10 ապրիլի 2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ

Բարձրագույն դատական խորհուրդն ապրիլի 10-ին կազմակերպել էր ընդունելություն գործունեության մեկ տարվա կապակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք։

Խորհրդի նախագահ Գ․Հարությունյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց Խորհրդի գործունեության ծավալուն «Տարեկան հաղորդումը», որն ամփոփում է ոչ միայն կատարված աշխատանքը, այլև դատական իշխանության բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունները։

Բարձրագույն դատական խորհրդի գործունեության հիմքում դրված հիմնական սկզբունքները միտված են անկախ, անաչառ, մատչելի, արդյունավետ, հաշվետվողական, թափանցիկ արդարադատության իրականացմանը։ Ելակետային է եղել այն համոզմունքը, որ դատական իշխանությունը պետք է դիտարկել ոչ թե որպես ինստիտուտների համակարգ, այլ իշխանությունների բաժանման ու հավասարակշռման համակարգում իր համարժեք տեղն ու դերն ունեցող իշխանություն։

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունն իրականացվում է համակարգային մոտեցմամբ՝ խնդիրների լուծումը դիտարկելով փոխպայմանավորվածության մեջ, իրականացնելով ծրագրանպատակային քաղաքականություն։

Առանցքային են դատական իշխանության ապակենտրոնացման ու գործունեության իրավական երաշխիքների ամրապնդման, հանրային հաշվետվողականության ապահովման, արդյունավետ արդարադատության նախադրյալների ստեղծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:

Առանձնապես կարևորվում են էլեկտրոնային արդարադատության փուլային ներդրման, դատական գործերի կառավարման ժամանակակից թվայնացված համակարգի արմատավորման, արդարադատության համակարգային մշտադիտարկման ապահովման, արդարադատության ծախսատարության կրճատման, դատական արխիվների և ընթացիկ գործերի ամբողջական թվայնացման համակարգի արմատավորման, դատարանների շենքային ու նյութատեխնիկական պայմանների որակական բարելավման, դատարանների ու դատավորների նյութական ու սոցիալական անկախության անհրաժեշտ ու բավարար երաշխիքների ապահովման, դատավորների օպտիմալ ծանրաբեռնվածության, նրանց գործունեության գնահատման օբյեկտիվ չափանիշների վրա խարսխված համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Միջոցառման ընթացքում անիմացիոն տեսահոլովակների միջոցով ներկայացվեցին մեկ տարվա ընթացքում դատական իշխանության մշտադիտարկման արդյունքներն ու էլեկտրոնային արդարադատության զարգացման ուղենիշները, ճանապարհային քարտեզը։ Ներկայացվեց նաև դատական իշխանության պաշտոնական նոր կայքը։

Միջոցառման ավարտին Խորհրդի նախագահ Գ․ Հարությունյանի ուղեկցությամբ վարչապետ Ն. Փաշինյանը շրջայց կատարեց Խորհրդի նոր շենքում։


Կից՝ անիմացիոն տեսահոլովակներ

Բարձրագույն դատական խորհուրդ. Տարեկան գործունեության ամփոփում

Բարձրագույն դատական խորհուրդը ստեղծում է Էլեկտրոնային արդարադատության ծրագրային լուծում

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

  •  

    Վերադառնալ