28 դեկտեմբերի 2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԻՐ ՆՈՐ ՀԱՐԿԻ ՏԱԿ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԿԱՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԷՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ

Ամանորին ընդառաջ Բարձրագույն դատական խորհուրդը Կորյունի 15 հասցեում հյուրընկալեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին, դատարանների նախագահներին, դատավորներին և ԲԴԽ աշխատակազմին:

Ողջույնի խոսքում ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, շնորհավորելով հյուրերին և ներկաներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ամփոփեց անցնող տարին: Նրա խոսքով՝ 2018 թվականը մեր երկրի և, ընդհանրապես, դատական իշխանության համար բավականին լուրջ քննություն բռնելու տարի էր. ստեղծված հեղափոխական իրադրության պարագայում դատական իշխանությունը պետք է կարողանար ապահովել այս համակարգի կայունությունը և շարունակել իր արդյունավետ աշխատանքը:

ԲԴԽ նախագահը նկատեց, որ դատարանները գրեթե հիմնականում կարողացան այս իրավիճակում իրենց առաքելությունն իրականացնել՝ ի պատիվ այն դատավորների, որոնց մոտ դատավորի կոչումը, պատասխանատվության զգացումն ամեն ինչից վեր են, ովքեր ապացուցեցին, որ կան և՛ անկախ դատավորներ, և որոշակի առումով անկախ դատարաններ: Շնորհակալություն հայտնելով նրանց Խորհրդի անունից՝ Գագիկ Հարությունյանը նշեց, որ շատերի համար հնարավոր չէ պատկերացնել, թե այդպիսի իրավիճակում ինչպես կարելի է զսպվածությունը, ներքին կայունությունը, արհեստավարժությունը բարձր պահելով՝ ճիշտ ակտ ընդունել Հայաստանի Հանրապետության անունից: Ապա հավելեց, որ Բարձրագույն դատական խորհրդին, անկախ այդ բարդ իրավիճակից, հաջողվել է կարճ ժամանակում կյանքի կոչել Սահմանադրության և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջները:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կարևորեց, որ առաջին անգամ ոտք դնելով նոր շենք, լիահույս է, որ գալիք տարում աշխատանքային որոշակի պայմաններում կկարողանան գործել լիարժեք: Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Գագիկ Հարությունյանը նկատեց, որ եկող տարում դատական իշխանությունից սպասելիքները շատ ավելի մեծ են: Դատական իշխանությունը պետք է իր խոսքը լիարժեքությամբ հնչեցնի և կարողանա աշխատել նոր ուժերի համախմբմամբ՝ փորձելով կոտրել արդարադատության նկատմամբ հանրային ցածր վստահության մտայնությունը:

Ամփոփելով խոսքը՝ ԲԴԽ նախագահը հույս հայտնեց, որ իշխանությունների նկատելի քաղաքական կամքի պայմաններում Հայաստանում կհաջողվի միասին արմատավորել արդյունավետ արդարադատություն, որը պահանջում է լուրջ ջանքեր և ամենօրյա աշխատանք: Շատ կարևոր խնդիր է, որ դատական իշխանությունը հանդես գա որպես միասնական, կուռ իշխանություն և կարողանա իր հակակշռող դերակատարությունն ունենալ իշխանությունների թևերի բաժանման համակարգում:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն իր հերթին ևս շնորհավորեց Բարձրագույն դատական խորհրդին և աշխատակազմին նորամուտի, իսկ ներկաներին նաև տարեմուտի առթիվ՝ մաղթելով հաջող, բեղմնավոր և գործառույթների լիարժեք իրականացման տարի:

 

ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
  •  

    Վերադառնալ