Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն
Կայքը գտնվում է մշակման փուլում

08 հունիսի 2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ԱԼՈԻՍ ԿՐԱՈՒՏԻ ՀԵՏ

Հունիսի 7-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին:

Ողջունելով դեսպանին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի կողմից արված գործնական քայլերն անկախ դատական իշխանության կայացման ճանապարհին՝ նշելով, որ Խորհուրդը դեռևս առաջին քայլերն է անում, թեև կան շատ խնդիրներ, որոնց լուծման համար ուղիներ են փնտրվում:

Դեսպան Ալիոս Կրաուտն իր գոհունակությունը հայտնեց Գ. Հարությունյանին՝ ջերմ ընդունելության համար: Դեսպանը միաժամանակ նկատեց, որ Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն այնքան մեծ է, որ աշնանը նախատեսվում է Ավստրիայի իրավաբաններից և դատավորներից կազմված հիսուն հոգանոց պատվիրակության ճանաչողական այցը Հայաստան, որի շրջանակում ցանկանում են հանդիպել նաև դատական իշխանության ներկայացուցիչների հետ:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ողջունեց դեսպանի առաջարկը և պատրաստակամություն հայտնեց հանդիպել խմբի անդամներին՝ միաժամանակ նկատելով, որ այդպիսով հիմք կդրվի մասնագիտական և բարեկամական երկկողմ կապերին:

Գ. Հարությունյանը դեսպան Կրաուտին ներկայացրեց Խորհրդի կողմից ձեռնարկված քայլերը նաև միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտին նվիրեց իր նախաձեռնությամբ, ավստրիացի պրոֆեսոր Գերհարդ Հոլցինգերի և 19 երկրների 23 այլ սահմանադրագետների համահեղինակությամբ անգլերենով Հայաստանում հրատարակված «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. իրականության պարադիգմերը և մարտահրավերները» ժողովածուն:

  •  

  •  

    Վերադառնալ