Վերաքննիչ քաղաքացիական դատարան
Անհրաժեշտ տեղեկատվություն
Գտնել քարտեզի վրա
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ վերաքննիչ դատարան) վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով քննում է ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների (այսուհետ՝ առաջին ատյանի դատարան) դատական ակտերի դեմ բերված բողոքները՝ բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են ՀՀ սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:
Առաջին ատյանի դատարանի վճիռների և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`
1) գործին մասնակցող անձինք,
2) դատախազը` օրենքով նախատեսված դեպքերում,
3) գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ,
4) այն անձինք, որոնց նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կիրառվել է դատական տուգանք՝ դատական տուգանք կիրառելու մասին որոշման մասով:
Վճարման կարգադրության դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունի պարտապանը:
Անձը կարող է վերաքննիչ բողոք ներկայացնել դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։
Պարզեցված վարույթի կարգով կայացված գործի վարույթը կարճելու մասին որոշման կամ վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում։
Վճարման կարգադրության դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մեկ ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ արձակված վճարման կարգադրության մասին:
Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշման և 302-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պարզեցված վարույթի կարգով կայացված հայցն առանց քննության թողնելու մասին որոշման դեմ՝ հրապարակման օրվանից յոթնօրյա ժամկետում:
Գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ գործին մասնակից չդարձած անձը դատարանի կողմից ծանուցվել է քննվող գործի վերաբերյալ, սակայն չի դիմել գործի քննությանը ներգրավվելու համար:
Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:
Վերաքննիչ բողոք չի կարող բերվել, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է 20 տարի: Նշված ժամկետը ենթակա չէ վերականգնման։
Վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:
Վերաքննիչ բողոքում նշվում են`
1) վերաքննիչ դատարանի անվանումը,
2) բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները) և հասցեները,
3) այն դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է վերաքննիչ բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը,
4) վերաքննիչ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա,
5) վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները,
6) բողոք բերող անձի պահանջը,
7) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
Եթե բողոք բերած անձը դատարանում զրկված է եղել բողոքի հիմնավորումների մեջ նշված որևէ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում հայտնելու հնարավորությունից, ապա վերաքննիչ բողոքում պետք է նշի նաև իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։
Վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։
Բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները: Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:
Վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում: Վերաքննիչ բողոք ներկայացվելուց հետո դրա հիմքերը և հիմնավորումները չեն կարող լրացվել կամ փոփոխվել, բացառությամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո կրկին ներկայացնելու դեպքերի:
Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո մինչև բողոքի քննության ավարտի մասին հայտարարելը վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի դիմում ներկայացնելու վերաքննիչ բողոքից հրաժարվելու մասին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։
Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: