Նորություններ

RSS
image

14.06.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ

Հունիսի 13-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը և Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղան Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում՝ տեղում հանդիպելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ, ինչպես նաև ներկայացնելու նորանշանակ դատավորներ Մեխակ Գևորգյանին և Սերգեյ Չիչոյանին:

Շնորհավորելով նորանշանակ դատավորներին՝ Խորհրդի նախագահը նշեց, որ նշանակալի է դատավորների դերն արդարադատության կայացման և դատական իշխանության հեղինակության բարձրացման գործում և հույս հայտնեց, որ նրանք իրենց գիտելիքն ու փորձն ամբողջությամբ կուղղեն այդ նպատակին:

Կոտայքի մարզի նորանշանակ դատավոր Մեխակ Գևորգյանը շնորհակալություն հայտնեց՝ խոստանալով արդարացնել իրենից սպասվելիք հույսերը:

Սերգեյ Չիչոյանն էլ իր հերթին նկատեց, թե երբ Գյումրիում Շիրակի դատարանին առաջարկվեց դառնալ օրինակելի դատարան, իր մեջ խոսեց գավառցու պատիվը, և անելու են ամեն ինչ, որպեսզի Գեղարքունիքի մարզի դատարանն էլ դասվի օրինակելի դատարանների շարքին:

Գագիկ Հարությունյանն առանձնահատուկ շեշտադրեց դատավորի ներքին անկախության գործոնը, դատավորի կամ դատարանի նախագահի գործունեությանը ցանկացած միջամտության բացառումը, ինչն ուղիղ համեմատական է արդար դատաքննություն իրականացնելու հիմնական գործառույթին: «Մինչև հիմա մեր գործունեության ընթացքում բացառիկ ուշադրություն ենք դարձրել, որպեսզի դատավորներն անկախանան բոլոր մակարդակներում, կարողանան իրենց լիարժեք անկախ զգալ արդարադատական ֆունկցիան կատարելիս և լիարժեք հաշվետու՝ օրենքի առաջ: Մեզ համար առանցքային է նաև հասարակության վստահության բաղադրիչը, հանրային կարծիքի հետ հաշվի նստելու հանգամանքը»,- նշեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահը:

Հանդիպման ընթացքում կարևորվեց նաև դատավորների պատշաճ վարքն ու օրենքի առաջ մեծ պատասխանատվությունը, որոնք դատական իշխանության համալիր բարեփոխումների մաս են կազմում:

Անդրադառնալով վերջին շրջանում կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ մամուլի հրապարակումներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը շեշտեց, որ Խորհուրդը հետևողական է ցանկացած արատավոր երևույթ կանխելու հարցում: «Նշվում են փաստեր, որոնք կարող են ընդհուպ քրեական գործ հարուցելու հիմք հանդիսանալ: Այդպիսի փաստերը չի կարելի անտարբերության մատնել, և Բարձրագույն դատական խորհուրդը դրանց վրա կհրավիրի իրավապահ մարմինների ուշադրությունը: Եթե դա սուտ է, այն տարածողը պետք է պատասխան տա, եթե այն իրականության հետ աղերսներ ունի, պետք է պատասխան տա դատավորը»,- ավելացրեց Գ. Հարությունյանը՝ եզրափակելով, որ չկա իշխանության մի մարմին, մի սուբյեկտ, որն այդքան ինքնուրույնություն ունենա, որքան դատավորը, ով առանձին է հանդես գալիս պետության անունից: Սա պետք է լինի իրավական մշակույթի ձևավորման հիմքը, և հենց դրա վրա պետք է կառուցված լինի այն իրավական մշակույթը, որով արդարադատություն է իրականացվում:

Նշենք, որ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, 166-րդ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի ԲԴԽ-13-Ո-20 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝ ՀՀ նախագահի 2018 թվականի հունիսի 8-ի ՆՀ-336-Ա հրամանագրով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գևորգյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ նախագահի ՆՀ-337-Ա հրամանագրով և ԲԴԽ-13-Ո-21 որոշմամբ ներկայացված առաջարկության հիման վրա՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:  

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

12.06.2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ դատական օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանում դատավորի թափուր տեղ առաջանալու կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակում է հայտարարություն այդ տեղի համար առաջադրումներ սկսվելու մասին:

Սույն հայտարարությունը հրապարակելու պահին ՀՀ վճռաբեկ դատարանում առկա է դատավորի 1 (մեկ) թափուր տեղ` քաղաքացիական և վարչական մասնագիտացման գծով:

Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝
1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
3) իրավագիտության դոկտորի գիտական աստիճան ունեցող և առնվազն 10 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը:

Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, մինչև սույն թվականի հունիսի 26-ը ներառյալ վերը նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:

 

Բարձրագույն դատական խորհուրդ

 

Ծանոթություն.
դիմումները ներկայացնել ՀՀ դատական դեպարտամենտ
/ք.Երևան, Վ.Սարգսյան 5, 5-րդ հարկ, 53 սենյակ, հեռ. 511-778, 511-760/

image

12.06.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հունիսի 11-ին Բարձրագույն դատական խորհուրդն իր արտագնա նիստն անցկացրեց Գյումրիում: Օրակարգում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ ընդհանուր հանդիպում-խորհրդակցությունից զատ` ընդգրկված էր դատարանի նախագահի ընտրությունը:

Նիստի մեկնարկին Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը նկատեց, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ Գյումրիում հանդիպելու ցանկությունը պայմանավորված է նախևառաջ գյումրեցիներին իրենց հարգանքի տուրքը մատուցելով:

Խորհրդակցության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նշեց, որ հանդիպումներ են ունեցել հանրապետության տարբեր ատյանների դատարանների նախագահների, դատավորների հետ և առաջիկա ամիսներին ևս շարունակելու են իրենց հանդիպումները՝ նպատակ ունենալով բոլորին տեղեկացնել Խորհրդի կողմից գործունեության եռամսյա ժամանակահատվածում ձեռնարկված գործնական քայլերի մասին:

Գագիկ Հարությունյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Խորհրդի կողմից ընդունված որոշումների վրա՝ առանձնակի կարևորելով 2018 թվականի ապրիլի 12-ին ընդունված որոշումը՝ անթույլատրելի համարելով կոնկրետ գործի շրջանակում ստացված ցանկացած միջամտություն, որը կդիտվի դատական անկախությունը ոտնահարող խոչընդոտ:

«Մենք ցանկանում ենք ձեզ փոխանցել այս պատգամը, որ թե՛ Գյումրիում, թե՛ Հայաստանի բոլոր անկյուններում այսուհետ որևէ մեկը եթե փորձի դատավորին ինչ-որ ձևով առաջարկ կամ ցուցում տալ, այն կդիտվի որպես ոչ միայն իր անկախությունը խաթարող, այլև , ընդհանրապես, արդարադատության դեմ ուղղված քայլ: «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը շատ հստակ սահմանել է, որ եթե նման բան տեղի ունենա, դատավորը պարտավոր է հայտնել Բարձրագույն դատական խորհրդին: Մենք շատ ուրախ ենք, որ գործադիր իշխանության քաղաքական դիրքորոշումն ու մեր մոտեցումներն այս հարցում համընկնում են: Պետք է ասեմ, որ երկու օր առաջ հանգամանորեն զրուցել եմ հանրապետության վարչապետի հետ, քննարկել ենք այս ոլորտի հետ կապված շատ հարցեր, նաև, թե ինչպես կարող ենք առաջիկայում հաղթահարել խնդիրները: Այս սկզբունքային մոտեցումը քաղաքական իշխանությունների մոտ շատ հստակ համոզմունք է, և մենք, մեր իրավասության շրջանակներում, պետք է կոչված լինենք՝ այն կյանքի կոչելուն: Ավելին, ունենալու ենք թափանցիկ արդարադատական համակարգ, որտեղ Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական դեպարտամենտը, ընդհուպ դատարանի նախագահը, իրավունք չպետք է ունենան ցուցում տալու, միջամտելու դատավորի գործունեությանը կոնկրետ գործի շրջանակում»,- նշեց Գ. Հարությունյանը, ապա հավելելով, որ Խորհրդի նպատակն է համատեղ ջանքերով բարձրացնել դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահությունը: Այս ուղղությամբ կիրառելի գործնական քայլերից է էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը թույլ կտա, որպեսզի դատավորները կարողանան անկաշկանդ աշխատել, իսկ անընդհատ մշտադիտարկման միջոցով ուշադրության կենտրոնում պահել առաջացած խնդիրներն ու թերացումները:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը խիստ կարևորեց բոլոր այն խոչընդոտների հաղթահարումը, որոնք այսօր ազդում են արդարադատության արդյունավետության, դատարանների և դատավորների անկախության վրա: Գագիկ Հարությունյանը մասնավորապես շեշտադրեց դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը բոլոր ուղղություններով՝ այն բնորոշելով ոչ նորմալ, քանի որ վերջին հինգ տարում գրեթե երեք անգամ գործերի ծավալը մեծացել է:

Հատուկ ուշադրություն հրավիրվեց դատավորների վարքին, անձնական օրինակին ու պատասխանատվությանը: Հույս հայտնվեց, որ Գյումրին կարող է օրինակելի դառնալ այս ոլորտում ներկա համակարգային փոփոխություններն իրականացնելիս:

Արտագնա նիստի ավարտին Խորհուրդն անցկացրեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրություն՝ դատարանի դատավորների կազմից, ինչպես պահանջում է օրենքը:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրությունն անցավ երկու փուլով: Խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ առաջին փուլի արդյունքներով արձանագրեց ձայների հետևյալ բաշխվածությունը.

