ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ

2024 թվականի ընթացքում Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով և Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 04Լ որոշմամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփումը ներկայացվում է ստորև.
2024 թվականի ընթացքում Հանձնաժողովը.
1) Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 04Լ որոշման՝ ապահովել է.
► ԱՄՆ Օկլահոմա նահանգի Տուլսա, Վաշինգտոն և Սիեթլ քաղաքներում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից (ԹՊԻՀ) անցկացված «Բաց աշխարհ» փոխանակման ծրագրին 8 դատավորի մասնակցություն,
► ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) կողմից անցկացված Կին դատավորների ազգային ասոցիացիայի ամենամյա կոնֆերանսին 2 դատավորի մասնակցություն,
► Հունգարիայի Հանրապետության Բուդապեշտ քաղաքում անցկացված «Հակակոռուպցիոն պայքար դատավորների և դատախազների համար» աշխատաժողովին 1 դատավորի մասնակցություն,
► Ալբանիայի Հանրապետության Տիրանա քաղաքում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ անցկացված «Women’s Access to Justice – Implementing Council of Europe’s gender equality and violence against women standards.» ուսումնական ծրագրին 1 դատավորի մասնակցություն,
► Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորված և Նիդերլանդների Թագավորության Հելսինկյան կոմիտեի (NHC), Հաագայի Տեղական կառավարման ակադեմիայի և Լեյդենի Իրավաբանական դպրոցի կողմից անցկացված «Matra Rule of Law» ծրագրին 2 դատավորի մասնակցություն,
► Լատվիայի Հանրապետության Ռիգա քաղաքում «Աջակցություն արդարադատության բարեփոխումներին Հայաստանում» ծրագրի շրջանակներում անցկացված ուսումնական այցին 1 դատավորի մասնակցություն,
► Հնդկաստանի Հանրապետության Լաքնաու քաղաքում անցկացված «Կառավարում ապագայի համար» խորագրով Աշխարհի գլխավոր արդարադատների 25-րդ միջազգային համաժողովին 1 դատավորի մասնակցություն,
►Շվեդիայի Թագավորության Ստոկհոլմ քաղաքում Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորված և Շվեդիայի ազգային դատարանների ադմինիստրացիայի կողմից անցկացված «Հայաստանի Հանրապետության դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներն արդարացնելու և հանրային վստահությունն ամրապնդելու» ծրագրին 1 դատավորի մասնակցություն:
2) Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի և Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 04Լ որոշման 2.2-րդ կետի՝ Հանձնաժողովը
►Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացրել դատավորների թեկնածուների վարչական և հակակոռուպցիոն բաժինները համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով գնահատման 3 հանձնաժողովի կազմ 30 դատավորի թեկնածություն և դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը համալրելու համար անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքների դեմ ստացված բողոքները քննելու նպատակով բողոքարկման 1 հանձնաժողովի կազմ 5 դատավորի թեկնածություն:
3) Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի՝ Հանձնաժողովը
►Արդարադատության ակադեմիա է ներկայացրել քրեական և քաղաքացիական, հակակոռուպցիոն կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության մասնագիտացմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների 2024 թվականի ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները գնահատելու և քննությունների արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար, ինչպես նաև՝ լրացուցիչ քննության և քննության վերահանձնման համար ձևավորված գնահատման և բողոքարկման հանձնաժողովների 10-ական կազմ 70 դատավորի մասնակցություն:
4) Ի կատարումն Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի և «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հանձնաժողովը
►Արդարադատության ակադեմիա է ներկայացրել Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց պարտադիր փորձաշրջանի կազմակերպման համար 54 փորձաշրջանի հիմնական ղեկավար:
5) Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների՝ Հանձնաժողովը
►Արդարադատության ակադեմիա է ներկայացրել դատավորների, դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների վերապատրաստման առարկայական կուրսերի և թեմաների վերաբերյալ առաջարկություններ: 2025 թվականի ուսուցման ծրագրերում ներառելու նպատակով բոլոր մասնագիտացումներով ներկայացվել է 247 առաջարկություն:
6) Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի և «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների՝ Հանձնաժողովը
Արդարադատության ակադեմիա է ներկայացրել 2025 թվականի ընթացքում վերապատրաստման ենթակա 321 պաշտոնավարող դատավորի և 40 դատավորի թեկնածուների, ինչպես նաև՝ «Հրազենի գործադրման հմտություններ» հատուկ ուսուցման ծրագրին 83 դատավորի մասնակցության վերաբերյալ տվյալները:
7) 2024 թվականի ընթացքում, համագործակցելով Արդարադատության ակադեմիայի և միջազգային կառույցների հետ, Հանձնաժողովն ապահովել է.
► Արդարադատության ակադեմիայի և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը» ծրագրի շրջանակներում «Աշխատանքային իրավունքները որպես մարդու իրավունքներ» թեմայով կազմակերպված HELP առցանց դասընթացին՝ 5 դատավորի մասնակցություն,
► Արդարադատության ակադեմիայի և Շվեդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիայի հետ համատեղ «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» շվեդական ծրագրի շրջանակում «Դատավորների գրավոր հաղորդակցության կատարելագործման» վերաբերյալ Դիլիջանում կազմակերպված երկօրյա աշխատաժողովին՝ 16 դատավորի մասնակցություն,
► Հանձնաժողովի առաջարկությամբ Արդարադատության ակադեմիայի կողմից «Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը» և «Գրավոր ընթացակարգերով իրականացվող դատական վարույթի դատավարական կառուցակարգերը կիրարկելու» թեմաներով կազմակերպված աշխատաժողովին՝ 16 դատավորի մասնակցություն,
► Արդարադատության ակադեմիայի և Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության հետ համատեղ «Հավասարության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակներում Ծաղկաձոր քաղաքում կազմակերպված մեկօրյա վերապատրաստման դասընթացին՝ 6 դատավորի մասնակցություն,
► Արդարադատության ակադեմիայի և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակում Ծաղկաձորում կազմակերպված երկօրյա աշխատաժողովին՝ 11 դատավորի մասնակցություն,
► Արդարադատության ակադեմիայի և Նյուրենբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի հետ համատեղ «Հայաստանում միջազգային քրեական իրավունքի բնագավառում կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում «Միջազգային քրեական իրավունքի առաջխաղացում Հայաստանում» թեմայով կազմակերպված դասընթացին՝ 16 դատավորի մասնակցություն.
► Շվեդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիայի և Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում` դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» շվեդական ծրագրի շրջանակում «Դատական արհեստի և դատավորի դերի» վերաբերյալ երկօրյա աշխատաժողովին՝ 9 դատավորի մասնակցություն,
► Արդարադատության ակադեմիայի և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ իրականացված «Պայքար ատելության խոսքի դեմ» վերտառությամբ առցանց դասընթացին՝ 6 դատավորի մասնակցություն:
8) Ներպետական և միջազգային կառույցների կողմից կազմակերպված օտար լեզվի իմացություն պահանջող ուսումնական այցերին, կրթական այլ ծրագրերին դատավորների պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով Հանձնաժողովի կողմից նախաձեռնվել և իրականացվել է ՀՀ բոլոր դատավորների՝ օտար լեզուների իմացության վերաբերյալ հարցում և տեղեկատվության ամփոփում:
9) 2024 թվականին Հանձնաժողովի կողմից կրկին նախաձեռնվել է դատավորների կարիքների գնահատման գործընթացը՝ ՀՀ բոլոր դատավորներին շրջանառելով դատավորների կարիքների գնահատման անանուն հարցաթերթիկներ՝ պարզելու համար, թե ինչքանով են վերապատրաստումները վերաբերում դատավորների ամենօրյա մասնագիտական պարտականությունների իրականացմանը, արդյո՞ք դրանք ներառում են օրենսդրական փոփոխություններն ու իրավական զարգացումները, արդյո՞ք դասավանդման մեթոդներն ու դասավանդողների պրոֆեսիոնալիզմը բավարարում են դատավորների պահանջներին և կարիքներին։ Առանձին հարցերով փորձ է արվել պարզել, թե ինչ կարգով և ձևաչափով են դասընթացները նախընտրելի։ Արդյունքում, Հանձնաժողովը դատավորների կարիքների գնահատման արդյունքում ստացված տվյալները և ներկայացված առաջարկությունները տրամադրել է ինչպես Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդին, այնպես էլ՝ Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ծրագրերի ղեկավարներին, Շվեդիայի ազգային դատարանների վարչության ներկայացուցիչներին՝ դատավորների վերապատրաստման դասընթացները և ուսուցման ծրագրերը դատավորների կարիքներին համապատասխանեցնելու նպատակով:
10) Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների Գերագույն (Բարձրագույն) դատարանների, նրանց գործունեությունն ապահովող մարմինների, կրթական և գիտական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2024 թվականի աշնանը կայացած առցանց հանդիպմանը մասնակցելու նպատակով Հանձնաժողովի կողմից ներկայացվել և ապահովվել է Հանձնաժողովի դատավոր անդամի մասնակցությունը:
ԱՊՀ համագործակցության շրջանակներում Հանձնաժողովը քննարկել և Վճռաբեկ դատարանի նախագահին է ներկայացրել ԱՊՀ մասնակից պետությունների դատական մարմինների հովանու ներքո և մասնակցությամբ 2025-2026թթ. նախատեսվող իրավունքի և դատավարության ոլորտի արդիական հարցերի վերաբերյալ միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև մասնակցություն ունեցել 2024 թվականի դեկտեմբերին Երևանում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների Գերագույն (Բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի առաջին պաշտոնական նիստին:
11) 2024 թվականի ընթացքում Հանձնաժողովը հանդիպումներ է նախաձեռնել և անցկացրել հետևյալ կառույցների ներկայացուցիչների հետ.
► Եվրոպայի խորհրդի «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ազգային ղեկավար Արման Զրվանդյանի հետ: Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել Վճռաբեկ դատարանի դատավորների մասնակցությամբ կազմակերպել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի առանձին հոդվածների կիրառման վերաբերյալ կլոր-սեղան քննարկում՝ միջազգային փորձագետի ներգրավմամբ:
► Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչների հետ,
► Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող՝ «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահության ամրապնդման նպատակով» երկարամյա ծրագրի ազգային փորձագետ Արփինե Հովհաննիսյանի հետ,
►«The CEELI Institute» (Պրահա) ծրագրի ղեկավար Մարեկ Սվոբոդայի հետ:
Հանդիպումների ընթացքում Հանձնաժողովն ընդգծել և կարևորել է դատավորների համար իրենց կարիքներից բխող վերապատրաստումների կազմակերպումը, կարողությունների ու հմտությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը, միջազգային փորձի փոխանակման կարևորությունը և այդ ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու ակնկալիքներն ու հետագա աշխատանքների իրականացման գործընթացում Հանձնաժողովի կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։