ԴԸԺ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ

Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2024 թվականի ընթացքում ստացել է շուրջ 583 դիմում-բողոք, գրություն, որոնցից շուրջ 183-ը՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին հաղորդում[1]:
Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելու նպատակով հրավիրված և անցկացված նիստերի ընթացքում անցկացրել է ստացված դիմում-բողոքների, հաղորդումների ուսումնասիրությունների, հարուցված կարգապահական վարույթների և Հանձնաժողովի գործունեությանն առնչվող այլ հարցերի քննարկումներ: Կատարված ուսումնասիրությունների արդյունքներով շուրջ 163 հաղորդման հիման վրա կարգապահական վարույթ չհարուցելու վերաբերյալ սահմանված կարգով տեղեկացվել է հաղորդում ներկայացրած անձանց՝ պատասխանում նշելով կարգապահական վարույթ չհարուցելու հիմքերը:
2024 թվականի ընթացքում Հանձնաժողովի կողմից հարուցվել է 9 կարգապահական վարույթ, որից 6-ով հարուցման առիթ են հանդիսացել անձի, (իրավաբանական անձի), 2-ով՝ պաշտոնատար անձանց հաղորդումները, 1-ով՝ վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը: Հարուցված կարգապահական վարույթներից 6-ը կարճվել է, 2-ը դեռևս չի ավարտվել, իսկ 1-ով որոշում է կայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին: Նշված միջնորդությունը մերժվել է՝ թույլ տրված արարքի նվազ կարևորության հիմքով (տե՛ս Բարձրագույն դատական խորհրդի 09.07.2024թ. թիվ ԲԴԽ-61-Ո-Կ-7 որոշումը):
Հանձնաժողովը 2024 թվականի ընթացքում կարճել է դեռևս 2023 թվականի ընթացքում հարուցված և չավարտված 3 կարգապահական վարույթ, նույն ժամանակահատվածում չավարտված 1 կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ, որը բավարարվել է, և դատավորին հայտարարվել է խիստ նկատողություն (տե՛ս Բարձրագույն դատական խորհրդի 04.04.2024թ. թիվ ԲԴԽ-23-Ո-Կ-3 որոշումը):
2024թվականի ընթացքում հարուցված և կարճված կարգապահական վարույթներից[2]՝
- Թիվ N-Կ-2/2024 կարգապահական վարույթը հարուցվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով՝ այն փաստերի կապակցությամբ, որ քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորը կրկին ներկայացված հայցադիմումում նախորդիվ արձանագրված թերությունը վերացվելու և այլ նոր թերություններ թույլ չտալու պայմաններում, պարտականություն ունենալով վարույթ ընդունել հայցադիմումը, կրկին վերադարձրել է այն՝ այլ՝ նախկինում չարձանագրված թերության մատնանշմամբ՝ դա պայմանավորելով այդ վեճի նյութաիրավական հիմքի հետ կապ չունեցող հիմնավորումներով և հաշվի չառնելով աշխատանքային վեճերի բովանդակային առանձնահատկություններն ու այդ վեճերով պետական տուրքի վճարման մասով սահմանված արտոնությունը: Նշված կարգապահական վարույթը կարճվել է արարքի նվազ կարևորություն ունենալու հիմքով, քանի որ բողոքարկման արդյունքում դատական սխալը կարճ ժամանակահատվածում վերադաս դատական ատյանի կողմից ուղղվել է, որից հետո հայցադիմումն ընդունվել է վարույթ և շարունակվում է քննվել:
- Թիվ N-Կ-3/2024 կարգապահական վարույթը հարուցվել է դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտման հիմքով՝ վարչական մասնագիտացմամբ դատավորի կողմից հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդությունը սահմանված ժամկետում դատական նիստում չքննելու, այն առանց քննության թողնելու, կողմին միջնորդության քննության կապակցությամբ կայացված որոշումը վերադաս դատական ատյանում բողոքարկելու իրավունքից զրկելու և տևական ժամանակ կիրառված արգելանքի վերացման հարցը լուծված չլինելու փաստերի կապակցությամբ: Նշված կարգապահական վարույթը կարճվել է արարքի նվազ կարևորություն ունենալու հիմքով: Կարգապահական վարույթը կարճելու մասին որոշման վերաբերյալ Հանձնաժողովի մեկ դատավոր և մեկ ոչ դատավոր անդամի կողմից հայտնվել է հատուկ կարծիք՝ համարելով, որ թույլ տրված արարքը նվազ կարևոր չէր, քանի որ տևական ժամանակ պետական մասնաբաժնով ընկերության գույքի վրա դրված արգելանքի պահպանումն ու այն հանելու հնարավորության բացակայությունը հանգեցրել է ծանր հետևանքների՝ վնասների և էական խախտման հիմքով կնքված պայմանագրի լուծման, ինչն էլ հեղինակազրկել է դատական իշխանությունը և դատավորի բարձր կոչումը:
- Թիվ N-Կ-4/2024 կարգապահական վարույթը հարուցվել է դատավորի վարքագծի կանոնների խախտման հիմքով այն փաստի կապակցությամբ, որ քրեական մասնագիտացում ունեցող դատավորը դատական նիստը վարել է դատավորի պաշտոնին ոչ հարիր հագուստով, ապա կարճվել է՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի բացակայության պատճառաբանությամբ, քանի որ վարույթի ընթացքում ձեռք չեն բերվել, ինչպես նաև հաղորդում ներկայացրած անձն իր հերթին չի ներկայացրել հարուցման հիմք հանդիսացող արարքը Դատավորի կողմից կատարվելու փաստը հաստատող տեղեկություններ:
- Թիվ N-Կ-5/2024 կարգապահական վարույթը հարուցվել է դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտման հիմքով՝ այն փաստերի առթիվ, որ քրեական մասնագիտացմամբ դատավորը փորձաքննություն նշանակելու մասին որոշումը սահմանված ժամկետում կատարման չի հանձնել՝ դրանով իսկ խախտելով օրենքով սահմանված ժամկետում դատական ակտն ուղարկելու պահանջը: Նշված կարգապահական վարույթը կարճվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի բացակայությամբ պայմանավորված և հաշվի առնելով դատավորի անկախությանն ու այդ երաշխիքներին վնաս չհասցնելու վարույթի արդարացի սկզբունքները:
- Թիվ N-Կ-6/2024 կարգապահական վարույթը հարուցվել է նյութական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտման հիմքով, որը դրսևորվել է աշխատանքային օրենսդրության, ներքին աշխատանքային կարգապահության կանոնները, այն է՝ աշխատաժամանակին, աշխատանքից միայն ծառայողական նպատակներով բացակայելու, ինչպես նաև՝ աշխատավայրից բացակայության հարգելի դեպքերի մասին սահմանված կարգով դատարանի նախագահին տեղեկացնելու և համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու կանոնները խախտելու մեջ: Սույն կարգապահական վարույթը կարճվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի բացակայության պատճառաբանությամբ, քանի որ իրականացված վարույթի ընթացքում ձեռք բերված տեղեկություններով և դատավորի բացատրություններով հիմնավորվել է դատավորի կողմից այդպիսի խախտումներ թույլ չտրվելու և հարգելի պատճառներով ու օրինական հիմքով աշխատանքից բացակայելու փաստերը:
- Թիվ N-Կ-7/2024 կարգապահական վարույթը հարուցվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի, դատավորի վարքագծի կանոնների խախտման հիմքով՝ այն փաստերի կապակցությամբ, որ քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորը կրկին ներկայացված հայցադիմումում նախորդ որոշմամբ արձանագրված թերությունը վերացվելու և այլ նոր թերություններ թույլ չտալու պայմաններում, պարտականություն ունենալով վարույթ ընդունել հայցադիմումը, կրկին վերադարձրել է այն՝ այլ՝ նախկինում չարձանագրված թերությունների մատնանշմամբ և այնպիսի հիմքով, որը տվյալ հայցադիմումի նկատմամբ կիրառելի չէր: Այս կարգապահական վարույթը կարճվել է արարքի նվազ կարևորություն ունենալու հիմքով, քանի որ բողոքարկման արդյունքում դատական սխալը կարճ ժամանակահատվածում վերադաս դատական ատյանի կողմից ուղղվել է, որից հետո հայցադիմումն ընդունվել է վարույթ և շարունակվում է քննվել:
Դիմում-գրությունների ընդհանուր քանակը |
Հաղորդումների ընդհանուր քանակը |
Կարգապահական վարույթ չհարուցելու պատասխանների քանակը |
Կարգապահական վարույթ հարուցելու որոշումների ընդհանուր քանակը |
Կարգապահական վարույթները կարճելու որոշումների ընդհանուր քանակը |
ԲԴԽ միջնորդությունների ընդհանուր քանակը |
Ընթացքի մեջ գտնվող վարույթների քանակը |
583 |
183 |
163 |
9 |
9 |
2 |
2 |
[1] «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված՝ կարգապահական վարույթի գաղտնիությունն ապահովելու վարույթ հարուցող մարմնի պարտականությունից, ինչպես նաև կարգապահական վարույթի իրականացման՝ դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու սկզբունքից ելնելով՝ Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հրապարակվում են միայն քանակական տվյալներ:
[2] Հանձնաժողովի կողմից 2024 թվականի ընթացքում հարուցված և դեռևս չավարտված երկու կարգապահական վարույթի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվում դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու՝ կարգապահական վարույթների իրականացման սկզբունքը չխաթարելու հրամայականով պայմանավորված: