում և 2002 թվականին ընդունված Դատավորների վարքագծի Բանգալորյան սկզբունքներում: Մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 1985 թ. նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 13-ի 40/32 և 40/146 բանաձևերով հավանության արժանացած «Դատական իշխանության անկախության վերաբերյալ սկզբունքների» 11-րդ կետով ամրագրված է. «Դատավորների լիազորությունների տևողությունը, նրանց անկախությունը, անվտանգությունը, համապատասխան վարձատրությունը, թոշակը և թոշակի անցնելու պայմանները պետք է հավուր պատշաճի երաշխավորվեն»:

Ընդ որում, միջազգային իրավական չափանիշները հիշյալ հարցադրումների առնչությամբ կարևորել են նաև այնպիսի օրենսդրական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը, որոնք միտված կլինեն դատավորների վարձատրության և սոցիալական ապահովության կրճատումները բացառելուն, դրան ուղղված քաղաքականությունը զսպելուն (ինչպես, օրինակ՝ ԵԽ Նախարարների կոմիտեի 2010 թ. նոյեմբերի 17-ի թիվ CM/Rec(2010)12 հանձնարարականը):

Միջազգային այս բոլոր իրավական ակտերը որպես դատավորի անկախության երաշխիք են դիտարկում ինչպես գործառութային, կառուցակարգային, նույնպես և նյութական ու սոցիալական անկախության երաշխիքները: Բոլոր այս և մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերում անվերապահորեն ընդգծվում է, որ իրավական պետության առանցքային բաղադրիչ կարող է ճանաչվել բացառաապես դատավորների երաշխավորված անկախությունը, որի կարևոր հենքերից է իշխանության այլ ճյուղերի հայեցողությամբ չպայմանավորված սոցիալական պատշաճ ապահովությունը:

Այն մտայնությունը, թե դատավորի կենսաթոշակը զուտ սոցիալական ապահովման միջոց է, չի համապատասխանում իրավական պետության և իրավունքի գերակայության երաշխավորման սկզբունքներին: Դատավորի կենսաթոշակը նրա սոցիալական անկախության կարևորագույն երաշխիքն է, որի թուլացումը մեծագույն վտանգ է դատավորի ու դատական իշխանության անկախությանը:

Անհրաժեշտ ենք համարում ավելացնել նաև, որ դատավորի կենսաթոշակի չափը` վերջին հաշվով կախվածության մեջ դնելով գործադիր իշխանության կողմից հաստատվող նվազագույն հաշվարկային միավորից, վտանգում է նաև իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սկզբունքը: Նկատենք նաև, որ Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասով պարզապես բացառվում է գործադիր իշխանության կողմից հիշյալ հարաբերությունների իրավական կարգավորումը. «Դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատաս-խանատվությանը համապատասխանող վարձատրություն: Դատավորի վարձատրության չափը սահմանվում է օրենքով (ընդգծումը մերն է)»:

Ինչ վերաբերում է այս փուլում, իրոք հանրությանը մտահոգող ցածր թոշակների հիմնախնդրին, ապա այն կարող է լուծվել այնպիսի իրավական ընթացակարգերով, որոնք, մի կողմից, ոչ միայն չեն առաջացնի անհարկի սոցիալական դժգոհություններ և չեն հանգեցնի Սահմանադրության հիմնադրույթների խախտմանը, այլև էլ ավելի մեծ չափով կնպաստեն այդ հիմնախնդրի շուտափույթ և արմատական լուծմանը: Այսպես, օրինակ, Բարձրագույն դատական խորհուրդը «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի նախագծի առնչությամբ հանդես եկավ այդ համակարգում հանրային ծառայողների կենսաթոշակի տարիքը առնվազն 10 տարով բարձրացնելու առաջարկությամբ (արդյունքում օրենքով սահմանվել է 65 տարին), ինչն արդեն ընդունվել է և դրա արդյունքում մենք այսուհետ չենք ունենա անհարկի մեծ չափերի հասնող սոցիալական ծախսեր, իսկ հանրային ծառայողներն էլ կունենան ցանկալի զբաղվածություն (նշենք, որ հանրային ծառայողները մշտապես օգտվել են մի քանի տարով իրենց ծառայության ժամկետը երկարացնելու համար դիմելու իրավունքից): Սակայն այս նախաձեռնությունը նպատակահարմար է ավարտին հասցնել և ներդնել հատուկ պետական ծառայության բոլոր տեսակներում (քրեակատարողական, դատական ակտերի հարկադիր կատարման, ոստիկանսության և այլն), ինչի արդյունքում կտրուկ կնվազի համեմատաբար բարձր կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների արհեստական աճը:

Առկա է մեկ այլ վտանգ ևս՝ ներկայումս լուրջ խնդիրներ են առաջացել դատական համակարգը բարձրորակ թեկնածուներով համալրման գործում: Առաջարկվող նախագիծը բազմապատիկ անգամ կվատթարացնի դատական իշխանության համակարգային բարեփոխումների գործընթացը:

Հաշվարկները միանշանակ վկայում են նաև այն մասին, որ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ի զորու չէ նպաստելու կենսաթոշակների բարձրացման հիմնախնդրի լուծմանը: Այսպես, առաջիկա 5 տարիների ընթացքում թոշակի անցնող դատավորների պարագայում՝ Կառավարության նախաձեռնությամբ թոշակների կրճատումը կհանգեցնի սոսկ 200 մլն դրամի խնայողության: Բնականաբար, էլ ավելի նվազ խնայողություն է ստացվելու դատախազների և քննիչների պարագայում: Այս փաստարկը ևս չի խոսում օրենսդրական նախաձեռնության նշանակալից արդյունավետության իրատեսական լինելու մասին:

Հավելենք, որ դատավորների սոցիալ-նյութական ներկա ապահովվածության վիճակը, ինչն անհարկի վատթարացավ դեռևս 2014 թվականին՝ քննարկման առարկա օրենքի և Կառավարության որոշման ընդունմամբ, արդեն իսկ գնահատվում է խիստ խնդրահարույց (հայտնի են միջազգային համապատասխան կառույցների միանշանակ բացասական արձագանքները), ինչի արդյունքում դատավորի պաշտոն զբաղեցնելը դարձել է ակնհայտ ոչ գրավիչ: Բնորոշ է այն, որ հիշյալ օրենսդրական փոփոխությունից հետո դատավորի յուրաքանչյուր թափուր տեղի համար հավակնորդների քանակը նվազել է առնվազն 2,5 անգամ, իսկ արդեն այս տարի 1 թափուր տեղի համար այն կազմել է ընդամենը 2 անձ: Եթե դրան հավելենք նաև, որ մեծ թիվ է կազմում նաև բավարար գիտելիքներ չունեցող հավակնորդների աճը (2018 թ. թվով 90 դիմորդից գրավոր քննության նվազագույն շեմը հաղթահարել է միայն 24-ը), ապա պատկերն առավել ամբողջական կլինի:

Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի է համարում համահարթեցման այն մոտեցումը, որը դրված է տվյալ նախագծի հիմքում և գտնում է, որ առանց Վենետիկի հանձնաժողովի կողմից քննարկման, դատական իշխանության անկախության երաշխավորման տեսանկյունից այդպիսի առանցքային նշանակություն ունեցող նախագիծն Ազգային ժողով ներկայացնելն անընդունելի է: Պետք է հաշվի առնել, որ Եվրախորհրդին անդամակցելիս Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել դատական իշխանությանն առնչվող օրենքների նախագծերի վերաբերյալ ստանալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը:

 

Վերադառնալ