27 սեպտեմբերի 2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ

Բարձրագույն դատական խորհուրդը երեկ՝ սեպտեմբերի 26-ին, արտագնա նիստ անցկացրեց Գյումրիում։ Խորհուրդը հանդիպեց Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի և դատավորների հետ։

Հանդիպում-խորհրդակցության ժամանակ քննարկվեցին արդյունավետ արդարադատություն ունենալու գործիքակազմերը, դատական համակարգում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները:

Անդրադարձ եղավ դատավորներին հետաքրքրող տարբեր հարցերի ևս: Հիմնականում ուշադրության առանցքում էին դատավորների ծանրաբեռնվածությունը բեռնաթափելու անհրաժեշտությունը, գործերի բաշխման կարգը:

Նշվեց, որ Խորհուրդը քաջատեղյակ է դատավորներին հուզող հարցերին, և գործուն քայլեր են ձեռնարկվում առաջնահերթ խնդիրներին հնարավորինս արագ լուծում տալու ուղղությամբ: Կարևորվեց նաև էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմամբ դատական իշխանության արդյունավետության և հանրային հաշվետվողականության բարձրացման ապահովումը:

Հանդիպման ժամանակ տեղի ունեցավ բաց քննարկում: Դատավորների կողմից ներկայացվեցին նաև ոլորտում նկատելի խնդիրների հաղթահարման առաջարկություններ:

Աշխատանքային հանդիպման ավարտին Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ու անդամները շրջայց կատարեցին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու և Մարալիկի, ինչպես նաև Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Թալինի նստավայրերում, տեղում ծանոթացան գրասենյակի, արխիվի և կարգադրիչների ծառայության աշխատանքների կազմակերպման գործընթացին:


Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

  •  

    Վերադառնալ