31 մայիսի 2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Լ.Թադևոսյանը, նույն պալատի դատավորներ Հ.Ասատրյանը, Ե.Դանիելյանը, Ա.Պողոսյանը և Ա.Օհանյանը՝ Բարձրագույն դատական խորհրդին 2019 թ. մայիսի 16-ին ուղղված թիվ Ե-3867 գրությամբ իրենց մտահոգությունն են հայտնել Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում արտացոլված խնդրահարույց որակումների առնչությամբ, որոնք խոցելի են դատական իշխանության երկու մարմինների միջև Սահմանադրության և օրենքների մեկնաբանության ոլորտային սահմաններն անխաթար պահելու օրինաչափ անհրաժեշտության տեսանկյունից:

Ըստ այդմ էլ՝ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի դատավորներն ընդգծել են, որ այդպիսիք են համարվում Վաչագան Ղազարյանի դիմումի հիման վրա 2019 թ. ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1453 և Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա 2019 թ. մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշումներում արտացոլված գնահատականները. «… Վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորության իրացումը որակվել է որպես կամայականություն, իսկ մեկ այլ դեպքում, բարձրագույն դատական ատյանի (բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի) գործունեության հիմնական ուղղոության՝ օրենքի միատեսակ կիրառության և իրավունքի զարգացման ապահովման գործառույթի իրագործումը՝ լիազորությունների ըստ էության վերազանցում»:

Բարձրագույն դատական խորհուրդը, ուսումնասիրելով նշված փաստարկները, արձանագրել է, որ լիազորությունների վերազանցման առնչությամբ գնահատականը պատկանում է դիմումի հեղինակին, ըստ այդմ էլ՝ այն տեղ է գտել Սահմանադրական դատարանի 2019 թ. մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշման սոսկ նկարագրական մասում:

Ինչ վերաբերում է լիազորությունների իրացումը կամայականություն որակելուն, ապա այն, իրոք, արտացոլված է 2019 թ. ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1453 որոշման մեջ, որպիսի փաստը Բարձրագույն դատական խորհուրդը դիտարկում է, որպես հիրավի դատական իշխանության հեղինակության խաթարման հետ աղերսներ ունեցող երևույթ:

Վճռաբեկ դատարանի հիշյալ դատավորները վերը նշված գրությամբ բնավ չեն վիճարկել Սահմանադրական դատարանի դատազորության շրջանակները, նրանց միանգամայն իրավաչափորեն բացառապես մտահոգել է տվյալ որոշման մեջ՝ դատական իշխանության բարձրագույն ատյանի լիազորությունների իրականացման որակումների առնչությամբ դատավարության կանոնների հետ աղերսներ չունեցող եզրութաբանությունը:

Նշվածի համատեքստում առնվազն տեղին չէ Բարձրագույն դատական խորհրդին հասցեագրված դիմումի կապակցությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմի հաղորդագրությունը, որում պարզապես յուրովի մեկնաբանությամբ շարադրված են Սահմանադրական դատարանի իրավասության սահմանադրական և օրենսդրական հանրահայտ հիմքերը:

Բնորոշ է այն, որ միջազգային դատական ատյանների վճիռներում ևս ազգային դատարանների լիազորությունների առնչությամբ բացառապես արտացոլված է զուտ իրավական արժեք ունեցող և միայն դիրքորոշումների օրինականության ու հիմնավորվածության վերաբերյալ այնպիսի եզրութաբանություն, որը որևէ աղերս չունի դատական իշխանության մարմինների հեղինակության խաթարման հետ:

Բարձրագույն դատական խորհուրդը, համամիտ լինելով, որ դատարանի հայեցողական լիազորությունների իրականացումը չի կարող որևէ դատական ակտով որակվել իբրև կամայականություն, կամ որակվել նմանաբնույթ այլ գնահատականներով, քանզի այն խաթարում է դատարանների և դատավորների անկախության կարևոր նախապայման հանդիսացող դատական իշխանության մարմինների հեղինակությունը, ելնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 173-րդ հոդվածով ամրագրված կարգավիճակից, ակնկալում է, որ արդարադատություն իրականացնելիս կպահպանվի փոխադարձ հարգանքի սկզբունքը:

 

Վերադառնալ