13 հուլիսի 2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՄԱՐԶԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 12-ին Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստն էր, որի ընթացքում կայացավ հանդիպում-խորհրդակցություն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ՝ դատական իշխանությանը վերաբերող հրատապ հարցերի քննարկմանը դատավորներին մասնակից դարձնելու, նրանց դիրքորոշումները լսելու նպատակով:

Քննարկման առարկա դարձան մարզերում դատավորների նստավայրերի հնարավոր կանոնակարգմանը, դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման և վերաբաշխման չափանիշների սահմանմանը վերաբերող հարցերը:

Դատավորներին մտահոգող խնդիրների շարքում էին վճարման ենթակա պետական տուրքերի հետաձգման պրակտիկայի վերանայման, գործերի քննության ժամկետների ձգձգման պատճառ հանդիսացող փորձագիտական կենտրոնների և արդարադատության ավելորդ ծախսատարություն ստեղծող փոստային ծառայությունների բարելավման անհրաժեշտությունը: Դատավորների կողմից արված դիտարկումներն ու նկատառումներն արձանագրվեցին՝ Խորհրդի կողմից համապատասխան ընթացք ստանալու և հնարավոր լուծումներ գտնելու նպատակով:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրեց, որ հնչեցված հարցադրումներն իսկապես առաջնային են, և գործուն քայլեր են ձեռնարկվում թվայնացման գործընթացի ակտիվացման և էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ:

Քննարկում-խորհրդակցությունից հետո, սահմանված ժամանակացույցի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրեց նաև նշված դատարանների նախագահների ընտրություն:

Տեղի ունեցած քվեարկության արդյունքում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չստացան: Առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների՝ Հովհաննես Ավագյանի և Վարդան Ստեփանյանի թեկնածությունները դրվեցին լրացուցիչ քվեարկության:

Արդյունքում, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Հովհաննես Ավագյանը:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով տեղի ունեցած քվեարկության արդյունքներով՝ դատարանի նախագահ ընտրվեց Վարդան Հարությունյանը՝ 7 ձայնով:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղի համար անցկացված ընտրության արդյունքում՝ դատարանի դատավոր ընտրվեց Արամ Մկրտչյանը:

  •  
  • Վերադառնալ