ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ

image

Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2022 թվականի ընթացքում սկսել և իրականացրել է 80 դատավորի գործունեության գնահատում, որից 9 դատավորի գործունեության գնահատման գործընթացը դեռևս չի ավարտվել:

Նշված ժամանակահատվածում Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 20-ի թիվ ԲԴԽ-55-Ո-123 որոշմամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան իրականացվել է 36 դատավորի գնահատում, իսկ 44 դատավորի գործունեության արտահերթ գնահատման համար հիմք է հանդիսացել դատավորների նախաձեռնությունը:

  2022 թվականի ընթացքում դատավորների գործունեության գնահատման գործընթացի իրականացման նպատակով Հանձնաժողովը սահմանված կարգով պահանջել, ստացել և իրականացրել է շուրջ 800 դատական գործի ուսումնասիրություն, ամփոփվել են 80 դատավորի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտից, դատարաններից ու դատավորներից ստացված՝ գնահատվող դատավորի կայացրած դատական ակտերի, բողոքարկված և բեկանված դատական ակտերի, գնահատվող դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշման առկայության, այլ դատավորների և դատարանի աշխատակազմի նկատմամբ գնահատվող դատավորի դրսևորած վերաբերմունքի, դատավորի կողմից իրականացվող գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի վերաբերյալ տեղեկությունները:

Նույն ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից կայացվել է դատավորի գործունեության գնահատում իրականացնելու մասին 80 որոշում, գնահատման արդյունքներով հաստատվել է դատավորի գործունեության գնահատման արդյունքների մասին 71 որոշման նախագիծ, ապա կայացվել 71 վերջնական որոշում, որոնք սահմանված կարգով տրամադրվել են Դատական դեպարտամենտի ղեկավարին՝ դատավորի անձնական գործին կցելու, իսկ ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դատարանի նախագահին՝ դատարանի գործունեության արդյունավետությունը բարելավելու և Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովին՝ դատավորների վերապատրաստման ուղղություններն ընտրելու նպատակով:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 136-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ դատավորի գործունեության գնահատման արդյունքների գաղտնիության պահանջից ելնելով՝ Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հրապարակվում են միայն քանակական տվյալներ: