Կայքը գտնվում է մշակման փուլում

04 մայիսի 2018

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

Մայիսի 3-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների հետ: Քննարկվել են դատարանի նկատմամբ հանրային վստահության բարձրացման, դատարանի անկախության ամրապնդման, ողջամիտ ժամկետներում գործերի քննության ապահովման հետ կապված համալիր հարցեր:

Դատավորներին պարզաբանվել են նաև դատական իշխանության բոլոր մակարդակներում մշտադիտարկման համակարգի ներդրման, դատավորի անկախության տարբեր սպառնալիքների հաղթահարման, նրանց գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության երաշխավորման հարցերի առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդի մոտեցումները, ինչպես նաև արդեն իսկ նախաձեռնված ու ծրագրված քայլերը:

Հանդիպումից հետո Բարձրագույն դատական խորհրդի նիստում գաղտնի քվեարկության արդյունքներով որոշվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94 և 130-րդ հոդվածների, 166-րդ հոդվածի 29, 31 և 32-րդ մասերի հիմքով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի թափուր պաշտոնում նշանակելու համար Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնել նույն դատարանի դատավոր Արսեն Սամվելի Մկրտչյանի թեկնածությունը:

Միաժամանակ, Բարձրագույն դատական խորհուրդը գաղտնի քվեարկության արդյունքներով որոշել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94, 127, 128, 129-րդ հոդվածների և 166-րդ հոդվածի 14-րդ մասի հիմքերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի թափուր տեղում նշանակելու համար Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մարգարյանի թեկնածությունը, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թափուր տեղերում նշանակելու համար՝ Տիգրան Սիմոնյանի և Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները:

Բարձրագուն դատական խորհրդի նիստում գաղտնի քվեարկության արդյունքներով ՀՀ վարչական դատարանի դատավորների թափուր տեղերը զբաղեցնելու համար օրենքով սահմանված կարգով առաջադրված երկու թեկնածուները նշանակման ներկայացնելու համար չեն ստացել Խորհրդի անդամների ձայների կեսից ավելին:

  •  

  •  

  •  

  •  
  •  

    Վերադառնալ