29 ապրիլի 2019

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Այսօր՝ ապրիլի 29-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ արդյունավետ արդարադատության երաշխավորման գերակա ուղղությունների շուրջ թեմատիկ առաջին քննարկումը։ Մասնակցում էին Խորհրդի անդամներ, դատավորներ, փաստաբանական և քաղաքացիակայան հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ:

Խորհրդի նախագահն ընդհանրական ներկայացրեց քննարկման թեմաները, որոնք վերաբերում էին իշխանությունների բաժանման համակարգում դատական իշխանության գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախությունը երաշխավորելու հիմնախնդրին, դատավորների օպտիմալ ծանրաբեռնվածության երաշխավորման ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերին, արդարադատության ծախսատարության կրճատման ծրագրային մոտեցումներին:

Առանձնակի կարևորվեց իրավունքի գերակայության երաշխավորման հարցում օրենսդրական բարեփոխումների հիմնախնդիրը:

Անդրադարձ եղավ նաև դատավորների աշխատանքի որակի և արդյունավետության բարձրացմանը, բարեվարքության կանոնների պահպանմանը, մասնագիտական պատրաստվածության և հմտությունների շարունակական կատարելագործմանն ուղղված կառուցակարգերին:

Քննարկումն անցավ ակտիվ և կառուցողական մթնոլորտում։ Բարձրացրած հարցերին սպառիչ պատասխաններ տրվեցին նաև Խորհրդի անդամների, դատավորների կողմից։ Ներկա փաստաբաներից էլ կարծիք հնչեց, որ շատ ողջունելի է Խորհրդի մշակած «Տարեկան հաղորդումը», քանզի առաջարկների մեծ մասը համընկնում է խնդրի լուծման իրենց մոտեցումներին։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն էլ իր հերթին նկատեց, որ Խորհուրդը ցանկանում է, որ փաստաբանների հետ ևս ակտիվ համագործակցություն լինի, քանզի արդյունավետ արդարադատության ապահովման խնդիրն իրենք տեսնում են ոչ թե լոկալ, այլ համակարգային լուծման ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությամբ:

Քննարկման ավարտին Խորհրդի նախագահը և անդամները կրկին փաստեցին, որ շահագրգիռ մարմիններից՝ դատավորներից, քաղհասարակության և մեդիա ոլորտի ներկայացուցիչներից ակնկալում են ակտիվ գործակցություն բոլոր նախաձեռնությունների վերաբերյալ։


Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

  •  

    Վերադառնալ