27 մարտի 2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Արևելյան գործընկերության երկրներում արդարադատության արդյունավետությունը բարելավելու, դատական իշխանության համակարգում սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու և նմանաբնույթ մի շարք հարցադրումների քննարկման նպատակով Համաշխարհային բանկի պատվիրակությունն այսօր հանդիպեց Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, Համաշխարհային բանկի արդարադատության բարեփոխումների բաժնի մասնագետ Եվա Միլիսը, արդարադատության բարեփոխումների փորձագետ Մարիա Մատիչը։

Պարոն Գևորգ Դանիելյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի հանդեպ դրսևորած գործնական փոխհարաբերության համար, ապա ընդգծեց, որ «Արդարադատության վերաբերյալ հարցման» ծրագրի շրջանակում իրականացվելիք հարցումներն արժեքավոր են այնքանով, որքանով այսօր երկրում քաղաքական իրողությունների համատեքստում կարևոր է պարզել, թե ինչպիսին է վստահությունը դատական իշխանության նկատմամբ, ինչ եղանակներով է հնարավոր շտկումներ իրականացնել։ Նրա խոսքով՝ դատական իշխանությունն ամենախոցելի ճյուղն է, թեև ներկայումս նկատելի են որոշակի դրական տեղաշարժեր։ Կարևոր գործոն էր հատկապես այն, որ երկրի վարչապետը պաշտոնապես ընդգծեց, որ դատական իշխանության անկախությունն իրենց համար խիստ կարևոր է, միանշանակ ձեռնպահ են մնալու որևէ միջամտությունից և քայլեր են ձեռնարկելու դատավորների անկախության, այդ թվում՝ սոցիալական և նյութական պայմանների երաշխավորման համար։

Համաշխարհային բանկի արդարադատության բարեփոխումների բաժնի մասնագետ Եվա Միլիսը ևս նկատեց, որ հարցումների նպատակն է պարզել դատաիրավական համակարգի արդյունավետությունը, արդարադատության մատչելիությունը և որակը, բարեվարքությունը և մի շարք այլ հարցադրումներ: Համաշխարհային բանկի և ԵՄ-ի կողմից մշակված հարցաշարն այժմ թարգմանության փուլում է, և հաջորդ շաբաթ կմեկնարկի պիլոտային ծրագիրը։ Հետադարձ կապի շնորհիվ էլ ակնկալում են հստակեցնել հարցաշարում առկա հասկացությունների թարգմանության և ճիշտ մեկնաբանման հետ կապված հարցերը, որոնք կքննարկեն մայիսին կայանալիք աշխատաժողովի ժամանակ։ Ներկայացվեց նաև գործառութային վերլուծության ժամանակ կիրառվելիք մեթոդաբանությունը։

Թիրախային խմբում դատավորներն են, դատախազները, դատարանի և դատախազության աշխատակիցները, փաստաբանները, քաղաքացիները և իրավաբանական անձինք (ինչպես նրանք, ովքեր երբևէ առնչություն են ունեցել դատաիրավական համակարգի հետ, այնպես էլ նրանք, որոնք այդպիսի որևէ առնչություն չեն ունեցել): Պարոն Գևորգ Դանիելյանն առաջարկեց ներառել կարգապահական պատասխանատվության ենթարկված և իրենց դիմումի համաձայն համակարգից դուրս եկած դատավորներին ևս ներառել հիշյալ խմբում։

Եվա Միլսի խոսքով՝ բուն հարցումը կանցկացվի սեպտեմբերին, իսկ նոյեմբերին կներկայացվեն առաջին արդյունքները՝ թվային ցուցանիշների և գրաֆիկաների տեսքով։

Միաժամանակ, պարոն Գևորգ Դանիելյանը, ներկայացնելով դատական համակարգում էլեկտրոնային արդարադատության և էլեկտրոնային շրջանառության նոր համակարգի անցման ծրագրային ուղենիշները, առաջարկեց քննարկման առարկա դարձնել նաև այդ հարցադրումներով համագործակցության վեկտորները: Կողմերը պայմանավորվեցին այդ առնչությամբ համապատասխան տեղեկատվություն տրամադրել Համաշխարհային բանկին, որտեղ այն սեղմ ժամկետում կդառնա համակողմանի քննարկման նյութ:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

  •  

    Վերադառնալ