  1. 1. Գրիգորյան Վարդան - 0
    2. Գևորգյան Մեխակ - 0
    3. Թադևոսյան Արտակ - 0
    4. Խաչատրյան Լիլիթ - 3
    5. Հովհաննիսյան Գագիկ - 5
    6. Հովհաննիսյան Լենդրուշ - 0
    7. Մանուկյան Աշոտ - 1
    8. Միքայելյան Հայկանուշ - 0
    9. Միսակյան Վահե - 0
    10. Մկրտչյան Բագրատ - 1
    11. Մնացյան Սուրեն - 0
    12. Ղազարյան Հովհաննես - 0

 

Առաջին փուլի արդյունքներով թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չստացավ: Թեկնածուներից առավելագույն ձայներ ստացած Գագիկ Հովհաննիսյանի և Լիլիթ Խաչատրյանի թեկնածությունները քվեարկության դրվեցին երկրորդ փուլում:

Խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ երկրորդ փուլում արձանագրեց հետևյալ արդյունքը.

  1. 1. Խաչատրյան Լիլիթ -2
    2. Հովհաննիսյան Գագիկ - 8

Երկրորդ փուլի արդյունքներով՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Գագիկ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորություններն ստանձնելու օրվանից եռամսյա ժամկետում, իր հաստատած ժամանակացույցի համաձայն, Դատական դեպարտամենտից ստանում է համապատասխան դատարանների դատավորների ցուցակները և իրականացնում է առաջադրման գործընթացը: Ուստի, բոլոր դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների առաջադրումը, ընտրությունը կամ նշանակումը պետք է ավարտվի մինչև 2018թ. օգոստոսի 5-ը:  

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

12.06.2018

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺՈՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից արձակուրդի կամ գործուղման մեջ լինելու դեպքում իրեն փոխարինող չնշանակելու, ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների կասեցման, դադարման կամ դադարեցման դեպքերում նրան փոխարինում է Վճռաբեկ դատարանի պալատի այն նախագահը, որը Վճռաբեկ դատարանում ունի դատավորի առավել երկար փորձառություն: Փորձառության հավասար ժամկետի դեպքում նախապատվությունը տրվում է պալատի տարիքով ավագ նախագահին:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 7-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի լիազորությունները համարվել են դադարած՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերոգրյալ իրավակարգավորումների ուժով Վճռաբեկ դատարանի նախագահին փոխարինում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը:

 

  ՀՀ Դատական դեպարտամենտ

image

08.06.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ԱԼՈԻՍ ԿՐԱՈՒՏԻ ՀԵՏ

Հունիսի 7-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին:

Ողջունելով դեսպանին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի կողմից արված գործնական քայլերն անկախ դատական իշխանության կայացման ճանապարհին՝ նշելով, որ Խորհուրդը դեռևս առաջին քայլերն է անում, թեև կան շատ խնդիրներ, որոնց լուծման համար ուղիներ են փնտրվում:

Դեսպան Ալիոս Կրաուտն իր գոհունակությունը հայտնեց Գ. Հարությունյանին՝ ջերմ ընդունելության համար: Դեսպանը միաժամանակ նկատեց, որ Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն այնքան մեծ է, որ աշնանը նախատեսվում է Ավստրիայի իրավաբաններից և դատավորներից կազմված հիսուն հոգանոց պատվիրակության ճանաչողական այցը Հայաստան, որի շրջանակում ցանկանում են հանդիպել նաև դատական իշխանության ներկայացուցիչների հետ:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ողջունեց դեսպանի առաջարկը և պատրաստակամություն հայտնեց հանդիպել խմբի անդամներին՝ միաժամանակ նկատելով, որ այդպիսով հիմք կդրվի մասնագիտական և բարեկամական երկկողմ կապերին:

Գ. Հարությունյանը դեսպան Կրաուտին ներկայացրեց Խորհրդի կողմից ձեռնարկված քայլերը նաև միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն Ավստրիայի դեսպան Ալոիս Կրաուտին նվիրեց իր նախաձեռնությամբ, ավստրիացի պրոֆեսոր Գերհարդ Հոլցինգերի և 19 երկրների 23 այլ սահմանադրագետների համահեղինակությամբ անգլերենով Հայաստանում հրատարակված «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. իրականության պարադիգմերը և մարտահրավերները» ժողովածուն:  

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն